Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍԻԱԿԱՆ ՎԱԳՐԵՐԸ, ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՋՆ ՈՒ ՄԵՐ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐԸ

Սեպտեմբեր 12,1998 00:00
Qaj Nazar

«Հայկական ռադիոյի պատասխանները» շարքից

Համաշխարհային տնտեսությունը դժվար օրեր է ապրում։ Իրար հերթ չտալով, ֆինանսական ճգնաժամի մեջ են խրվում Հարավ-արեւելյան Ասիայի երկրները, Ռուսաստանը, լատինա-ամերիկյան երկրները։ Միայն ասիական երկրների տնտեսական անկման ցուցանիշները հաշվի առնելով Միջազգային արժութային հիմնադրամը համաշխարհային տնտեսական աճի տարեկան ենթադրվող աճը վերահաշվարկեց՝ նվազեցնելով 0,7%-ի չափով։ Տնտեսական ճգնաժամ ապրող բոլոր երկրներում խորանում է այն կարծիքը, որ ճգնաժամն արտաքին պատճառներ ունի։ Ինչպես բոլոր քաոսային իրավիճակներում՝ բոլորն իրար են մեղադրում։

Հարմար պահ քաղաքական ընդդիմադիրների համար

Պահը խիստ նպաստավոր է բոլոր նրանց համար, ովքեր կասկածանքով են վերաբերվում ֆինանսական միջազգային կազմակերպություններին։ Համարյա բոլոր երկրներում տնտեսական վերլուծություններն ի վերջո քաղաքական բովանդակություն են ստանում։ Թե՛ Ռուսաստանում, թե՛ ասիական երկրներում տնտեսական դժվարությունների մեջ մեղադրվում է հանրահայտ Սորոսը։ Մեղադրվում է նաեւ Համաշխարհային բանկը եւ Միջազգային արժութային հիմնադրամը։ Ռուսական արմատական ընդդիմության կարծիքով նույնիսկ հարավ-ասիական ճգնաժամը «կազմակերպվել» է Ռուսաստանին հերթական տնտեսական լուրջ հարված հասցնելու նպատակով։ Ասիական ցնցումներից անմիջապես հետո արեւմտյան ներդրողներն իրենց փողերը սկսեցին հանել ե՛ւ այս, ե՛ւ բոլոր այլ անկայուն երկրներից։

Հարավ-արեւելյան Ասիայի երկրները վերջին շրջանում Ռուսաստանից զենք եւ տեխնոլոգիաներ գնելու պայմանագրեր էին կնքել։ Այսօր արդեն բոլորը հրաժարվել են զենքի գնման նախնական պայմանագրերից։ Տնտեսական ճգնաժամի պարագայում այս տարածաշրջանի վրա կտրուկ մեծացավ ԱՄՆ ազդեցությունը։ Բոլոր երկրներն էլ հասկանում են, որ ՄԱՀ-ի հնարավոր նոր վարկերի հարցն առաջին հերթին որոշվում է Վաշինգթոնում։ Բոլորը (բացառությամբ Մալայզիայի) ակտիվորեն փորձում են ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը։ Պետքարտուղար Օլբրայթի այցից հետո, հանուն տնտեսական աջակցության, ասիական «վագրերը» գնացին քաղաքական լուրջ զիջումների։ Արդեն ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն ֆիլիպինյան նավահանգիստները բաց են ամերիկյան ռազմածովային նավատորմի համար։

Այն, որ տարածաշրջանում ընթացող պրոցեսները Ռուսաստանի համար կարեւոր են՝ բարդ չէ նկատել։ Օլբրայթի հետ միաժամանակ այդ երկրներ այցելեց Ե. Պրիմակովը։ Սա հուլիսին էր, իսկ օգոստոսին տնտեսական ճգնաժամը ցնցեց արդեն Ռուսաստանը։ «Ցնցվող» Ռուսաստանը շատ ավելի վտանգավոր երեւույթ է, քան կես միլիարդ բնակչություն ունեցող Հարավ-արեւելյան Ասիան։ Եվ գնահատելով պահի կարեւորությունը, Ռուսաստան պետքարտուղարի փոխարեն «արտահերթ» այցելեց արդեն ԱՄՆ նախագահը։ Օր-օրի խորացող ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ավելի ու ավելի բարձր է լսվում քաղաքական այն գործիչների ձայնը, ովքեր պնդում են, թե ՄԱՀ-ի եւ ՀԲ-ի խորհուրդներով երկիր չես կառուցի, տնտեսություն չես զարգացնի։ Մյուս կողմից տնտեսությունը զարգացնելու համար ՄԱՀ-ը եւ ՀԲ-ն, խորհուրդներից ու առաջարկություններից բացի, նաեւ վարկերի տեսքով ֆինանսական միջոցներ են տրամադրում։ Զարգացող երկրների համար այդ ծավալի վարկային միջոցների այլ աղբյուրներ չկան։

Հայաստանի ֆինանսական եւ արժեթղթերի շուկայում ընթացող պրոցեսները, մեր ֆինանսական ղեկավարության «ջղաձիգ» հայտարարությունները հիմք են տալիս կասկածելու, որ մեր տնտեսությունը ինտեգրվել է համաշխարհային տնտեսության մեջ։ Համաշխարհային ցնցումներին զուգընթաց, որպես ընդհանուրի մի մաս (կամ մասնիկ), ցնցվեց հայկական դրամը։ ԿԲ-ն եկող շաբաթ պատրաստվում է քննարկել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Հավանաբար բարձրացնելու նպատակով։ Բարձրացավ պետական կարճաժամկետ պարտատոմսերի շահութաբերությունը։ Բայց քանի դեռ ջղաձգվում էին Լատինական Ամերիկան եւ Հարավ-արեւելյան Ասիան՝ մենք հանգիստ էինք։

Մեր տնտեսական կյանքում տհաճ գործընթացները սկսվեցին ռուսական «ցնցումներից» հետո։ Տարեցտարի մեր տնտեսական ղեկավարները պնդում են, որ հանրապետության արտաքին ապրանքաշրջանառության մեջ նվազում է ԱՊՀ երկրների դերը։ Իսկապես, հնարավոր է, որ նվազում են, սակայն Ռուսաստանը շարունակում է մնալ մեր տնտեսական թիվ 1 գործընկերը։ Մեր երկրի արտադրական համակարգի միակ լուրջ պատվիրատուն Ռուսաստանն է։ Արտադրական խոշոր ձեռնարկությունները (ասել է թե՝ շատ աշխատատեղեր ունեցողները) իրենց արտադրանքը հիմնականում Ռուսաստան են առաքում։ Հանրապետության երկրորդ քաղաքում ամենագործուն տարադրամը ռուսական ռուբլին է։ Հայաստանի տնտեսության մեջ պտտվող ամեն հինգերորդ դրամը կապված է ՌԴ-ի հետ։ Թե՛ արտահանումների, թե՛ ներմուծումների մոտ 20%-ը կապված է Ռուսաստանի հետ։

Վերջին շրջանում «հակառակի պես» սկսել էին սերտանալ հայկական եւ ռուսական բանկային համակարգերը։ Հայկական արտագնա աշխատուժը հիմնականում զբաղված է ռուսաստանյան ներքին շուկայում։ 90-ականների արտագաղթողների կեսից ավելին այս երկրում են գտել իրենց մշտական կամ ժամանակավոր աշխատատեղերը։ Զուտ հայկական՝ ազգակցական կապերով պայմանավորված տարադրամային «օգնությունները» հանրապետության բնակչությունը ստանում էր ռուսահայ համայնքից։ Որոշ փորձագետների կարծիքով՝ «տնտեսական» այս կապի խզումը ավելի մեծ բացասական ազդեցություն կունենա, քան միջպետական ապրանքաշրջանառության նվազումը։ Նրանք նաեւ վստահ են, որ ամենամոտ ժամանակներում Հայաստանի ֆինանսական համակարգին չի հաջողվի խուսափել սպառնացող ցնցումներից։ Բայց սա արդեն ուրիշ թեմա է։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930