Սեպտեմբերի 2-ին լրացավ Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի 50-ամյա հոբելյանը։ 22 տարի ղեկավարելով թեմը` սրբազանը Ռուսաստանի ողջ հայության համար դարձել է անվերապահ հեղինակություն։ «Առավոտը» շնորհավորում է Տիրան սրբազանին կեսդարյա հոբելյանի կապակցությամբ եւ ներկայացնում հարցազրույց նրա հետ։
-Սրբազան, ինչպե՞ս եք գնահատում Մոսկվայի հայ համայնքի այսօրվա վիճակը։ Գաղտնիք չէ, որ չնայած համայնքային կազմակերպություններ ստեղծելու բազմաթիվ փորձերին, այնուամենայնիվ, Մոսկվայի հայության միակ ռեալ հավաքատեղին, ինչպես եւ առաջ, մնում է այս եկեղեցին։
-Վերջերս Ռուսաստանի Պետդուման փոքր ազգությունների մասին օրենք ընդունեց, թե ինչպես նրանք կարող են իրենց գոյությունն օրինականացնել պետական մարմինների հետ փոխհարաբերությունները կարգավորելիս. այն կոչվեց մշակութային ինքնավարությունների մասին օրենք։ Հետեւաբար, մինչ այդ ստեղծված ազգային փոքրամասնությունների համայնքային կամ մշակութային բոլոր կազմակերպությունները կարող են գոյություն ունենալ, բայց պետությունը նրանց չի ճանաչի, նրանց հետ հաշվի չի նստի։ Միակ ճանաչելի իրավական կազմակերպությունները պետք է լինեն մշակութային ինքնավարությունները։ Անցյալ տարվա ընթացքում մեծ դժվարություններով գրանցվեցին Մոսկվայի Հարավային եւ Կենտրոնական շրջանների մշակութային ինքնավարությունները։ Սակայն, դժբախտաբար, կան մի քանի տասնյակ մարդիկ, որոնք այս վերջին տասը տարվա ընթացքում իրենց պատից պատ են խփում, նորակազմ բոլոր կազմակերպությունների մեջ փորձում են մտնել, եւ եթե այնտեղ իրենց չեն տալիս ղեկավար դերը, այն քայքայում են, բաժանում են…
Ես չեմ ուզում անդրադառնալ այդ մարդկանց գործունեությանը, խոսքը նրանց մասին չէ։ Այսօր անհրաժեշտ է հնարավորության սահմաններում արագ կազմակերպել հայկական մշակութային ինքնավարությունը։ Այս տարվա վեց ամիսների ընթացքում եկեղեցուն կից կարողացանք ստեղծել մնացած շրջանային ինքնավարությունները։ Մենք այդ մասին տեղյակ պահեցինք ՀՀ դեսպան պարոն Շահբազյանին, նշելով, որ մշակութային ինքնավարության բոլոր անդամները գրանցվում են ըստ իրենց շրջանների։ Հիմա մեր հիմնական նպատակը Մոսկվայի քաղաքային կազմակերպության ստեղծումն է։
Կարդացեք նաև
Դժբախտաբար, ՀՀ նախկին դեսպան Յուրի Մկրտումյանի միջնորդությամբ անցյալ տարի Սամվել Գրիգորյանի ղեկավարած մեկ շրջանային-համայնքային կազմակերպությունը գրանցվեց որպես քաղաքային կազմակերպություն։ Դա կանոնների եւ օրենքի խախտում է։ Այս խժդժություններին ու երկպառակությանը վերջ տալու համար անհրաժեշտ է ստեղծել համահայկական կենտրոնացված մի համայնքային կազմակերպություն։
Բարեբախտաբար, Հայաստանի նոր դեսպան Գագիկ Շահբազյանը բավական սրտացավորեն եւ առողջ դատողությամբ է մոտենում հարցին, տարբեր համայնքային կազմակերպությունների հանդիպումներ է կազմակերպում դեսպանությունում, փորձելով բոլորին համախմբել եւ առողջ համայնք ստեղծել։ Հույս ունենանք, որ առաջիկայում այդ աշխատանքը կավարտվի, կգրանցենք մի կենտրոնական համայնք, որ կկարողանա համախմբել հայությանը, կբարձրացնի մեր կարգավիճակը։ Մեր նպատակն է համախմբել տեղի նշանավոր եւ կարող հայությանը, որպեսզի կարողանանք աջակցել ոչ միայն միմյանց, այլեւ հայրենիքին, հայրենի ղեկավարությանը։
-Սրբազան, քիչ առաջ եկեղեցու բակում Դուք դրամական օգնություն ցույց տվեցիք Հայաստանի մի քաղաքացու, որն այստեղ ծանր վիճակի մեջ է հայտնվել։ Նման դեպքեր շատ են լինում եւ, որքան ինձ է հայտնի, եկեղեցին կարողության չափ օգնում է այդ մարդկանց։ Իսկ որքանո՞վ են մեր կարող հայրենակիցները օգնում եկեղեցուն։ Համենայնդեպս, այս տարի վերանորոգվեց եկեղեցին, կառուցվեց հրաշալի կիրակնօրյա դպրոց…
-Ինչ վերաբերում է եկեղեցուն, մենք այն վերանորոգել ենք մեր ուժերով։ Իհարկե, կան նաեւ անձինք, որոնց մենք դիմում ենք անհատաբար եւ, հավատացեք, երբ հարցը վերաբերում է եկեղեցուն, նրանք չեն զլանում օժանդակել։ Կան ընտանիքներ, որոնք տասնյակ տարիներ հաճախում են մեր եկեղեցին, հարազատներ ունեն թաղված այս գերեզմանոցում, նրանք միշտ պատրաստ են օգտակար լինել մեր եկեղեցում։ Ինչ վերաբերում է կիրակնօրյա դպրոցի շենքին, ապա պետք է ասեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում, երբ թեմական խորհրդի ատենապետ ընտրվեց Վարդգես Արծրունին, բավական մեծ աշխատանքներ կատարվեցին։
Սուրբ Հարություն եկեղեցին դարձավ հայկական կրոնական համայնքի սեփականությունը։ Գերեզմանոցի տարածքում գտնվող Ժամքարյանների կառուցած շենքը նույնպես դարձավ մեր համայնքի սեփականությունը եւ վերանորոգվեց որպես կիրակնօրյա դպրոց։ Ցավոք, շենքը շատ հին է, վերանորոգումից հետո սկսեցին խոնավության հետքեր երեւալ եւ մի երկու ամիս պետք է լրացուցիչ նորոգման համար։ Այս շենքի վերանորոգման հիմնական ծախսը, մոտ 100 հազար դոլար, հոգաց Լեւոն Հայրապետյանը՝ ի հիշատակ գերեզմանոցում թաղված իր հոր։ Այնտեղ կունենանք երկու փոքրիկ դասարաններ, եւ այն կդառնա ոչ միայն կիրակնօրյա դպրոց, այլեւ փոքրիկ մշակույթի տուն. կցուցադրվեն հայ նկարիչների աշխատանքներ, իրենց փորձերը կկատարեն Մոսկվայի կամերային հայկական երգչախումբը եւ հայ երգիչները։
-Սրբազան, իսկ ինչպե՞ս են ընթանում նոր եկեղեցու կառուցման աշխատանքները։
-Ինչպես գիտեք, արդեն երկրորդ տարին է, ինչ Մոսկվայի կենտրոնական մասում հայկական եկեղեցի կառուցելու համար 1,6 հեկտար տարածք ենք ստացել։ Մեկ տարի առաջ նախագծի մրցույթում հաղթեց Ջիմ Թորոսյանի շատ հետաքրքիր նախագիծը։ Սակայն վեհափառի ծանոթանալուց եւ թեմական խորհրդում հարցը քննարկելուց հետո՝ որոշվեց այդ նախագծով չկառուցել։ Բանն այն է, որ այս յուրահատուկ նախագծով պետք է կառուցվեր հայկական խաչի ձեւով հսկայական մի համալիր, որ կենտրոնում պետք է լիներ Աղթամարի սբ. Խաչ եկեղեցու կրկնօրինակը։ Սակայն սբ. Խաչը այս ոչ մեծ եկեղեցու չափսն ունի, իսկ մեզ անհրաժեշտ է, որպեսզի հազար հոգի կարողանան տեղավորվել եկեղեցում, քանի որ Մոսկվայի հայկական համայնքն այսօր բավական ծավալուն է, եկեղեցի հաճախողների թիվն էլ օր-օրի մեծանում է։
Այժմ մենք ունենք նոր նախագիծ, որն ընդունվել է թեմական խորհրդի կողմից։ Մնում է միայն, որ այն հաստատվի Մոսկվայի իշխանությունների կողմից, որպեսզի անմիջապես սկսվեն աշխատանքները։ Նախնական հիմնադրամն արդեն կա եւ աշխատանքները սկսելուն պես կհայթայթվեն անհրաժեշտ գումարները։ Օրինակ՝ մի հայորդի արդեն այս նպատակով հինգ միլիոն դոլար հատկացնելու պատրաստակամություն է հայտնել։ Մի խոսքով, անհրաժեշտ գումարները կգտնվեն, տեղի հայ մեծահարուստները կհատկացնեն անհրաժեշտ գումարները, բայց լավ կլիներ, որ բոլոր հայերը մասնակցեին հանգանակությանը, գոնե մեկ ռուբլու չափով, որպեսզի եկեղեցին համազգային կառույց լինի։
Կարելի է նշել, որ եկեղեցու հիմնադրմանը խոստացել են մասնակցել քաղաքագլուխ Յուրի Լուժկովը, պատրիարք Ալեքսին, այլ բարձրաստիճան անձինք։ Հուսով եմ, որ եկեղեցու հիմնադրման արարողությունը կվերածվի համազգային տոնակատարության։ Դրանից բացի, ի լուր հայության, կուզեի հայտարարել, որ «Պոկլոննայա գորայի» տարածքում, ի հիշատակ հայրենական պատերազմի հայորդի հերոսների, շուտով կկառուցվի հայկական փոքրիկ մատուռ-եկեղեցի։ Նոր մատուռի կառուցման աշխատանքների ֆինանսավորումն ամբողջությամբ ստանձնել են Նիկոլայ եւ Համբարձում Սաֆարյան եղբայրները՝ ի հիշատակ իրենց ննջեցյալների։
ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մոսկվա