ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը «Առավոտի» խնդրանքով հավելյալ պարզաբանումներ ներկայացրեց ԼՂՀ նոր անձնագրերի վերաբերյալ. «Դրանք արտաքին տեսքով, կազմի գույնով, ներքին կառուցվածքով (երկլեզու, առանց հայրանվան)՝ շատ նման են ՀՀ քաղաքացիների անձնագրերին։ ՀՀ-ԼՂՀ միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստի ժամանակ Էմմա Գաբրիելյանն այդպես էլ ներկայացրել էր, բայց ճիշտ չէր ըմբռնվել, եւ լրագրողները ենթադրել էին, որ դրանք ուղղակի Հայաստանի անձնագրեր են։ Եթե այդպես լիներ՝ բացատրությունների կարիք չէր լինի, որ դրանք այսպիսի տեսք եւ գույն ունեն»։
ԹԵԹԵՎ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԱՊՈՒՄ
Սոցապ նախարար Գագիկ Եգանյանն աշխատանքային այցով Իտալիա մեկնեց թե չէ, նախարարության ներսում «թեթեւ մաքրության» եռուզեռ սկսվեց։ Անմիջապես հավաքվեցին եւ շտապ քիմմաքրման ուղարկվեցին նախարարի աշխատասենյակի վարագույրներն ու գորգերը, պատերը սպիտակեցրին, իսկ մանրահատակը հղկահարթեցրին (ՔսՌՒՏՉՍՈ)։ Ասում են, աշնանամուտի այս վերամաքրումը իրականացվել է ընկեր-ծանոթ-բարեկամ-ազգական մոգական շղթայի շնորհիվ։ Այսօր նախարարը կմտնի աշխատասենյակ եւ անակնկալը կտեսնի իր ամբողջ փայլով։
ԷՆՏՈՒԶԻԱԶՄԻ ՊԱԿԱՍ «ԵՐԿՐԱՊԱՀՈՒՄ»
Կարդացեք նաև
«Երկրապահ» շաբաթաթերթի խմբագիր Միքայել Հայրապետյանի հրամանով սեպտեմբերի 1-ից թերթում աշխատելու են միայն էնտուզիաստները՝ առանց աշխատավարձի եւ հոնորարի։ Առայժմ թերթից հեռացել են 2-3 աշխատող, սակայն թերթը կտպագրի եւս մեկ համար, եւ նույնիսկ էնտուզիաստները հնարավորություն չեն ունենա ծառայել հայրենիքին։ Պատճառը հավանաբար այն է, որ «Երկրապահի» միջոցները կուղղվեն ՀՀԿ վերահրատպագրվող «Հանրապետական» թերթին։
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԵՐԿԻՐ ԵՐԵՎԱՆՍ
Երեկ տեղի է ունեցել ՀՀՇ Երեւանի մարզային խորհրդի հավաք։ Որոշվել է սեպտեմբերի 17-ին Երեւանի ՀՀՇ խորհրդի հավաք անցկացնել։ Քննարկվելու են զուտ ներկազմակերպական՝ կանոնադրական փոփոխություններին առնչվող հարցեր։