Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Կասյա Աբգարյանին է պատկանում Կարեն Դեմիրճյանին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապելու նախընտրական հնարքի «հեղինակային իրավունքը»։ Այլ տվյալներով նախագահի մեկ այլ խորհրդական մտահղացել եւ դաշնակցական մամուլին էր փոխանցել մինչեւ ուղնուծուծը հակակոմունիստ Դավիթ Շահնազարյանի՝ կոմունիստների հետ դաշինքի մեջ մտնելու լուրը, որը երկու կողմերն էլ հերքեցին։ Վերջերս էլ «Առավոտին» փորձեցին վարկաբեկել, թե իբր Վանո Սիրադեղյանից է հրահանգավորվում։ Եվ այս հերյուրանքի հետքերը դարձյալ նախագահի նստավայր էին տանում։
«Դեռ որքա՞ն է շարունակվելու նման գործելակերպը»,- ճեպազրույցում մեր այս հարցին նախագահի խոսնակ Կասյա Աբգարյանի պատասխանը կարդացեք 2-րդ էջում։
ՄԱՐԴՈՒ ԱՆԵՐՈՋ ՄԱԿԱՆՈՒՆՆ Է՞Լ «ԲՈՒՌՆԱՇ» ԼԻՆԻ
Լուրեր են շրջում, թե պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ամուսնանալու է «Հրազդան» մարզադաշտի տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Աշոտ Աղաբաբյանի դստեր հետ։ Վազգեն Սարգսյանի մտերիմներից մի քանիսի հետ զրույցները ցույց տվեցին, որ ոչ ոք ոչինչ չգիտեր այդ երկար սպասվող իրադարձության մասին։ Նրանցից մեկը ենթադրություն հայտնեց, թե ինքը՝ Աշոտ Աղաբաբյանն է նպաստում, որ նման լուրեր տարածվեն։ «Ընդհանրապես, Բուռնաշի ոտը տրորում են թե չէ՝ Վազգենի մոտ է վազում»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Նման լուրեր կարդացեք վաղը՝ «Առավոտի» «Դեղին էջեր» հավելվածում։
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակիցներից մեկը «Առավոտին» տեղեկացրեց, որ այդ հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ, շնորհակալություն հայտնելով աշխատակազմին համագործակցության համար, ասաց, որ հեռանում է իր պաշտոնից։