Լրահոս
Օրվա լրահոսը

Իմպիչմենտային մեկնարկ

Սեպտեմբեր 16,1998 00:00

Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված հայտարարությունների ժամն, ըստ էության, երբեք այնքան հետաքրքիր չի եղել քաղաքական հեռանկարների արծարծման առումով, որքան սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած նիստում։ Բավական է նշել, որ այս անգամ հայտարարողների շարքերը բավականին ստվար էին։ Հերթագրվել էր 16 մարդ, որոնցից միայն մեկը՝ Պարույր Հայրիկյանը, այնուհետեւ հրաժարվեց խոսք ասել։

Հետաքրքիր երկու իրողություն եւս. հատկապես ակտիվ էին «Հայրենիք» պատգամավորական խմբի անդամները, եւ երկրորդ՝ հանպատրաստից այնպես էր ստացվել, որ հայտարարությունների համար նախընտրելի էր դիտվել փաստաթղթեր կարդալու ռեժիմը։ Հենց այդպիսի մի հայտարարության ընթերցմամբ էլ սկսվեց ամեն ինչ։

Պատգամավոր Դավիթ Շահնազարյանը ներկայացրեց իրենց դիմումը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ուր ասված էր, թե Ռոբերտ Քոչարյանն անտեսելով Սահմանադրության 70-րդ հոդվածի պահանջները եւ ոտնահարելով 68 պատգամավորի ստորագրություն, չհրավիրեց ԱԺ արտահերթ նիստ։ Նա խախտել է պատգամավորների սահմանադրական իրավունքը, անգործության ձեւով դրսեւորել Սահմանադրությանը չհամապատասխանող վարքագիծ, ինչն իրավախախտում է։ Դավիթ Շահնազարյանը ՍԴ-ից պահանջում էր տալ սահմանադրական գնահատական եւ որոշել նման վարքագծի համապատասխանությունը Սահմանադրությանը։Նա տեղեկացրեց նաեւ, թե արդեն հավաքված է համապատասխան թվով ստորագրություն, ինչը թույլ է տալիս դիմումը ներկայացնել ՍԴ։

Օտարերկրյա վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Պետրոս Մաքեյանը ծանուցեց, որ կառավարությունից հրաժարվել են տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, ինչից ելնելով էլ հանձնաժողովը հայտարարում է. «Եթե կառավարությունը ամենասեղմ ժամանակամիջոցում չտրամադրի պահանջվող եւ անհրաժեշտ տեղեկությունները վարչապետի ստորագրությամբ, ապա կառավարության գործելակերպը կդիտվի որպես մեղսակցություն վարկերի յուրացմանը»։

«Հայրենիք» խմբի նախագահ Էդվարդ Եգորյանն էլ ավելի բորբոքեց կրակը։ Նրա խոսքերով, պետք է կասեցնել այն ընթացքների ճանապարհը, որոնք վտանգավոր սաղմ ու ծուծք են պարունակում։ Նախագահի կողմից Սահմանադրության ոտնահարմամբ ԱԺ նիստ չհրավիրելը հիմք է նախագահի պաշտոնանկության։ Պարոն Եգորյանը մտադիր է նստաշրջանի ընթացքում ստանալ 96 պատգամավորի աջակցություն՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության հարցը արծածման նյութ դարձնելու համար։ «Հանրապետություն» խմբակցության անունից Սահմանադրությունը խախտելով նիստ չհրավիրելու նախադեպը դատապարտեց նաեւ Բաբկեն Արարքցյանը։

Հարցադրումների 2-րդ մասում որոշակիորեն արծարծվեց թուրք- ադրբեջանական թեման։ Պատգամավոր Արամազդ Զաքարյանը հեգնական ու դատապարտող բառեր ասաց այն կոսմոպոլիտ վաճառականների հասցեին, որոնք թուրք երգիչների ու դերասանների նկարներով տետրեր են բերում Հայաստան։ Մի՞գուցե վաղն էլ սուլթան Համիդի, Քեմալ Աթաթուրքի եւ Թալեաթի պատկերներով տետրակներ հայտնվեն աշակերտական սեղաններին։

Երջանիկ Աբգարյանի խոսքը եւս բավականին հետաքրքիր էր։ Նա ասաց, որ տեղեկություն ունի, թե Բաքվում մերժվել են վարչապետ Արմեն Դարբինյանի բոլոր չորս առաջարկությունները։ Մարդը չի հասկացել, թե ուր է գնում եւ ինչու։ Նման մոտեցումը քաղաքական անգրագիտության բացահայտ դրսեւորում է, եւ պետք չէր Բաքվում խոսել խնդրին չառնչվող հարցերի շուրջ։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930