1954 թ. Հայաստանի երկրաբանական վարչությունը մայրաքաղաքի Չարենցի 66 հասցեում մի շենք կառուցեց։ Շուրջ 20 տարի անց կառավարության որոշմամբ շենքը հանձնվեց Մյասնիկյանի շրջգործկոմի հաշվեկշռին, որն էլ ոչ բնակելի տարածքը վարձակալական հիմունքներով հատկացրեց երկրաբանական վարչության ստորաբաժանումներին, իսկ 1995-96 թթ.՝ այդ վարչության տնտհաշվարկային կազմակերպություն «Երկրաբանամարկշեյդերական» ծառայությանը։ Բայց շուտով վերջինս սկսում է իր պայմանագրային պարտավորությունները չկատարել եւ չվճարել վարձավճար։
Բանը հասնում է պետարբիտրաժ։ Եվ 1996 թ. ապրիլի 9-ին պետարբիտր Լ. Սոսյանը ստորագրում է հետեւյալ հրամանը. «Երեւանի «Երկրաբանամարկշեյդերական» ծառայությանը Երեւանի Չարենցի փող. 66 շենքի 641 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքից վտարել»։ Նույն տարվա օգոստոսի 8-ին քաղաքապետ Ա. Միրզոյանը ստորագրում է թիվ 172 որոշումը, ուր ասվում է. «…Թույլատրել … Չարենցի փող. 66 շենքի ոչ բնակելի տարածքը՝ 397,4 քմ ընդհանուր մակերեսով, վարձակալության իրավունքով, 5 տարի ժամկետով հատկացնելու «Էրզրում -89» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը»։ Մեկ այլ որոշմամբ էլ նույն տարածքի 210 քմ-ն տրվում է «Էլիպս» ՍՊԸ-ին։
«Միայն իմ դիակի վրայով»
Սակայն շատ շուտով պարզվում է, որ որոշումները դեռ ոչինչ են։ Ամենաէականը՝ ազատել տարածքը, ոչ մի կերպ չի հաջողվում նոր տերերին։ Կենտրոն թաղապետարանի «Կենտրոն» ԴՁ-ն դիմում է Մյասնիկյանի շրջանի ժողդատարան՝ տարածքը դատական տեսչի միջոցով ազատելու համար, բայց անարդյունք։ Մինչ մարդիկ կփորձեն պարզել որոշման անտեսման դրդապատճառները, հարցին միջամտում են նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները, իսկ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների բաժնի վարիչ Ֆ. Ենգիբարյանն ուղղակի գրում է. «Առաջարկում եմ հսկողության տակ առնել գործը եւ միջնորդել ՀՀ պետարբիտրաժին վերանայել այն… պարտավորեցնել ՀՀ ֆինանսների նախարարությանը, բյուջետային հատկացումներ կատարել ՀՀ ընդերքի նախարարությանը… շենքի վարձավճարը մուծելու համար…»։
Կարդացեք նաև
«Էրզրում -89» ՍՊԸ-ի տնօրեն Ռուբեն Տորտիկյանն այս դեպքի մի մեկնաբանություն ունի. «Գործադիր իշխանությունն իրավունք չունի միջամտելու դատավճիռներին, դատարանի գործերին։ Իսկ նրանք պարտադրել են, նույնիսկ ահաբեկել»։ Ու մինչ ՀՀ դատախազության վճիռների եւ որոշումների օրինականության վրա հսկող բաժնի պետ Լ. Ավետիսյանը բողոքող կողմերին հերթական անգամ կհավաստիացներ, թե «պետական արբիտրաժի որոշումն օրինական է եւ համապատասխանում է քաղաքացիական օրենսգրքի 293 հոդվածի պահանջներին», նախագահի աշխատակազմն, այնուամենայնիվ, հասնում է իր նպատակին. պահանջը հոկտեմբերի 23-ի թիվ 227 գրությամբ ներկայացվում է արբիտրաժ, որտեղ եւ կասեցվում է վճռի կատարումը։
Հները գնում, նորերն են գալիս
Շուտով այլ իրադարձություններ էլ են կատարվում։ Աշխատանքից ազատվում է Երեւանի քաղաքապետ Միրզոյանը, իսկ վարչապետը դեկտեմբերի 3-ին ընդունում է թիվ 639 որոշումը «Երեւանի քաղաքապետարանի գործունեության մասին», որով չեղյալ է հայտարարվում 1996 թ. ընթացքում տարածքներ վարձակալության հանձնելու վերաբերյալ քաղաքապետի որոշումները։ Այդ «սեւ ցուցակում» տեղ է զբաղեցնում նաեւ Չարենցի 66 հասցեն։ Մինչ թացը չորից կտարբերակվեր, բնապահպանության նախարարներ Ս. Ավետիսյանն ու Ս. Շահազիզյանը, նրանց տեղակալ Կ. Հակոբյանը, ծառայությունների պետերը անթիվ բողոք-նամակներով ողողում են ամենաբարձր ատյանները։ Սակայն ոչ բոլորից է ստացվում ակնկալված «ըմբռնումը»։
Օրինակ՝ քաղաքապետ Վ. Սիրադեղյանը 4.02.97 թ. գրությամբ բնապահպանության նախարարությանն ու կառավարության աշխատակազմին տեղեկացնում է, որ նրանց խնդրանքը բավարարել հնարավոր չէ, քանի որ «վիճելի տարածքը պատկանում է տեղական իշխանությանը եւ … պետարբիտրաժի վճիռը «Երկրաբանամարկշեյդերական» ծառայությանը վտարելու մասին… համապատասխանում է օրենքին»։
Իսկ Կենտրոն թաղապետարանի թաղապետ Ա. Զուրաբյանը ոչ միայն պետարբիտրաժից օգոստոսի 13-ի գրությամբ խնդրում է «հանել վճռի կատարման (22.03.97 թ. թիվ 0-74 գործով) կասեցումը», այլեւ Մյասնիկյանի ժողդատարանի նախագահից պահանջում տարածքն ազատել ապօրինի զբաղեցնողներից։ Մեկ ամիս անց Զուրաբյանը ստիպված է լինում վերստին հիշեցնել օրենքի պահանջների մասին։ Իսկ հենց նույն օրերին հրապարակ է գալիս քաղաքապետի թիվ 1157 որոշումը, որով «Էրզրում -89» եւ «Էլիպս» ՍՊԸ-ներին կրկին իրավունք է տրվում շարունակել վարձակալության պայմանագրերը։ Իրադարձության շրջադարձն իր հետ բերում է նոր փոփոխություններ, որոնց հակիրճ ժամանակագրությունն այսպիսին է։
1998 թ. հունվարի 9-ին ՀՀ գլխավոր դատախազը բողոքում է պետարբիտրաժի վերջին վճռի դեմ, նոր քննությամբ կոլեգիան հայցը բավարարում է եւ պարտավորեցնում բնապահպանության նախարարության ենթակա կազմակերպություններին ազատել տարածքը։ Ապրիլի 20-ին պետարբիտրաժի կողմից հրաման է տրվում դատական կատարածուի միջոցով վտարումը ապահովելու մասին։ Բայց վերստին Մյասնիկյանի ժողդատարանի հունիսի 5-ի որոշմամբ արբիտրաժի վճիռը տարաժամկետվում է «մինչեւ ՀՀ կառավարությունում տարածքի վարձակալության հարցի վերջնական լուծումը»։
Մեղավորների առատություն
Մեկը մյուսին հակասող, ժամ առ ժամ փոփոխվող, օրենքներ վկայակոչող, բայց դրանք մշտապես շրջանցող որոշումների ու գրությունների կույտը, բարեբախտաբար, թե դժբախտաբար, պարունակում է նաեւ այնպիսի մանրամասներ, որոնք, ճիշտ է, այս խճճված պատմության բանալի դառնալու դերին չեն հավակնում, սակայն որոշ բաներ, այնուամենայնիվ, հստակեցնում են։ Վերցնենք թեկուզ հունիսի 10-ին արդարադատության նախարար Դ. Հարությունյանին հասցեագրված գանգատի այս հատվածը. «Մյասնիկյանի դատարանի նախագահ Մ. Կատվալյանը… տվյալ գործում շահագրգռված անձ է։ Նրա բարեկամը բնապահպանության նախարարի տեղակալ Կ. Հակոբյանն է (նախկին սոցապ նախարարի եղբայրը), իսկ նույն նախարարության «Ընդերքսպասարկում» ՊՁ-ի տնօրեն Հ. Սարգսյանը Մ. Կատվալյանի հարազատ եղբայրն է»։
Չհամարձակվելով պնդել, որ այս հանգամանքն էական նշանակություն է ունեցել, նշենք միայն, որ նոր վարձակալները խնդրել են հրամանի կատարումը դնել մեկ այլ դատարանի վրա, սակայն նրանց պատասխանել են, թե օրենսդրությամբ դա նախատեսված չէ։
Ի դեպ, օրենսդրության մասին։ Հունիսի 23-ի մի գրությամբ դատական մարմինների վարչության պետ Ս. Մնոյանը տեղեկացնում է, որ «քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337 հոդվածով սահմանված դատարանների եւ մյուս մարմինների կատարման ենթակա որոշումների (եթե վերջինս կատարվում է դատարանի կողմից), վճիռների կատարման հետաձգումը կամ տարաժամկետումը, դրանց կատարման եղանակի եւ կարգի փոփոխումը բացառապես դատարանի իրավունքն է»։
Այս մասին իմանալը տվյալ դեպքում չափազանց ուսանելի է, քանի որ ժողդատավոր Կատվալյանը կարծես թե այլ կարծիքի է։ Բոլոր դեպքերում, նրա ստորագրած հունիսի 5-ի որոշման մեջ այսպիսի տողեր կան. «Վեճի առկա տարածքների տնօրինման հարցը ներկայումս քննարկման է դրվելու ՀՀ կառավարությունում եւ խնդրել է որոշման կատարումը տարաժամկետել մինչեւ ՀՀ կառավարությունում հարցի լուծումը»։ Իսկ կառավարությունն, ինչպես հայտնի է, դատարան չէ։ Նախագահի աշխատակազմը՝ եւս, որ նույնպես միջամտել էր արբիտրաժի որոշմանը։
Վիճաբանող կողմերն այլ կարգի մեղքեր էլ են բարդում մեկը մյուսի վրա։ Երբ «Էրզրում -89»-ը սկսեց տարածքում վերանորոգման աշխատանքներ կատարել, մյուս կողմն իսկույն աղմուկ բարձրացրեց, թե դրանք ազդում են շենքի կոնստրուկցիաների ու սեյսմակայունության վրա։ Հարկ եղավ անցկացնել «Հայսեյսմշին» եւ ԿՊԳՀԻ մասնագետների հետազոտություն՝ համոզվելու համար, որ տագնապներն իզուր են։ Իր հերթին «Էրզրում -89»-ի տնօրենը բազմիցս ահազանգել է, որ կռվախնձոր դարձած տարածքում օթեւանում են ոչ թե 5 կազմակերպություններ, ինչպես պաշտոնապես ներկայացվում է, այլ ավելի քիչ։ Ընդ որում՝ ներկայացվող փաստաթղթերում այդ տվյալների հակասությունն առավել քան ակնհայտ է։
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ