«1998-99 ուստարում ՀՀ ԿԳ նախարարությունը գործածության է երաշխավորել 120 անուն դասագիրք, որից 24-ը կտրվի վարձակալական համակարգով, մնացածը կվաճառվի»,- տեղեկացրեց ծրագրամեթոդական վարչության պետ Վիկտոր Մարտիրոսյանը։
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Դեռ նախորդ ուստարում «վարձակալվել» է 10 անուն դասագիրք, որին այս տարի կավելանա 14-ը (հիմնականում՝ օտար լեզվի դասագրքեր)։ Դասագրքերի վարձավճարների 98%-ը արդեն հավաքվել է, բացի «Մայրենի-1»-ից («մի քիչ ծուլացան»)։ Ի դեպ, մեկ դասագրքի վարձը 200-300 դրամ է։ Վարձակալական համակարգը դասագրքերի շրջանառու ֆոնդի հիմքն է, որը հետագայում դպրոցին հնարավորություն կտա ձեռք բերել նոր դասագրքեր։
ՎԱՃԱՌՔ
Կարդացեք նաև
Քանի որ ԿԳ նախարարությունը չի ֆինանսավորում դասագրքերի տպագրությունը, ուստի զրկված է դրանց գինը սահմանելու իրավունքից։ «Մենք աշխատում ենք «թղթի վրա». հաշվում ենք ինչ արժե թուղթը, հրատարակչական, տպագրական աշխատանքը»։ Միայն։
ՄԱՐԶԵՐՈՒՄ
Դասագրքերի գինը ավելի բարձր է քան Երեւանում (ավելանում են տեղափոխության, ծառայության եւ ուրիշ ծախսեր)։ Գրքերի մի մասը մարզեր են առաքվել ապառիկ։ ԿԳ նախարարությունը փորձում է դրանց գինը պահպանել «ընդունելի» սահմաններում։
«ԱՅԲԲԵՆԱՐԱՆ»՝ «ՉԻՔ»
Այս տարի (ի տարբերություն նախորդ տարվա) այբբենարաններ չեն նվիրվի (ՀՀ-ի, ԱԺ-ի նախագահների նվերը չհաշված – Կ. Ա.)։ Դպրոցներում թյուրիմացաբար հին այբբենարանները չեն հավաքվել (պարզվել է, որ դրանք 3 ուստարվա համար էին տպագրվել)։ Միայն Արարատի մարզում այբբենարանի խնդիր չկա (այստեղ նվերները հետ են վերցրել)։ Նախարարությունը հազիվ 2000 «Այբբենարան» է հայթայթել (հանրապետությունում 65 հազար առաջին դասարանցի կա), որոնք էլ կուղարկվեն սահմանամերձ գյուղեր։
ՆՈՐ ԴԱՍԱԳՐՔԵՐ
«Մագմելան» հրատարակչությունը տպագրել է նոր «Այբբենարան» (5000 օրինակ), որը կփորձարկվի մայրաքաղաքի մի քանի դպրոցներում (թիվ 89, 114). որոշ տպաքանակ էլ կուղարկվի սահմանամերձ գյուղեր։ Կփորձարկվեն նաեւ Համլետ Միքայելյանի «Հանրահաշիվ» (6-րդ դասարան, «այն շատ ծանր քննության է ենթարկվել») ու «Պետության եւ իրավունքի հիմունքներ» դասագրքերը (9-10, վերջինս տպագրվել է Եվրասիա հիմնադրամի միջոցներով)։
ՀԻՇԵԼ ԵՆ
Կառավարությունը վճարել է վարձակալական համակարգի դասագրքերի արժեքի 10%-ի չափով։ Զոհված ազատամարտիկների, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին դրանք կբաշխվեն անվճար («համաձայն ծնողների դիմումների»)։
ԱՎԵԼԱՑՈՒՄ
Գրախանութում (Աբովյան 25) ամենաէժանը 6-րդ եւ 7-րդ դասարանների անգլերենի դասագրքերն էին՝ 700 դրամ, ամենաթանկը՝ «Մայրենի-3»-ը՝ 2000 դրամ։ «Այբբենարանն» արժեր 1300 դրամ (տեղյակ լեզուներն ասում են, որ դրա իրական արժեքը 650 դրամ է – Կ. Ա.):
ԿԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ