Օգոստոսի 30-ին Արտաշատի քաղաքապետի ընտրությունները, ինչպես եւ կարելի էր կռահել, անվավեր ճանաչվեցին։ Նոր ընտրությունների օր նշանակվեց սեպտեմբերի 13-ը, թեեւ բոլորն էլ հասկանում էին, որ Սուրբ Խաչի օրը մեծ ակտիվություն ակնկալելը միամտություն է։ Մինչ այդ թեկնածուներից 3-ը, որոնց թվում եւ քաղաքապետի պաշտոնակատար Սուրիկ Մկրտչյանը, հանեցին իրենց թեկնածությունը։ Մրցասպարեզում մնացին երեքը՝ Վարդգես Հովակիմյանը, Հարություն Մնացականյանը եւ Արտաշես Մարտիկյանը։ Ինքնաբացարկ հայտարարած Ռոբերտ Գրիգորյանը հայտարարեց, որ աջակցելու է «Երկրապահի» թեկնածու Հ. Մնացականյանին։ Իսկ թե ինչպես ձգվեց սեպտեմբերի 13-ը, ժամանակագրությունը՝ ստորեւ։
ժամը 8.00 – Բոլոր տեղամասերում ընտրությունները մեկնարկեցին ժամանակին։ Վ. Հովակիմյանի աջակիցների ու «Երկրապահի» միջեւ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց որեւէ կարգի միջադեպեր թույլ չտալու մասին։
Ժամը 11.10 – Առաջին ահազանգը 3-րդ տեղամասից։ Վստահված անձինք բողոքել էին անծանոթ ոստիկանների ներկայությունից։ Մարզային հանձնաժողովի փոխնախագահ Սամվել Ծատուրյանը պարզաբանեց, որ այս անգամ արտաշատցի ոստիկաններին փոխարինել են Մասիսից, Վեդիից եւ Արարատից եկածները, քանի որ առաջին անգամ նրանց ներկայության շուրջ տարակարծություններ են եղել։
Ժամը 12.15 – Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Ս. Սարգսյանը զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ «ընտրությունների անցկացման համար ոչ մի կոպեկ չի հատկացվել»։ Ստիպված են եղել թեկնածուներից պարտքով փող վերցնել հետո վերադարձնելու պայմանով։ Տպագրվել է 18 հազար քվեաթերթիկ, թեեւ օրենքը պահանջում է այս դեպքում ունենալ 18 հազար + 50%։
Կարդացեք նաև
Ժամը 12.55 – Արտաշատում հայտնվեց ամերիկացի միջազգային դիտորդ։ Մեր տարակուսանքին ի պատասխան, բացատրեցին, թե զանգահարել է ԿԸՀ-ի նախագահ Բեզիրջյանը, խնդրել հյուրին ընդունել եւ ուղեկցել տեղամասեր «հենց էնպես», զուտ հետաքրքրասիրության համար։ Օտարազգին ներկայացնում էր Միջազգային ընտրական համակարգը։
Ժամը 13.25 – Համայնքային հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանի հաղորդած տվյալների համաձայն, այդ պահին 3130 ընտրող է մասնակցել, որը շուրջ 1000-ով գերազանցում է նախորդ անգամվա նույն ժամանակի ցուցանիշին։
Ժամը 13.40 – Կրկին տեղեկացրին, որ ոստիկանները, այս անգամ 6-րդ տեղամասում, միջամտում են ընտրություններին։ Երբ տեղամասի մուտքի մոտ հայտնվեցին «Լրաբերի» ու «Մայր Հայրենիքի» օպերատորները, ոստիկանները վազքով փակվեցին իրենց հատկացված սենյակում։ Տեղամասային հանձնաժողովի նախագահ Հենրիկ Հովհաննիսյանը խնդրեց ըմբռնում հանդես բերել. «Մարդիկ հո չե՞ն կարող 14 ժամ փակված մնալ սենյակում»։
Ժամը 14.07 -Վարդգես Հովակիմյանի վստահված անձ Լեւոն Ավետյանը լրագրողների առաջ հանդես եկավ հայտարարությամբ. «Մինչ ընտրությունները շատ տեղերից մեզ վրա ճնշումներ են գործադրվել։ Իսկ ամսի 10-ից սկսած, Հովակիմյանը եթեր խնդրեց, բայց մարզային եւ համայնքային հանձնաժողովների նախագահները պատճառաբանելով, թե Արտաշատի հեռուստատեսությունը կոմերցիոն կառույց է, ասացին, որ իրենք կարող են վճռել։ Հեռուստաընկերությունում մեզ հայտնեցին, որ, բացի թեկնածուից, ուրիշ ոչ ոք ելույթի իրավունք չունի։ Այդ պահից պարզվեց, որ մարզպետ Հովիկ Աբրահամյանն է արգելում թեկնածուի վստահված անձի ելույթը։ Այնուհետեւ Վ. Հովակիմյանը ելույթ ունեցավ եւ դեպքի մասին ասաց։ Սակայն տեսագրությունից հանեցին մարզպետի անունը։ Հրաժարվեցին ցուցադրել մեր պատրաստած տեսակլիպն այնքան ժամանակ, քանի դեռ պատրաստ չէր «Երկրապահի» հոլովակը։
Ժամը 14.10 – «Ոստիկանական» թեման վստահաբար շահում է առաջնությունը։ 2-րդ եւ 7-րդ տեղամասերից նույնանման տեղեկություններ ենք ստանում ինչպես ոստիկանների, այնպես էլ երկրապահների կուտակումների, միջամտությունների եւ այլնի մասին։ Տեղամասային հանձնաժողովի նախագահը պատասխանել է, թե ինքը պատասխանատու է միայն ներսի համար, իսկ փողոցում եւ մուտքի մոտ իր իրավասությունները սահմանափակվում են։ Տեղամասերից մեկում էլ հայտնվել են այդտեղ չկցված ոստիկաններ, որոնք զգուշացումից հետո հեռացել են։
Ժամը 16.20 – Պտտվեցինք համարյա բոլոր տեղամասերում։ 5-րդում վստահված անձանց նստարանին մարդիկ էին «Երկրապահ» եւ «Հանրապետական» թերթերի տարբերանշաններով։ Նրանցից մեկը՝ Գագիկ Աղեկյանը, ներկայացավ իբրեւ թղթակից՝ զարմացնելով բոլոր նրանց, ովքեր այդ թերթը կարդում են, սակայն նման հեղինակի չեն հանդիպել։ Նրան օգնության եկավ մեկ ուրիշը՝ Ֆելիքս Եղիազարյանը, բացատրելով, թե Աղեկյանը արտահաստիքային թղթակից է եւ այդպիսին է դարձել ընտրությունների «խաթեր»։ Իմացանք նաեւ, որ իրենք միակը չեն, այլ տեղամասերում էլի արտահաստիքայիններ կան «Երկրապահից» ու «Հանրապետականից»։ Ինչ-որ մեկը հիշեց, որ օրենքի համաձայն հավատարմագրվելու իրավունք ունի միայն երկու լրագրող՝ յուրաքանչյուր լրատվամիջոցից։ Համայնքային հանձնաժողովի նախագահը խոստովանեց, որ ինքն այդ մասին չգիտեր։
Ժամը 16.55 – Տեղամասերից մեկում հանդիպեցինք ՀՀ նախագահին կից քաղաքական խորհրդի փորձագետներին՝ Բոյաջյան Գուրգենին եւ Մկրտումյան Սեյրանին։ Մեր այն հարցին, թե երկա՞ր են մնալու, ասացին. «Մեզ համար գոյություն ունի ընտրությունների տպավորություն։ Եթե տպավորություն ստեղծվեց, որ կասկածի առիթ կա՝ կմնանք»։
Ժամը 17.50 – 6-րդ ընտրական տեղամասին մոտենալիս՝ ոստիկանները մեզ տեսնելով արագ հեռացան։ Ներսում վստահված անձինք շրջում են ձեռքի լապտերներով (տառապանքը փորձ ունի)։ Եվ հանկարծ իրարանցում է սկսվում։ Քաղաքացիներից մեկի ձեռքին բռնում են 4 չկնքված քվեաթերթիկ, որ փորձում էր նետել արկղը։ Թերթիկների վրա արված նշումները հօգուտ Հարություն Մնացականյանի էին։ Հանձնաժողովի նախագահը դրանք վերցնում է, իսկ քաղաքացին, կարծես ոչինչ չէր եղել, հանգիստ լքում է շենքը։
Ժամը 18.30 – 7-րդ ընտրատարածքում բոլորը միաբերան հաստատում են, որ մինչեւ այդ պահը որեւէ խախտում չի արձանագրվել։ Հանձնաժողովի նախագահ Գասպարյանը, փորձելով փարատել մեր կասկածները՝ քվեատուփի կնքման որակի շուրջ, հայտարարում է, թե լրագրողներս խանգարում ենք եւ կասկածամիտ ենք։ Ես հայտարարում եմ, որ, իսկապես, մի կասկած ունեմ եւ վստահ չեմ, թե նախագահը սթափ վիճակում է (խմիչքի հոտը կարելի էր զգալ մի քանի քայլից)։
Իմ խոսքերից վիրավորված, Գասպարյանը մեղավորիս հրավիրում է բազում դատարկ շշերով լցված մի սենյակ, ասում, որ միայն գարեջուր է խմել («հո արտեզյան ջուր չէի՞ խմելու») եւ սպառնում արձանագրություն կազմել այն մասին, որ լրագրողներն իրեն վիրավորել ու խանգարել են։ Իհարկե, քիչ անց արագ էլ հրաժարվում է այդ մտադրությունից, սակայն չպատճառաբանված ակտիվություն է սկսում հանդես բերել «Հանրապետական» թերթի տեղում կցված թղթակիցը՝ հայտարարելով, թե մեզ «նազնաչենիով» են ուղարկել տեղամաս։
Ժամը 20.00 – Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանի տվյալներով, այդ պահին ընտրություններին մասնակցել է 6205 քաղաքացի։ Նախագահը նաեւ ասում է, թե մենք վիրավորել ենք տեղամասայինի նախագահ Գասպարյանին, ու վերջինս նույնիսկ հրաժարականի դիմում է ներկայացրել իրեն։ Մենք մնում ենք մեր կարծիքին։
Ժամը 21.30 – Իբրեւ վերջին հանգրվան, մի քանի լրագրողներով ընտրում ենք 5-րդ տեղամասը՝ մնալու մինչեւ արդյունքների ամփոփումը։ Միջադեպերն առանձնապես լուրջ չեն։ Մեկը զինգրքույկով համառորեն փորձում է քվեարկել։ Չեն թույլատրում։ Ավելի ուշ պարզվում է, որ բոլորովին այլ տեղամասից է, բայց առավոտից փորձում է մոտենալ քվեատուփին։ Ընտրությունների ավարտից 10 րոպե առաջ մեկ ուրիշն էլ է գալիս, հետո ճշտում են, որ Այգեպարի գրանցում ունի։ Երբ ժամացույցի սլաքները հասան 22.00-ին, վիճաբանությունը դեռ շարունակվում էր։ Ելքի պոկված դուռը մեխեցին, փորձվածները պատրաստ պահեցին մոմերը՝ հոսանքի հնարավոր անջատումներից խուսափելու համար։ Ներսում մնացին միայն հանձնաժողովի անդամները, վստահված անձինք, դիտորդներն ու մի սեւ, անգլուխ մանեկեն։ Մնացյալն ընթացավ ըստ կարգի։
Ժամը 00.45 – Քսան-քսանհինգ հասուն մարդկանցից երկուսուկես ժամ պահանջվեց 1187 քվեաթերթիկ հաշվելու համար։ Հատկապես ակտիվ էր «Երկրապահ» թերթի արտահաստիքային թղթակիցը, որն աջուձախ դիտողություններ էր շռայլում, սակայն որեւէ մեկը չէր փորձում նրան հիշեցնել իր իրավունքների սահմանը։ Վերջինիս սրամտությունների գագաթնակետն այն էր, թե՝ «Լավ կլիներ, քվեաթերթիկի փոխարեն այսքան դոլար լիներ»։ Ձայների հաշվառման ողջ ընթացքում խոր հարգանք կար դեպի օրենքն ու կարգը։ Ի վերջո, հայտնի դարձան նախնական արդյունքները։
Ժամը 2.15 – Սկզբնական արդյունքներով, ձայների նշանակալի առավելությամբ ընտրություններում հաղթել է Վարդգես Հովակիմյանը։ Դեռ վերջնական թվերը ճշտված չեն, չի բացառվում ինչ-որ մեկի կողմից բողոքարկելու հավանականությունը, սակայն մի բան Արտաշատում առավել քան ակնհայտ է. «Բինգոյի» տերը հաղթում է «Երկրապահին»… Երեւի թե հասարակությունը վերանայում է արժեքները։
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ