Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԸ

Սեպտեմբեր 15,1998 00:00
Smbat Ayvazyan

Սեպտեմբերի 14-ին, մինչ Ազգային ժողովի նստաշրջանի հանդիսավոր բացումը, խորհրդակցություններ անցկացրին «Երկրապահ» եւ «Հանրապետություն» պատգամավորական խմբերը։ «Երկրապահի» խորհրդակցությանը ներկա է եղել պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Նա, ի մասնավորի, անդրադարձել է այսօր հրատապ հնչերանգներ բովանդակող մի շարք հարցերի։ Իրոք, Վազգեն Սարգսյանը երկրապահներին ասել է, թե Եվգենի Պրիմակովի՝ Ռուսաստանի վարչապետ դառնալով, որեւէ խնդիր չի առաջացել, ամեն ինչ նորմալ է։

Պաշտպանության նախարարը անդրադարձել է նաեւ կառավարության նոր կազմ ձեւավորելու մասին պտտվող խոսակցություններին։ «Սուտ է,- ասել է Վազգեն Սարգսյանը,- որ Սերժ Սարգսյանը կարող է վարչապետ դառնալ։ Մեկ-մեկ նաեւ իմ մասին են խոսում։ Դա եւս սուտ է։ Այնքան սուտ, որ նույնիսկ չարժե մոտ գալ այդ հարցին»։

Հաջորդ հարցը, որն արծարծվել է «Երկրապահ» պատգամավորական խմբի խորհրդակցության ժամանակ, եւս էական դեր կարող է ունենալ քաղաքական հեռանկարների առումով։ Վազգեն Սարգսյանը մոտավորապես ասել է, որ ողջունում է խորհրդարանի աշխատանքների վերսկսումը։

Ստացվել էր այնպես, որ բոլոր կողմերից քննադատում էին Ազգային ժողովը։ Սակայն ամառային արձակուրդը ցույց տվեց, որ քաղաքական ակտիվությունը հատկապես խորհրդարանում է դրսեւորվում, եւ այս առումով ձանձրանալու առիթներ առաջիկայում դժվար թե լինեն։ Այնուամենայնիվ, պետք է ասենք, որ այս տեղեկատվությունը կարող է երանգային, բայց ոչ բովանդակային անճշտություններ ունենալ, որովհետեւ տարբեր անձանցից ստացված լինելով, հնարավոր է եւ անձնական մատուցման դրոշմ է կրում։

Ինչեւիցե, որպեսզի հավաստիանանք մեր ունեցած տեղեկատվության մեջ, դիմեցինք «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանին, որի պաշտոնական բացատրությունները «Երկրապահ»-ի խորհրդակցության վերաբերյալ ներկայացնում ենք ընթերցողին։

– Պարոն Այվազյան, ի՞նչ հարցերի շուրջ խոսակցություն ծավալվեց «Երկրապահ»-ի հենց նոր ավարտված նիստում, որին մասնակցում էր Վազգեն Սարգսյանը։

– Սա, փաստորեն, «Երկրապահ» պատգամավորական խմբի առաջին նիստն էր 8-րդ նստաշրջանի շրջանակներում, որի մի մասին ներկա եղավ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Նա ելույթ ունեցավ, իր տեսակետները հայտնեց Ազգային ժողովում պատգամավորական խմբի աշխատանքի ուղղվածության մասին։ Նա խոսեց նաեւ պաշտպանության նախարարության կողմից Ազգային ժողով ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների մասին, իսկ դրանից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին։ Իսկ դրանք ընդհանուր քաղաքական հարցեր էին։

– Օրինակ ինչի՞ն էին վերաբերում։ Պրիմակովի մասին հարց տրվե՞ց։

– Այո, Վազգեն Սարգսյանը պատասխանելով հարցին, ասաց, որ իշխանությունը խնդիր չի տեսնում Եվգենի Պրիմակովի վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Պրիմակովը փորձառու քաղաքական գործիչ է։ Վազգեն Սարգսյանը տեսակետ հայտնեց, որ լավ է, երբ արմատներով ռուսներ են Ռուսաստանի ղեկավարները։ Նրանց հետ ավելի հեշտ է աշխատել, նրանք շատ ավելի լավ են պատկերացնում ռուսական շահը։

– Իսկ խոսվե՞ց, արդյոք, թե 8-րդ նստաշրջանում ինչպիսի հարաբերություններ պետք է լինեն «Երկրապահ» պատգամավորական խմբի եւ կառավարության միջեւ։

– Մեր կարծիքն այն է, որ պետք է զարգացնել այն ուղղությունները, որոնց նկատմամբ հստակ դիրքորոշում է արտահայտված եղել հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում։ Մենք ընդառաջ ենք գնալու կառավարության բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ապահովելու են այդ ծրագրի իրականացումը։ Պատգամավորական խումբը անպայմանորեն քննարկելու է կառավարության օրենսդրական նախաձեռնություններն ու նախագծերը։ Այն օրինագծերը, որոնք ընդունելի կհամարվեն, հավանության կարժանանան։ Հակառակ դեպքում՝ մենք մերժողական դիրքորոշում կունենաք։ Եթե նախագահի ծրագրից շեղումներ նկատենք ու արձանագրենք, որ այդ շեղումները հօգուտ պետության են կատարվում, բնականաբար «Երկրապահ»-ը դրանց ընդառաջ կգնա։ Իսկ եթե դրանք հօգուտ պետության չլինեն, միանշանակ բացասական դիրքորոշման կարժանանան։

– Պարոն Այվազյան, որքան տեղյակ եմ, խոսք է եղել նաեւ ընտրական օրենսգրքի մասին։

– Այդ հարցը եւս քննարկվել է խմբի նիստում։ Վազգեն Սարգսյանի կարծիքը հետեւյալն է՝ ընտրական հանձնաժողովների կազմավորման հարցում պետք է գտնել ընդհանուր լուծում՝ աշխատելով ԱԺ-ի մյուս խմբերի ու խմբակցությունների հետ։ Մենք պետք է հետամուտ լինենք ընդհանուր լուծմանը։ Մեր նախնական դիրքորոշումը հանձնաժողովների կազմավորման վերաբերյալ, վերջնական չէ, մենք պատրաստ ենք մեր նախագծում ներառել բոլոր այն ընդունելի առաջարկները, որոնք կհնչեն քննարկումների ընթացքում։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930