Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հեռակա երկխոսություն

Սեպտեմբեր 12,1998 00:00
harcer

Պապս եղել է Ղարաբաղի մեծահարուստներից եւ ժամանակին Շվեյցարիայի բանկերից մեկին պահ է տվել բավականին խոշոր գումար։ Կուլակաթափության տարիներին, վախենալով հաշվեհարդարից, պապս ստիպված փոխում է ազգանունը։ Պապս վաղուց է մահացել, իսկ նրա գումարները, հավանաբար, այսօր մեծ թիվ են կազմում։ Հնարավո՞ր է, որ պապիս երկրորդ հերթի ժառանգները ստանան այդ գումարները։  ՄԻՔԱՅԵԼ

Հնարավոր է, եթե նախ Ղարաբաղում գտնեք այն արխիվը, որտեղ պահվում են պապի ազգանունը փոխելու մասին փաստաթղթերը։ Հարկավոր է իմանալ նաեւ բանկի անունը, հաշվի համարը, քաղաքը, որտեղ գտնվում է այդ բանկը։ Ցանկալի է, որ լինի նաեւ բանկային գրքույկը։ Բացի դրանից, անհրաժեշտ է փաստաթղթերով ապացուցել, որ ավանդատուն իսկապես ձեր ազգականն է եւ դուք էլ նրա առաջին կամ երկրորդ հերթի ժառանգներն եք։ Եթե այդ բոլորը ձեզ հաջողվի ապացուցել, ապա հնարավորություն կա ստանալ գումարը։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա եւ հնարավոր լինի ստանալ գումարը, պետք է հաշվի առնեք, որ գումարը բանկին տրվել է համարյա դարասկզբին եւ ստիպված կլինեք վճարել՝ ձեր հաշիվը արխիվներից գտնելու համար։

Այդպես էլ չհասկացանք՝ խոլերայի համաճարակ Հայաստանում կա՞, թե՞ ոչ։ Ասում են՝ ջուրն առանց եռացնելու չի կարելի խմել։ Այդպե՞ս է, թե՞ ոչ։ ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ բացի Զարթոնք գյուղից, Հայաստանի ուրիշ որեւէ բնակավայրում խոլերայի դեպք չի գրանցվել։ Համաճարակ չկա։ Ամեն ինչ արվում է, որ խոլերայի վարակը Զարթոնքի սահմաններից դուրս չգա։ Ասել, թե Հայաստանում խոլերայի համաճարակ է, ճիշտ չի լինի։ Զգուշության համար անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, ձեռքերը մաքուր պահել, միրգը եւ բանջարեղենը օգտագործել միայն լավ լվանալուց հետո։ Իսկ ջուրը պետք չէ եռացնել, դրա կարիքը չկա (նախարարության աշխատակիցները նույնպես առանց եռացնելու են խմում ջուրը)։

Եթե ընտանիքի անդամներից որեւէ մեկը վարակվել է տրիխոմոնոզով կամ գոնորեայով, ապա այդ դեպքում հնարավո՞ր է, որ ոչ սեռական ճանապարհով այդ հիվանդությունը փոխանցվի (ասենք՝ հիվանդի եւ առողջի ներքնաշորերը միասին լվանալուց, նույն ունիտազից օգտվելուց, նույն գդալով օգտվելիս) ընտանիքի մյուս անդամներին։ ԼՅՈՒԴՄԻԼԱ ԱՎՈՅԱՆ

Հարցին պատասխանում է գինեկոլոգ Շ. Հունանյանը.

-Թեեւ սովորաբար այդ հիվանդություններով վարակվում են սեռական ճանապարհով, սակայն պատահում է նաեւ, որ վարակը փոխանցվում է կենցաղային ճանապարհով (անձնական օգտագործման առարկաներից, նույն ունիտազից, լողարանից օգտվելուց, նույն ներքնաշորը (առանց լվանալու) հագնելու դեպքում։ Ամեն դեպքում, երբ տանը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությամբ վարակված կա, անհրաժեշտ է զգույշ լինել եւ պահպանել հիգիենայի կանոնները։

Եթե ես բնակարաններ ունեմ քաղաքի տարբեր մասերում, սակայն բնակվում եմ դրանցից մեկում, պարտավո՞ր եմ երկու բնակարանների համար էլ վարձ մուծել։ ԱՀԱՐՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Քաղաքաշինության նախարարությունից հայտնեցին.

-Քաղաքացին, եթե նույն քաղաքում ունի մեկից ավելի բնակարան (տուն), սակայն բնակվում է դրանցից միայն մեկում, ապա պարտավոր է կոմունալ վարձերը մուծել միայն այն բնակարանի համար, որտեղ հաշվառված է (գրանցված է) եւ փաստացի բնակվում է։ Որպեսզի մյուս բնակարանի (ների) համար չպահանջեն կոմունալ վարձ մուծել, քաղաքացին պարտավոր է իր ԲՇՏ-ից տեղեկանք տանել մյուս բնակարանը սպասարկող ԲՇՏ-ին, որ ինքը կանոնավոր մուծում է իր ապրած բնակարանի վարձը։

Ես շան ձագ եմ նվեր ստացել եւ չգիտեմ, թե նրան որտեղ կարելի է քնեցնել։ ԱՐՄԱՆ ԲՈՒԴԱՂՅԱՆ, 7-րդ դասարանի աշակերտ

Հարցին պատասխանում է անասնաբույժ Արամ Բոշյանը

-Շան համար պետք է հատկացնել այնպիսի անկյուն, որտեղ միջանցիկ քամիներ չլինեն։ Շան անկյունը պետք է հեռու լինի ջեռուցիչներից, վառարաններից։ Տակը գցեք որեւէ փալաս (ոչ կոշտ), եւ սովորեցրեք, որ նա այդտեղ քնի։ Ոչ մի դեպքում չի կարելի շանը թույլ տալ, որ քնի երեխայի անկողնում։

Ծննդաբերությունից հետո համարյա մեկ ամիս կրծքիս վիճակը նորմալ էր։ Հետո, չգիտեմ ինչու, ստինքներս սկսեցին ճաքճքել ու երեխային կերակրելիս ցավ պատճառել։ Աշխատում եմ քիչ կերակրել, որ չցավեն։ Ինչպե՞ս անեմ, որ լավանան։ ՄԱՐԻՆԱ

Խորհուրդ է տալիս մանկաբույժ Նելլի Պետրոսյանը

-Կերակրող մոր ստինքները հիմնականում ճաքճքում են ու ցավոտ դառնում օճառով եւ այլ ախտահանող հեղուկներով լվանալուց կամ ոչ ճիշտ կերակրելուց։ Կերակրելիս երեխային հարմարեցրեք այնպես, որ նա ուտելիս բռնի ոչ միայն ստինքը, այլ կրծքի շագանակագույն շրջանակը։ Կերակրելուց հետո երեխային հետ մի քաշեք, այլ զգուշությամբ ձեր ցուցամատը տեղադրեք նրա լնդերի արանքում, մինչեւ նա բաց կթողնի ստինքը։ Յուրաքանչյուր կերակրումից հետո ճաքերի վրա քսեք ձեր կաթից ու թողեք, որ չորանա։ Կուրծքը լվացեք միայն մաքուր ջրով։

Ես բնակարանս նվիրատվության կարգով տվել եմ հարազատներիցս մեկին։ Հիմա փոշմանել եմ եւ ուզում եմ չեղյալ համարել: Ես իրավունք ունե՞մ դա անելու։ ԿՈՍՏՅԱ ՂԱԶԱՐՅԱՆ

Իրավաբան Գ. Գրիգորյանը խորհուրդ է տալիս.

– Քաղաքացին, եթե ցանկանում է բնակարանի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչել, ապա հայցադիմումով (անվավեր ճանաչելու) պետք է դիմի դատարան՝ ներկայացնելով նոտարական կարգով հաստատված պայմանագրի պատճենը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930