Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, մի քանի օր առաջ խուզարկություն է անցկացվել թաղային հայտնի հեղինակություն «Լեդի Հակոբի» տանը։ Տեղյակ աղբյուրները պնդում են, թե դա առնչվել է վերջինիս աներձագին։ Այնուամենայնիվ, երբ համապատասխան իրավապահ կառույցների ներկայացուցիչները մտել են խուզարկության, տանտերը նրանց հարցրել է. «Իսկ դուք գիտե՞ք, թե ում տանն եք խուզարկություն անցկացնում»։ Ի պատասխան ասել են, թե. «Մենք մեր գործը լավ գիտենք, դու հանգիստ նստիր տեղդ»։
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ
Մի քանի օր առաջ ավարտվել են ստուգումները Երեւանի Կենտրոն համայնքում, որոնց արդյունքները դեռեւս հայտնի չեն։ Դրանից անմիջապես հետո ստուգումներ են սկսվել ՀՀՇ վարչության մեկ այլ անդամի տիրապետած տարածքում։ Այժմ նախագահի աշխատակազմից ստուգումներ են անցկացվում Աբովյանի քաղաքապետարանում, ուր ղեկավարն է Գրիգոր Ոսկերչյանը։
Ո՞Վ Է ՆՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ
Կարդացեք նաև
Ըստ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների, հավանաբար հանրապետության նոր Գլխավոր դատախազ կնշանակվի Աղվան Հովսեփյանը, որը, նույն աղբյուրի համաձայն, մի քանի տարի դատական քննիչ է աշխատել Լեռնային Ղարաբաղում։
ԽԱՎԻԱՐԻ ԿՈՂՔԻՆ ԱՆԱՆԱՍ
ՀՀ տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանը եւ էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասացին, որ իրենք արհեստավարժներ չեն, հետեւաբար՝ մանուկ հասակում սեւ խավիար չեն կերել։ Մինչդեռ, միանգամայն այլ մոտեցումներ ուներ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Նա իրեն արհեստավարժ է համարում, թեպետ չի հիշում որքան խավիար է կերել մանուկ հասակում. «Սիրում էի անանասի չիր եւ թթու դրած անանաս ուտել»,- եզրափակեց արդարադատության նախարարը։