Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԴՐՍՈՒՄ ՈՒ ՆԵՐՍՈՒՄ

Սեպտեմբեր 12,1998 00:00
Roland Sharoyan

ԴՈՒՐՍԸ

Երեկ Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ռոլանդ Շառոյանն ասուլիս էր հրավիրել Գերմանիայում հայկական մշակութային օրերի (սեպտեմբերի 3-հոկտեմբերի 16) անցկացման կապակցությամբ։ Նման ասուլիսների մասին լրագրողները սովորաբար ասում են՝ «հարց տալս չի գալիս»։

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հայկական մշակույթի օրեր անցկացնելու գաղափարը եղել է նախորդ իշխանության օրոք, սակայն կազմակերպեց ՀՀ մշակույթի նախարարության ներկայիս ղեկավարությունը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Բոննում ՀՀ դեսպանության համագործակցությամբ եւ ԳԴՀ արտաքին գործերի նախարար դր. Կլաուս Քինքելի հովանավորության ներքո։

Հայաստանը Գերմանիայում ներկայանում էր Մատենադարանի հայերեն ձեռագրերով, «Հայաստան-եկեղեցիների երկիր, խաչերի երկիր»՝ Զավեն Սարգսյանի լուսանկարների ցուցահանդեսով, Արթուր Փելեշյանի վերջին երկու ֆիլմերով, Սոֆի Դեւոյանի «Հոգու եւ պարի թատրոնով», «Գոյ» թատրոն-լաբորատորիայի՝ Սեմյուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» ներկայացումով, դուդուկահարների քառյակով, Երեւանի կամերային երգչախմբով եւ պետական մնջախաղի թատրոնով, Փարաջանովի «Նռան գույնը» եւ «Հակոբ Հովնանյան», Էդգար Բաղդասարյանի «Սեւ պատը», Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» եւ Ատոմ Էգոյանի ֆիլմերով։

«Պատվով մեր սուրը դրեցինք պատյան»,- պրն Շառոյանն այսպես բնութագրեց իրենց հաջողությունը։ Պարոն Շառոյանը ասուլիսում, ճիշտ է, բավականին դժվարությամբ էր արտասանում գերմանական հատուկ անունները (քաղաքների, գերմանական կողմի ներկայացուցիչների…), որի պատճառով ահագին ձգվում էր ասուլիսը, սակայն դա չխանգարեց ամբողջը շատ փայլուն ներկայացնելուն։

Ռ. Շառոյանը մասնավորապես (թարգմանչի եւ լրատվական ծառայության աշխատակցի օգնությամբ) նշեց, որ բոլոր խմբերը Գերմանիայում շատ լավ են ընդունվել, որ բացման արարողությունից մինչեւ վերջին պահը շատ հուզիչ էր, որ պաշտոնական բազում հանդիպումներ է ունեցել, որ բրեմենցիները զանգում-շնորհակալություն էին հայտնում՝ գերմանական հին ձեռագրերը իրենց վերադարձնելու կապակցությամբ եւ իրենց աջակցությունն էին առաջարկում։ Ասաց նաեւ, որ «Գոյ» թատրոն-լաբորատորիայի ներկայացումը այնքան էր հետաքրքրել գերմանացի հանդիսատեսին, որ ձեռքերով ծափահարելու փոխարեն ոտքերով էին դոփում. «ամենասուպեր անկախ մտածողությամբ թատրոն է «Գոյը»,- ավելացրեց Շառոյանը։

Փայլուն, «շռնդալից» (Տիգրան Լեւոնյանի բառով ասած) խոսքերով, հատուկ անուններով եւ գրեթե անշոշափելի փաստերով էր հագեցած պրն նախարարի խոսքը, որ հավատալ չէր լինում։ Չէր նկատվում, որ գերմանացիները առանձնապես ինֆորմացված եւ ոգեւորված էին եղել հայ մշակույթի օրերով։ Նախարարի խոսքից որքան հասկացանք, գերմանական մամուլն էլ գրեթե չի անդրադարձել միջոցառմանը, եւ գովազդային աշխատանքներն այնքան էլ լավ չեն տարվել։

Ինչ խոսք, այս միջոցառումը երկուստեք «պտիչկա» դնելու խնդիր ուներ, սակայն միջոցառումը մեր արվեստագետներին գոնե հնարավորություն է տվել գերմանացի իրենց գործընկերների հետ շփվելու, գործնական պայմանագրեր հաստատելու, Գերմանիան տեսնելու։ Ուղղակի վատն այն է, որ Գերմանիայում ունեցած ոգեւորությունից հետո, Հայաստան վերադառնալով անկումային տրամադրության մեջ են հայտնվել։ Լավին շատ շուտ են հարմարվում, իսկ հետո, կրկին հնի մեջ հայտնվելով՝ մի տեսակ «մանթրաշ» են ընկնում…

Ասուլիսին ներկա էին միջոցառման մի քանի մասնակիցներ։ Ռեժիսոր Հարություն Խաչատրյանը լրագրողներին գանգատվեց լրագրողներից, որ իր՝ 6 մրցանակի արժանացած «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմի մասին չեն գրում, բայց բազմիցս անդրադառնում են «Հարսնացուն Ջերմուկից» եւ նման ֆիլմերին։ Ու թեեւ, պրն Խաչատրյանը մասնակից է եղել նույն «Հարսնացուն Ջերմուկից» ֆիլմի ստեղծմանը, ուզում է, որ մյուս՝ «իսկական արվեստ» ներկայացնող իրենց ֆիլմերին հատկապես անդրադառնանք, ոչ թե մյուսներին։ Էլ չենք ասում, որ բարձր արվեստի մասին ճառեր արտասանող մեր արվեստագետները, որոնք թուր ու սրով պայքարում են ռաբիսի դեմ, լուրջ դեմքերով իրենք են ռաբիս արտադրում («Երեւան Բլյուզ», «Մեր բակ 1-2», «Հարսնացուն Ջերմուկից», շուտով նաեւ՝ «Մեծապատիվ մուրացկաններ»)։ Ասուլիսի թեման դանդաղորեն շեղվեց. «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Արմեն Մազմանյանին հարց ուղղեց «Մհեր Մկրտչյան» թատերատան մասին, որի շուրջ դարձյալ աղմուկ է բարձրանում։

ՆԵՐՍԸ․ Նախարարի ընդունարանում

Ասուլիսից հետո նախարարի ընդունարանում լրագրողները պատահաբար բռնացրին Ալբերտ Մկրտչյանին, որը ուզում է տնօրինել «Մհեր Մկրտչյան» թատերատանը, քանի որ ինքը ավելի լավ գիտի՝ ինչպիսին կուզեր թատերատունը տեսնել իր եղբայրը։ Ալբերտ Մկրտչյանը խեթ հայացքով կողքից լսում էր Արմեն Մազմանյանի բարձրաձայն հարցազրույցը։ Իսկ երբ նա դիմեց Ա. Մազմանյանին՝ «մի րոպե, հա՞…», վերջինս առանց շրջվելու դուրս եկավ ընդունարանից։ Դիմեցինք Ալբերտ Մկրտչյանին.

– Ես առհասարակ չեմ խոսում այդ թատրոնի մասին, որովհետեւ ես չեմ ուզում Մհեր Մկրտչյան անունը, որ արդեն 5 տարի շահարկվում է, իջեցնել կենցաղային մակարդակի։ Տգեղ են բոլոր տեսակի արտահայտությունները։ Արմեն Մազմանյանը բացարձակապես կապ չունի Մհեր Մկրտչյանի հետ։ Մհեր Մկրտչյանը անգամ նրան չի էլ ճանաչել։ Սա ուղղակի միջակ մարդու ճարպկության հետեւանք է։ Այսօր էլ չեմ խոսի, մինչեւ այդ հարցը վերջնական լուծում չստանա։ 5 տարի ես լռել եմ, որպեսզի չպատասխանեմ բոլոր հոդվածներին, հարցազրույցներին, որպեսզի Մհեր Մկրտչյանի անունը չիջեցնեմ՝ էլեմենտար, պարզ եւ անհեթեթ խոսակցությունների մեջ։ Այդ անունը շատ թանկ է ինձ համար։

Իմ խնդիրն է՝ թատրոնն ապրեցնել այնպես, ինչպես Մհեր Մկրտչյանն էր ուզում, եւ նրա վառ հիշատակը պահել, շարունակել, որպես իր հարազատ եղբայր, որպես իր արվեստի համախոհ։ Մենք մեր ամբողջ կյանքում իրար հետ աշխատել ենք եւ իրար հետ ապրել ենք։ Ինձանից բացի ոչ ոք չի կարող իմանալ՝ ինչ էր ուզում Մհեր Մկրտչյանը, արվեստի ինչ տեսակ էր ուզում։ Այդ թատրոնը, որ ինքը 6-7 տարի, հրաժարվելով բոլոր ֆիլմերում նկարահանվելուց, մատներով կառուցեց, իր քրտինքով, հիմա անկապ մարդիկ որոշել են իր անունից հարցազրույցներ տալ։ Չափից դուրս մեծ բան են վերցնում իրենց վրա, երբ «Հայաստանի հանրապետություն» թերթում կարդում եմ «Մեզանից է կախված Մհեր Մկրտչյանի վաղվա օրը» հոդվածը։ Պատկերացնո՞ւմ եք՝ Մհեր Մկրտչյանի վաղվա օրը կախված է այս մարդկանցից, երբ որ Մհեր Մկրտչյանը ոչ մեկի կարիքը չունի։

Նախարարի ընդունարանից դուրս կանգնած՝ Արմեն Մազմանյանը զրուցում էր նույն հարցի շուրջ։

– Ալբերտ Մկրտչյանն ասում է, որ դուք ոչ մի կապ չունեք Մհեր Մկրտչյանի հետ եւ ծանոթ էլ չեք եղել,– դիմում եմ Ա. Մազմանյանին։

– Հա՞, եթե գալիս է կուլուարները բացելու պահը, ապա փաստն այսպիսին է. Ալբերտ Մկրտչյանը Մհեր Մկրտչյանի հետ անձնական շատ բարդ հարաբերություններում է եղել։ Եթե հարցը գալիս է նրան, որ ինքը Մհեր Մկրտչյանի ընտանեկան ժառանգորդն է, ասենք՝ պապան մեռավ, տղուն թողեց սեփական տուն… Դա սեփական տուն չի, ինքը, ավելի լավ է, թող զբաղվի էն հարցով, թե ով է եկամուտ ունենում արաղի «Մհեր Մկրտչյան» էտիկետկեքից։ Ա՛յ, եղբայրը թող զբաղվի էդ հարցով։ Երբ որ 3 տարի, ուղղակի բենզինի շշերով դերասաններս շենքում նստած էդ շենքը չենք տվել… Ասում ենք՝ էդ շենքը ապրի, ինչպես ինքը՝ վարպետն էր ուզում, ապա էդ շենքում «Գոյ» թատրոն-լաբորատորիան դեռ չի հասցրել իր սեփական ռեպերտուարը տեղափոխել։

Վարպետը ասում էր. «Ես ուզում եմ լինի մի դաշտ, որ տարբեր շնորհալի մարդիկ գան այդտեղ բեմադրեն, խաղան»։ Ես վարպետի պատգամը կատարել եմ՝ «Խաթաբալադա», Լեւոն Իվանյանի «12 տարի անց», Համլետ Հովհաննիսյանի «Արտալռությունը»… Դրա հետ զուգահեռաբար հասցրել ենք վերանորոգել ավերվող այդ շենքը եւ բենզինի շշերով կարողացել ենք պահպանել, որ չդառնա կազինո կամ բանկ։ Երբ որ դա անցել-վերջացել է, հիմա ուզում են գալ, վայելել՝ տիրոջ իրավունքով։ Մեր մեծերը թող վերցնեն պաշտոնները, ուրախ եմ՝ թող ուտեն, թող վերցնեն կոչումները՝ թող ուտեն, բայց որտեղ կան իմ ու իմ ընկերների նման գժեր, որոնք պետությունից համարյա ոչինչ չստանալով 10 տարի արվեստ են ստեղծում, գալ ու փորձել մեզ հետ ճակատ տալ՝ թող տան… ուրեմն դա կլինի իրենց վերջին օրը։

Գյումրեցի Ալբերտ Մկրտչյանը խի՞ է թողնում Գյումրիի պետական թատրոնը, որեւէ մեկը փորձե՞ց ճշտել՝ Գյումրիի պետական թատրոնի շաբաթվա երեք օրվա վարձակալության եկամուտը ո՞ւր է գնացել, դերասաններին ինչո՞ւ չի հասել… Թող ճշտեն, Գյումրին չի իմ խնդիրը, իմ խնդիրը Երեւանն է, իմ թատրոնը, «Մհեր Մկրտչյան» թատերատունը։ Ու ամեն անգամ Երեւանում իմ անունը դուրս է եկել էն վայրկյանին, երբ որ պարզվել է, որ որեւէ մշակութային օբյեկտ «պրեխվատիզացիայի» է ենթարկված։ Պրեխվատը արել եմ ես ու թողել եմ արվեստի տակ։ Վա՞տ եմ արել։

– Բայց Ալբերտ Մկրտչյանն ասում է, որ քաղաքապետի հրամանով այդ թատերատան տնօրեն է արդեն նշանակվել։

– Այո, փակ բաժնետիրական ընկերության տնօրեն։ Ի՞նչ կնշանակի՝ փակ բաժնետիրական ընկերություն. 30 %-ը պետությանը, 70 %-ը՝ ո՞ւմ… Մենք երկու տարի դիմել ենք պետությանը՝ պահանջելով, որ «Մհեր Մկրտչյան» թատերատունը անվանակոչվի «Մհեր Մկրտչյան» թատերատուն, մտցվի չսեփականացվող շենքերի ցուցակ։ Դուք հասկանո՞ւմ եք, որ փակ բաժնետիրականներով Երեւանի թատրոնները նույն բախտն են ունենալու, ինչ գրադարանները, գրախանութները եւ կինոթատրոնները։ Փակ բաժնետիրական նշանակում է՝ 30% պետությանը՝ ի դեմս քաղաքապետարանի կամ կառավարության, իսկ ո՞ւմն է 60-65%-ը։ Եվ հետո, այդ 65%-ի տերը թողնելո՞ւ է այդ շենքը մնա թատրոն։ Հաստատապես եմ ասում՝ չէ։ Մի օր էլ ասելու է՝ «Կներեք, ադիկա եկամտաբեր չէ» եւ փոխելու է…

Ռ. Շառոյանի աշխատասենյակում ասուլիսի պասիվությանն ու միապաղաղությանը հակադրվեց ընդունարանի շիկացած մթնոլորտը։ Մի քանի իշխանությունների, մի քանի նախարարների միջով, արդեն 5 տարի այս հարցը ձգվում է եւ լուծում չի կարողանում գտնել, ու հայտնի չէ, թե այս հարցը դեռ ինչի կվերաճի։

ԴՈ՛Ւ ԱՍԱՑԻՐ

Կինոգործիչների, հայ կինոյի խնդիրներին անդրադառնալիս մենք կինոգործիչներին բազմիցս դիմել ենք իրենց իսկ տերմինով՝ «կինոշնիկներ»։ Մշակույթի նախարարության կինոյի գծով փոխնախարար Վիգեն Չալդրանյանը այդ բառից անձնապես վիրավորվել է բոլոր կինոգործիչների փոխարեն։ Պարզվեց, որ փոխնախարար եւ ռեժիսոր ու դերասան Վիգեն Չալդրանյանը «կինոշնիկներ» տերմինը կինո-շնիկներ (կինոյի շնիկներ) է հասկացել։

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ռոլանդ Շառոյանը, Գերմանիայում հայկական մշակույթի օրերին կազմակերպված միջոցառումներից Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո, որոշեց նախարարությունում կարգապահություն հաստատել։ Այն է՝ Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության լրագրողների համար հետաքրքրություններ ներկայացնող բոլոր աշխատակիցներին արգելել է ասուլիսներ տալ եւ առհասարակ՝ առանց իր թույլտվության մոտ գնալ լրագրողներին կամ վերջիններիս իրենց մոտ թողնել։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930