Լրահոս
Օրվա լրահոսը

Երկքաղաքացիության արտասահմանյան փորձը

Սեպտեմբեր 12,1998 00:00
passport

Ներկայումս, երբ երկքաղաքացիության հարցը մեծ հնչեղություն է ստացել, երբ այդ խնդիրը մեկնաբանողները վկայակոչում են տարբեր երկրների օրինակները, բավական լրջմիտ է թվում որեւիցե արտասահմանյան (սակայն մեր տարածաշրջանին մոտ գտնվող), ազգային խառնվածքով մեզ նման եւ երկքաղաքացիության լուրջ ավանդույթներ ունեցող երկրի փորձի ուսումնասիրումը։ Այդ բծախնդիր պահանջներին համապատասխանող միակ երկիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է։

Այդ արտասահմանյան երկրում դեռեւս 1995 թ. նոյեմբերի 18-ին ԼՂՀ այն ժամանակվա նախագահ Ռ. Քոչարյանի գրչի մեկ հարվածով վավերացվեց «ԼՂՀ քաղաքացիության հիմնական սկզբունքների մասին» օրենքը։ Այդ օրենքի ուսումնասիրությունը, ուսուցողական լինելուց բացի, հետաքրքիր է այն առումով, որ գարնանը նախագահական ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հրապարակ նետելով երկքաղաքացիության հարցը, բազմիցս վկայակոչում էր «ղարաբաղյան օրինակը»։

Այսպես, վերոհիշյալ օրենքի հոդված 4-ում նշված է. «ԼՂՀ քաղաքացին կարող է միաժամանակ հանդիսանալ այլ պետության (այլ պետությունների) քաղաքացի կամ օտարահպատակ եւ կատարել այլ պետության (այլ պետությունների) քաղաքացու կամ օտարահպատակի պարտականություններ…»։ Այնուհետեւ ասվում է, որ արտասահմանյան պետություններում ապրող ԼՂՀ քաղաքացին, անկախ այնտեղ գտնվելու ժամկետից, պահպանում է ԼՂՀ քաղաքացիությունը։ Իսկ ո՞վ կարող է համարվել ԼՂՀ քաղաքացի։ Օրենքն ասում է, որ քաղաքացի են հանդիսանում, բնականաբար, բացի նրանցից, ովքեր մշտապես բնակվում են Ղարաբաղում, Ղարաբաղում ծնված, բայց հարկադրաբար հայրենիքը լքած անձինք, ինչպես նաեւ նրանց երեխաներն ու թոռները, որոնք ճանաչում են «ԼՂՀ պետական անկախության հիմունքների մասին» սահմանադրական օրենքը։

Հետաքրքիր է, որ ղարաբաղցի օրենսդիրները, հավանաբար խորշելով ռասիզմից եւ տուրք տալով լիբերալ-դեմոկրատական արժեքներին, քաղաքացիությունը սահմանելիս չեն նշել ազգության խնդիրը, եւ ըստ այդ ձեւակերպման՝ Ղարաբաղի քաղաքացի կարող է ճանաչվել Արցախում ծնված եւ նրա անկախությունը «ճանաչող» ցանկացած ադրբեջանցի։ Իսկ դա պատերազմող երկրի համար այդքան վտանգավոր լրտեսության պրոբլեմ է։ Ի դեպ, արտասահմանում գտնվողները լիովին «օգտվում են» ԼՂՀ քաղաքացիների իրավունքներից եւ պարտականություններից, եթե այլ բան չի սահմանված ԼՂՀ համապատասխան օրենքներով եւ միջազգային համաձայնագրերով։ Ու քանի որ Ղարաբաղի անկախությունը դեռեւս չի ճանաչվել, ոչ մի միջազգային համաձայնագրի մասին խոսք լինել չի կարող, հետեւաբար դեռեւս ընտրարշավի ժամանակ օրինակ բերվող ղարաբաղյան օրենքը հենց սկզբից էլ մեռած էր։

Եվ այն դժվար թե վերակենդանանա նույնիսկ Ղարաբաղի անկախության ճանաչումից հետո։ Կարճ ասած, օրենքում հանճարեղ պարզությամբ եւ միամտությամբ շարադրվել է բարի ղարաբաղցիների սրտի անկեղծ խոսքը։ Հուսանք, որ Հայաստանի իշխանություններն ամենայն լրջությամբ հաշվի կառնեն Ղարաբաղի փորձը եւ նույնությամբ չեն արտագրի այդ օրենքը։

ՎԱՀԱԳ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930