Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺՄ. ՄԻԱՅՆ… ՀՈՒՇԵՐ

Սեպտեմբեր 12,1998 00:00
vazgeen man

ԱԺՄ քաղաքական համաժողովի օրակարգում երեկ միակ հարցը քաղաքական իրավիճակի եւ ծառացած խնդիրների քննարկումն էր։ Ենթադրելի էր, որ խոսքը քաղաքական ներկա իրավիճակի մասին պիտի լիներ, սակայն ելույթ ունեցողների մեծամասնությունը նախընտրում էր անցյալ շրջանին անդրադառնալ։

Այս էլ 2 տարի է ԱԺՄ բոլոր հավաքներում Վազգեն Մանուկյանի զեկուցումների պարտադիր մաս է կազմում 1996-ի դեպքերի վերլուծությունը, որոնց երբեմն նոր նրբերանգներ են ավելանում, այլեւայլ մանրամասներ, որոնց ժամանակին հարկ չի համարել անդրադառնալ եւ այլն։ Եթե մի կողմ թողնենք այս անգամվա ելույթի արդեն իսկ վաղեմության բավական ժամկետ ունեցող հատվածները՝ 1998-ի իրողություններին առնչվող անդրադարձը հետեւյալն էր։ «Այս նոր պայմանները ոգեւորիչ չեն ո՛չ մեր կուսակցության, ո՛չ ժողովրդի համար,- Վազգեն Մանուկյանը սա ասելով հիշեցրեց, որ 1994-ից վստահություն կար, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կհեռանա, եւ ամեն ինչ լավ կլինի։ – Այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանը չկա, բայց հիասթափությունն այն վիճակից, որում այժմ գտնվում ենք՝ խորն է»։

ԱԺՄ առաջնորդը չորոշակիացնելով նշեց, թե մի նոր նման բանաձեւ է ձեւավորվում։ Առաջ անցնելով նշենք նաեւ, որ ժողովրդի հուսալքվածության վերաբերյալ պնդումը հանգերգի պես կրկնվեց ողջ համաժողովի ընթացքում։ Ի դեպ, հուշերը՝ հուշեր, բայց Վազգեն Մանուկյանը հետին թվով մի շատ հետաքրքրական բացահայտում կատարեց, որ 1997-ի դեկտեմբերից բանակցություններ են ընթացել, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 1998-ի փետրվարի 12-ին պիտի հանրահավաք հայտարարվեր, «եւ ընդդիմության, ուժային կառույցների ղեկավարները, կառավարական շրջանակների ներկայացուցիչները, բոլորը պիտի մտնեին Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ՝ ժողովրդի անունից պահանջելով, որ նա հրաժարական տա, եւ տեղի ունենան նոր ընտրություններ»։ Շարունակությունը հայտնի է՝ ուժային կառույցների ղեկավարները որոշեցին «յոլա գնալ» առանց ժողովրդի անվան, ընդդիմության ղեկավարների կամ հարակից այլ «ատրիբուտների»։

Դառնությունը չթաքցնելով եւ իրադարձությունների զարգացման այս կերպն իբրեւ «պալատային բանակցությունների» արդյունք մատուցելով՝ Վազգեն Մանուկյանն ասաց. «Բայց այդ ամբողջ ռեժիմի տապալումը, Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռացումը ժողովրդի պայքարի շնորհիվ էր եւ ոչ թե այն մարդկանց, որոնք մինչեւ վերջին պահը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմն էին, որոնք 1996-ին կրակում էին ժողովրդի վրա եւ այդ ժամանակ միասին էին ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Վանո Սիրադեղյանը, ե՛ւ Վազգեն Սարգսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը՝ նրանք բոլորը մի թիմ էին, որը գնում էր ժողովրդի կամքի դեմ»։ 1998-ի ընտրությունները ԱԺՄ նախագահն ավելի վատը համարեց, քան 1996-ինը։ «Ժողովրդի փչացում գնաց»։ Այս առնչությամբ անդրադարձ հնչեց նաեւ երկրապահների գործունեության վերաբերյալ. «Ցավն այն է, որ իրենք կանեն ամեն ինչ, ինչ որ կասի Վազգեն Սարգսյանը։ Այդպիսի մարդիկ թող իրենց չվերագրեն այն համոզմունքը, որ վաղը-մյուս օրը Հայրենիքին պետք լինի՝ ռազմաճակատ կգնան ու կպայքարեն Հայրենիքի համար. ո՛չ, նրանք կանեն այն, ինչ որ նրանց վերեւից կասեն։ Ստրուկները երկրի պաշտպան լինել չեն կարող»։

Անդրադարձ եղավ նաեւ ընտրություններում ՀՅԴ-ի գործունեությանը. «Անկախ նրանից՝ Դաշնակցությունը կմասնակցե՞ր, թե՞ ոչ, վերջում Ռոբերտ Քոչարյանն իր նույն 60%-ն ապահովելու էր ուրիշ ձեւերով։ Բայց դա հնարավորություն ստեղծեց քողարկել այն գործընթացները, որոնք իրականում տեղի ունեցան Հայաստանում»։ Վազգեն Մանուկյանը նաեւ պատմեց, որ ՀՅԴ-ն ու Վազգեն Սարգսյանն այդ շրջանում խուսափել են քննարկումներից ու բանակցություններից։ Սակայն վերջապես վերադառնանք ավելի օրախնդիր գնահատականներին. «Ինչ սկզբունքներով էլ առաջնորդվեր Հայաստանի նոր ղեկավարությունը՝ չունենալով ժողովրդի վստահությունը եւ նրա աչքի առջեւ բռնաբարելով ժողովրդի կամքը՝ նա որեւիցե բանի չէր կարող հասնել եւ հետագա բոլոր քայլերն ապացուցում էին դա»։ Վազգեն Մանուկյանի այս մի փաստարկն էլ բազմիցս կրկնվեց համաժողովում. «Կատարվում են դեպքեր, որոնք երկու տարի առաջ մեծ արձագանք կգտնեին։ Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեր կոնյակի գործարանը 30 մլն դոլարով վաճառել ֆրանսիացիներին՝ մեծ աղմուկ կբարձրանար Հայաստանում։ Չեղավ մեծ աղմուկ։ Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ինքնաթիռով գնար ինչ-որ մի հարուստ մարդու հրավերով ամառը Նիցցայում անցկացնելու՝ մեծ բողոք կառաջանար ժողովրդի մոտ։ Չեղավ այդ բանը»։

ԱԺՄ առաջնորդը գրեթե բացառում էր իշխանությունների հետ համագործակցաբար երկիրն այս վիճակից հանելու ճանապարհը, քանզի եւ ոչ մեկ անգամ պնդեց, թե Հայաստանում համակարգը նույնն է մնացել, իսկ վերին իշխանավորների փոփոխությունը համեմատեց «Բրեժնեւից Չեռնենկոյին անցնելու տարբերակի» հետ։ «Այս ռեժիմն ունի իր մաքսիմումը, եւ այն զարգացած պետությունների մինիմումից ներքեւ է գտնվում։ Այսինքն՝ կատարելագործելով, համագործակցելով, տնտեսական նոր ծրագրեր առաջ բերելով՝ այս երկիրը ռեժիմը չի փոխի։ Այստեղ կտրուկ համակարգային փոփոխություններ են պետք,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը,- Ռոբերտ Քոչարյանի նախագահ եղած ժամանակ Հայաստանի բարգավաճում չի լինելու»։

«Օր շուտ՝ իշխանության փոփոխություն» կարգախոսը վերահաստատելուց զատ ԱԺՄ առաջնորդը նաեւ նշեց. «Բայց մենք դա չենք դարձնում դրոշ եւ դրանով գնանք։ Առաջինը մեզ պետք է հեղափոխություն մարդկանց ուղեղների մեջ»։ Արժեքների վերահաստատում, արդար ընտրություններ՝ կուսակցության առաջնորդն ահա սրանք հռչակեց այն ուղենիշները, որոնց նպատակաուղղվելու է ԱԺՄ հետագա գործունեությունը։ Մեջբերենք համաժողովում հնչած այլ ելույթներից եւս։

Շավարշ Քոչարյան. «Մենք չստացանք այն ձայները, որ մինչեւ վերջ կանգնեինք։ Եթե Կարեն Դեմիրճյանի ձայները ստանայինք՝ Հայաստանում այսօր բոլորովին այլ վիճակ կլիներ։ Եվ թող չփորձեն մեզ մեղադրել, որ ԱԺՄ-ն դեմ էր անձին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին էր դեմ, դրա համար էր ընդդիմադիր։ Ո՛չ։ Այս իրավիճակը եւ քաղաքական ուժերի ներկա դասավորությունը ցույց տվեց, որ մենք համակարգին ենք ընդդիմադիր։ Ա՛յ, նրանք, ովքեր իրոք Լեւոն Տեր-Պետրոսյանին էին դեմ՝ այսօր հայտնվել են Ռոբերտ Քոչարյանի չորս կողմը։ Ես դա կողջունեի, եթե գոնե իրականացվեին այն քայլերը, որոնք կարող են իրավիճակը քչից- շատից բարելավել։ Դա էլ չի արվում»։

Վովա Հախվերդյան. «Չսպասենք մինչեւ 1999-ի խորհրդարանական ընտրությունները՝ մինչ այդ պիտի հարցեր լուծենք։ Ու նպաստավոր պայմաններ կան։ Ես համաձայն չեմ, որ ԱԺ-ն այժմ ցրվի։ Ջարդենք, փշրենք, իշխանությունը վերցնենք՝ հետո նոր խորհրդարանական ընտրություններ կանենք»։

Անպայման արժե ասելիքի որոշակիության առումով առանձնացնել ԱԺՄ վարչության անդամ Ալեքսանդր Բուտաեւի ելույթը, որն ասաց, թե կարելի է հեղափոխական ելույթներ ունենալ, իշխանությունների հրաժարականը պահանջել (ԱԺՄ վարչության մեկ այլ անդամ Գագիկ Հովհաննիսյանի պես – Ա. Ի.), վերջնագրեր ներկայացնել, լրագրողներին քննադատել (Արա Հարությունյանի պես – Ա. Ի.), սակայն պետք է խոսել ԱԺՄ-ի ներքին խնդիրներից, դրական եւ բացասական կողմերն առանձնացնել, գործելակերպը վերանայել։ Վերջինիս առանձնահատկությունը, ըստ Բուտաեւի, հետեւյալն էր, որ ԱԺՄ-ի մոտ լավ է ստացվում կարճ «տարածության» աշխատանքը եւ չի ստացվում ծրագրավորված, հետեւողական, համակարգված աշխատանքը։ «Ինչո՞ւ պիտի անընդհատ ժողովրդի հիասթափվածության մասին խոսենք՝ աշխատենք, որ մեզ ճանաչեն, վստահեն, հավատան,- ասում էր պրն Բուտաեւը։ – Եթե ոչինչ չենք փորձելու փոխել՝ ինչո՞ւ ենք անընդհատ այդ մասին խոսում»։

Ինչեւէ, այս քաղաքական համաժողովի նպատակը հայտարարվել էր այն, որ պիտի առանձնացվեին առավել հրատապ խնդիրները եւ մատնանշվեին այն հիմնական ուղղությունները, որոնցով ընթանալու են աշխատանքները մինչեւ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կայանալիք ԱԺՄ համագումարը։ Նույն նպատակով նաեւ մի նախնական հայտարարություն ընդունվեց, որը քննարկվելուց եւ վերջնական տեսքի բերվելուց հետո կփոխանցվի լրատվամիջոցներին։ Առայժմ միայն մեջբերենք այս հայտարարության ավարտը. «ԱԺՄ-ն կներդնի իր բոլոր կարողությունները ազգային, ժողովրդավարական հոսանքի ձեւավորման գործում եւ պատրաստակամ է ժողովրդի աջակցությամբ իրականացնել Հայաստանը համակարգային ճգնաժամից դուրս բերելու ծրագիրը»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930