Լրահոս
Օրվա լրահոսը

Ապաքաղաքական դիսկոտեկ

Սեպտեմբեր 11,1998 00:00
diskotek

Այսօրվա Ստեփանակերտը հիշեցնում է 1996 թ. Երեւանը։ Քաղաքի բոլոր շենքերի պատերին եւ խանութների ցուցափեղկերին Կարեն Բաբայանի լուսանկարներն են «Հերոս բնակիչների բարեկեցիկ ապագա կոչերով», իսկ երթուղային տաքսիները զարդարված են իրենց ձայնը նրան տալու ստեփանակերտցիներին ուղղված կոչով։

Սակայն եթե 1996 թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի լուսանկարները փակցվում էին մարդկանց համար անհասանելի վայրերում կամ ցուցափեղկերի ետեւում եւ, այնուամենայնիվ, պատռվում էին, ապա Կարեն Բաբայանի լուսանկարները փակցված էին նույնիսկ ցածրահասակների համար հասանելի վայրերում եւ ընդհանրապես պատռված չէին։ Մյուս երկու թեկնածուների մասին հիշեցնող որեւէ տառ կամ լուսանկար չկար, եւ այդ էր երեւի պատճառը, որ իմ գործընկեր Վահան Իշխանյանն ասաց. «Ոչ մի նախընտրական աշխատանք չեն կատարում, բայց պարտվելու դեպքում ասելու են, որ ընտրությունները կեղծել են»։

Ստեփանակերտը, իրոք, մայրաքաղաք է, այն չես համեմատի ուրիշ որեւէ հայաստանյան շրջկենտրոնի հետ, եթե դա նույնիսկ Գյումրին կամ Վանաձորն է։ Քաղաքում գործում են բազմաթիվ սրճարաններ եւ բարեր, պիցերիաներ եւ հայկական խոհանոցներ։ Գները հայաստանյանից անհամեմատ ցածր են, իսկ որակը, հատկապես մսամթերքինը՝ անհամեմատելի է։ Ինձ համար կատարյալ հայտնագործություն էր Ստեփանակերտի դիսկոտեկը։ Երկար սրահում, որտեղ առնվազն 15 սեղան կար, մեզ համար տեղ չգտնվեց։ Բոլոր սեղանները զբաղեցված էին, իսկ սրահում մոտ 60 երիտասարդներ էին։ Հիմնականում 16-18 տարեկան։ Դիսկոտեկի կազմակերպիչը՝ Սուսաննան, պատմեց, որ այս կիսանկուղային սրահը դիսկոտեկի է վերածել իր ընկերների օգնությամբ։ Տեխնիկայի եւ գույքի համար ծախսել է մոտ 5 հազար դոլար, իսկ մնացած ամեն ինչ արել է իր ձեռքերով։

Չնայած Ղարաբաղում զենքի մեծ առկայությանը, Սուսաննան հավատացնում է, որ վեճեր եւ կռիվներ չեն լինում։ Եթե լինում էլ են, ապա ինքը խնդրում է որ. «Այստեղից դուրս գան, ինչ ուզում են անեն»։ Այս մեկ տարվա ընթացքում միայն մեկ անգամ է եղել, որ իրեն չի հաջողվել հաշտեցնել կամ դուրս անել կռվողներին, եւ նրանք գոտիներով «լավ թակել են միմյանց»։ Բայց տղաներ են էլի «Մեկի դուրը չի գալիս, թե ինչպես են իր ընկերուհուն նայում, մյուսն ուղղակի հարբած է»։ Չնայած Ստեփանակերտը եւ ղարաբաղցիներն ընդհանուր առմամբ շատ պահպանողական տպավորություն են թողնում, սակայն դիսկոտեկում աղջիկների պակաս չէր զգացվում, եւ նրանք իրենց չափազանց անկաշկանդ էին զգում։ Տղաները, Սուսաննայի կարծիքով, զինվորականներ են։

Իմ այն հարցին, թե գուցե լավ ապահովված խավ է, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ վերցնում են հիմնականում հյութեր եւ գարեջուր»։ Դիսկոտեկից դուրս գալիս նկատեցի, որ քաղաքացիական հագնված այդ զինվորները եկել են հիմնականում անտենաներով զարդարված «Նիվա»-ներով։ Դիսկոտեկը ժամանցի սիրելի վայր է նաեւ Ստեփանակերտում գտնվող միջազգային հումանիտար առաքելությունների արտասահմանյան աշխատակիցների համար։ Այս դիսկոտեկը Ստեփանակերտի միակ օբյեկտն էր, որի պատերին չկային Կարեն Բաբայանի լուսանկարները, իսկ սեղաններին նախընտրական ծրագրերը։ Իմ հարցին, թե ինչո՞ւ, Սուսաննան կարմրեց եւ մի քիչ սպասելուց հետո պատասխանեց. «Դա պրովոկացիա է, ինձ նման հարցեր մի տվեք»։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930