Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆԳԻՍՏ» ԱՇՆԱՆ ՆԱԽՕՐՅԱԿԸ

Սեպտեմբեր 12,1998 00:00
Vahagn Xachatryan

Երկուշաբթի աշխատանքը սկսող Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանը խոստանում է լինել ամենահետաքրքիրը մինչ այժմ տեղի ունեցած բոլոր սեսիաներից։ Կա առնվազն առարկայական մեկ պատճառ։ Արդեն իսկ առաջին օրերին նկատելի կլինեն նախընտրական արշավի դրսեւորումները՝ միտված առ խորհրդարանական ընտրությունները։ Այս դեպքում «մարտադաշտը» շատ ավելի գունագեղ կլինի։

Եթե 95 թվականի խորհրդարանական ընտրություններին իշխանությունը մասնակցում էր հիմնականում «Հանրապետություն» միավորմամբ, կողքից էլ «Շամիրամ» կուսակցությունն էր պառլամենտական «արեւի» տակ տեղ որոնում, ապա այսօր էլ շահերն այնքան բզկտված են, որ ցանկացած սկանդալ ձեռնտու է լինելու շատերին։ Կարիք չկա կասկածելու, որ այս առումով անփոխարինելի են Ազգային ժողովի համարակալված 4 եւ չհամարակալված կենտրոնական խոսափողները, որոնք, ըստ էության, յուրաքանչյուրն օգտագործելու է այնքան, որքան թույլ են տալու մյուսները։ Այս հիմքով էլ կարող ենք պնդել, որ առաջիկա նստաշրջանը բացառիկ է լինելու թե՛ իր բովանդակությամբ, եւ թե՛ անկանխատեսելի դրսեւորումներով։ Ու եթե դա է լինելու Ռոբերտ Քոչարյանի խոստացած հանգիստ աշունը, ապա խիստ դժվար պիտի լինի պատկերացնել, թե ինչպիսի արտահայտություններ կարող են ունենալ թեժ աշուններն ընդհանրապես։

Ինչեւիցե, դեռեւս անցյալ նստաշրջանից փոխանցվել են հարցեր, որոնք անպատասխան են մնացել։ Դրանց մեջ առանցքային տեղ ունի կոնյակի խնդիրը։ Թե ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել Ազգային ժողովում այդ հարցի շուրջ, «Առավոտի» ընթերցողին պատմում է նախորդ նստաշրջանում կոնյակի խնդրով ակտիվ դիրքորոշում դրսեւորած պատգամավոր Վահագն Խաչատրյանը։

-Ես հեռուստատեսությամբ ուշադիր դիտեցի նախագահի մամլո խոսնակ Կասյա Աբգարյանի ելույթը եւ այնքան էլ պարզ չհասկացա, թե նա ինչ է ուզում ասել։ Հավանաբար, տեսանյութն էր վատը կամ էլ ներկայացման ձեւն ընդհանրապես։ Մենք օգտվել ենք սահմանադրությամբ պատգամավորներին վերապահված մեր իրավունքներից ու դիմել ենք հանրապետության նախագահին։ Սահմանադրորեն այժմ հաջորդ քայլի իրավունքը հանրապետության նախագահինն է։ Եվ այս հիմքով էլ կուզեի Կասյա Աբգարյանին հիշեցնել, որ այս պետության մեջ գործող Սահմանադրության բովանդակությունը Կասյա Աբգարյանը չէ, որ պետք է մեզ բացատրի։ Մենք այն ինքներս հասկանալու բավականին կարողություններ ունենք։ Ասեմ ավելին, ընդհանրապես չէի ուզենա, որ նախագահի մամլո խոսնակն այսօրվա Սահմանադրության գոյությունը կամ նրանում արձանագրված առանձին դրույթների իրականացումը կապեր գյուղատնտեսական աշխատանքների հետ։ Չկա որեւէ երաշխիք, որ վաղը- մյուս օրը սահմանադրական նորմերը կարող են կապվել ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ, իսկ ավելի ուշ Սահմանադրության տառը հարգելու անհրաժեշտությունը պայմանավորել խոլերայի համաճարակով։ Կա Սահմանադրություն, որը պետք է գործի, որի շրջանակներում էլ մեր գործողությունները կազմակերպել ենք մինչեւ օրս։ Կարծում եմ, որ մոտ օրերս նախաձեռնող խումբն իր դիրքորոշումն ավելի հստակ կարտահայտի՝ հրավիրելով մամլո ասուլիս։ Ըստ երեւույթին կհրապարակվի հայտարարություն, ուր անդրադարձ կլինի այն ամենին, ինչ տեղի է ունեցել մինչեւ օրս։ Մենք այս ընթացքում լռել ենք՝ պարզապես սպասելով, որ նախագահը կատարի իր սահմանադրական պարտականությունը։

-Ի՞նչ եք կարծում, Արշակ Սադոյանն առաջիկայում կոնյակի հարցում էլի հանդես կգա՞ ծանր հրետանու դերում։

-Կարծում եմ, որ մենք բոլորս հանդես կգանք մեր դիրքերում։ Չեմ կարծում, որ որեւէ մեկն ավելի մեծ կամ փոքր դեր կունենա։ Մինչ օրս կատարված գործողություններն էլ հավասարապես բաժին են ընկել բոլորիս։

-Իսկ հեռանկարում նշմարվո՞ւմ է կոնյակի հարցը Սահմանադրական դատարան մտցնելու միտումը։

-Մենք գործելու ենք առկա օրենսդրական ակտերի շրջանակներում։ Դրա մեջ տեղավորվում է եւ Սահմանադրական դատարան եւ որեւէ այլ մարմնի դիմելը։ Մենք գործելու ենք օրենսդրության շրջանակներում եւ կցանկանայի, որ մեր դիմաց եղածներն էլ նույն կերպ վարվեին։

Մեր հաջորդ զրուցակիցը «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանն էր։

Smbat Ayvazyan

-Ճի՞շտ է, որ «Երկրապահը» նոր նստաշրջանում ընդլայնելու է իր շարքերը։

-Այո։ Մենք պատգամավորների դիմումներ ունենք, որոնք խնդրում են իրենց ընդգրկել խմբի կազմում։ Այդ դիմումները, որոնք թվով 7-8-ն են, քննարկվել են եւ դրանց դրական լուծում է տրվել։ Տեղի ունեցածի մասին հայտարարություն կարվի նստաշրջանի ընթացքում։ Փաստորեն, մենք ընդառաջել ենք բոլոր դիմողներին։

-Պրն Այվազյան, ի՞նչ խնդիրներ է կարեւորելու «Երկրապահը», որ մտադիր եք արծարծել առաջիկա նստաշրջանում։

-Կառավարությունը բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել, որոնք նպատակահարմար է ընդունել սեպտեմբերին։ Դրանց թիվը հասնում է 40-ի։ Այդ օրենսդրական նախաձեռնությունները հիմնականում կարգավորում են տնտեսական կյանքի տարբեր ոլորտների գործունեությունը։ Որոշ օրինագծեր էլ տարածվում են ճյուղային բնագավառների վրա։ Դրանք բոլորն էլ հրատապ լուծում պահանջող նախաձեռնություններ են։ Երկրապահ պատգամավորների կողմից էլ ներկայացվել է մի քանի տասնյակ առաջարկ։ Ելնելով առաջարկվող նախագծերի քանակից, կարծում եմ՝ նստաշրջանը նորից լարված ընթացք է ունենալու եւ անհրաժեշտություն է լինելու շատ աշխատել։ Պետք է նկատի առնել, որ այդ ամենին ավելանալու են նաեւ ընտրական օրենսգիրքն ու բյուջեի մասին օրենքը։ Կարծում եմ, որ մի շարք արտահերթ նստաշրջաններ կհրավիրվեն մեծ օրակարգը սպառելու համար։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930