Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՑ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ «ՎԻՇՏԸ»

Սեպտեմբեր 11,1998 00:00
dat

Հայաստանի փաստաբանների տունը կռիվ էր ընկել։ ՀՀ նախագահը ստորագրել էր ԱԺ կողմից ընդունված «Փաստաբանական գործունեության մասին» օրենքը, որը «շրջանառության մեջ» պիտի դրվի 1999 թ. հունվարի 12-ից։ Փաստաբանների մի մասը չի ուզում էդ «քորփա» օրենքը «մարդ դառնա, աշխատանք անի», մի մասն էլ հակառակը, գտնում է, որ օրենքը լավն է եւ ունի ոչ միայն «պրակտիկ», այլ՝ «պատմական նշանակություն»։

Հայտնի պատմության պես «մի տխուր ու խաղաղ» երեկո «Անի» հյուրանոցում «Ֆեմիդա» հասարակական կազմակերպության հրավերով կազմակերպվեց սույն օրենքի քննարկումը։

«Ավարտվեց օրենքների ընդունման էյֆորիան»

Նախ, տեղեկացնենք, որ երկու հակառակ կարծիքներ ունեին փաստաբաններ Ռուբեն Ռշտունին եւ Շալիկո Դարբինյանը։ Վերջինիս հետ «համամիտ» էր վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախագահ Մհեր Խաչատրյանի 10 էջանոց շարադրանքը (հոդվա՞ծը. «Փաստաբանական ծառայությունը որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտ» – Ռ. Մ.), որը բաժանվեց հավաքի մասնակիցներին։ Պրն Ռշտունին հայտնեց, որ ինքը քննարկմանը մասնակցում է ոչ թե որպես ընդդիմախոս, այլ «եկել է հայտնելու իր կարծիքը», որն իր համար դոգմա չի, քանի որ «այն ստուգվել է այլ մասնագետների կողմից, ուր երբեմն հաղթել, երբեմն պարտվել է»։

Ինչեւէ։ Ռ. Ռշտունու կարծիքով, «այսօր ավարտվեց օրենքների ընդունման էյֆորիան, հապճեպ, իրար վրա, պլան կատարելով, եւ սկսվում է ծանրակշիռ-մտածված աշխատանք այդ օրենքները քննադատելու եւ այդ օրենքներում փոփոխություններ մտցնելու ուղղությամբ»։ Հարգարժան փաստաբանը նկատեց, որ մեզանում որեւէ օրենք ընդունելուց հետո է սկսվում օրենքի փոփոխության գործընթացը, հետո՝ փոփոխության փոփոխությունը, հետո՝ փոփոխության փոփոխության լրացումը…

Անդրադառնալով «Փաստաբանական գործունեության մասին» օրենքին, նա նշեց, որ փաստաբանությունն անկախ չի լինելու, վկայակոչելով 1990 թ. ԵԱԿԽ մարդկային չափանիշների խորհրդաժողովի (Կոպենհագեն) խորհրդակցության փաստաթուղթը, ուր արձանագրված է, որ փաստաբանների անկախությունը ճանաչվում եւ պաշտպանվում է, մասնավորապես, նրան աշխատանքի ընդունելու հանգամանքով։ Մինչդեռ, օրենքում գրված է, որ փաստաբանը պետք է քննություն հանձնի նախագահի կողմից հաստատված պետական հանձնաժողովին. «Հասկացանք, որ որակը պիտի ստուգվի, իսկ ինչո՞ւ դատախազության մասին օրենքում այդ բանը չկա, ինչո՞ւ ԱԺ-ն փաստաբանների եւ դատախազների հավասարության սկզբունքի մասին խոսելով գտնում է, որ փաստաբանները միայն պիտի քննություն տան»։

Տարակուսելի էր նաեւ այն հարցը, թե ովքեր են ընդգրկվելու այդ հանձնաժողովում. «Գուցե նրանք,- մտահոգվում էր փաստաբանը,- ովքեր ներքուստ կուզեին «Դրոյին» մասնակցած Ռշտունուն մի լավ սեղմել»։ Փաստաբանի համար անհասկանալի էր նաեւ «հատուկ արտոնագրման կարգի» մասին հարցը. «հատուկ արտոնագրված փաստաբանը պետք է քննություն հանձնի հատո՞ւկ ծրագրով, ներեցեք, ինչ բան է հատուկ ծրագիրը»: Համաձայն այդ օրենքի, բողոք բերելու իրավունք ունեն փաստաբանները, այն էլ ամեն տարին մեկ միությանը թույլատրվում է մեկ բողոք բերել (հատուկ արտոնագրված փաստաբանի կողմից – Ռ. Մ.), ինչը պրն Ռշտունին համարեց պարզապես անեկդոտ։

Ո՞վ է լինելու այդ հատուկ մարդը, ե՞րբ կձեւավորվեն փաստաբանական այլ միությունները. «Ընդունելով, որ բողոք բերող փաստաբանը իրավունք չունի ներկա գտնվել բողոքի քննարկմանը։ Այսինքն, ես բողոքը բերել եմ, 13 հոգի հավաքվել են, ես իրավունք ունեմ թաթիկների վրա մտնել, նստել եւ ասեմ, ներեցեք, ինչո՞ւ»։ Այս հավասարություն չէ… Եթե հսկողական ատյանը մասնավոր որոշում է կայացրել արտոնագրված փաստաբանի նկատմամբ (ինչը ցանկացած պահին հնարավոր է – Ռ. Մ.), հետեւաբար, այդ փաստաբանը կարող է զրկվել իր արտոնագրից։

Ինչ վերաբերում է լուծարման խնդրին, ավելի պատկերավոր, ըստ Ռշտունու, հնչեղությունն այսպիսին էր. «Գնացին 50 հոգանոց միություններ ստեղծելու, փաստաբանությունը մասնատելու ուղղությամբ»։ Հավաքին հնչեց նաեւ առաջարկ. պետական հանձնաժողովի փոխարեն մեկ տարի հատուկ փաստաբանական դպրոց ստեղծելու մասին…

«Ընդունելության» քննություններն անհրաժեշտ են

Փաստաբան Շալիկո Դարբինյանի կարծիքով օրենքն ամենահաջողված ու կատարյալն է բոլոր ընդունված օրենքներից, ինչն, ի դեպ, չի կիսում փաստաբանների կոլեգիայի նախագահությունը։ Վերջինս, ըստ Դարբինյանի, «մոլեռանդ կերպով պայքարում, ճիգ ու ջանք է գործադրում, որ ստեղծվի փաստաբանների քննական հանձնաժողով, որպեսզի տնավարի ձեւով քննություններ ընդունեն»։

Նախ, նշեց նա, Երեւանում հարկավոր է 100 փաստաբան։ Վերջին մեկ տարում փաստաբանների կոլեգիայի նախագահությունը «էդ փաստաբանական քննության պատրվակով ո՞ւմ ասես, որ փաստաբան չընդունեց. 20-21 տարեկան երեխաների», նրանց «ովքեր չգիտեն որտեղ են ավարտել»։ Ըստ Շ. Դարբինյանի, անկախություն չի կարող լինել, քանի որ ստեղծվել է պահանջարկի եւ առաջարկի անհամամասնություն։ «Փաստաբանները վխտում են հիմա անկախ այն բանից, միության անդամ են, թե ոչ, նրանք պոտենցիալ փաստաբաններ են, դիպլոմը գրպանում է»։ Նա մեղադրեց կոլեգիայի նախագահությանն այն բանում, որ «լավագույն փաստաբանները պարապության են մատնվել եւ ապաորակավորվում են արհեստականորեն»։

Դիմելով «կուժ քեզ եմ ասում, կուլա դու հասկացիր» փաստաբանական հնարքին, անուղղակիորեն ակնարկելով Ռշտունուն. «ինչի՞ եք խրտնում պետական հանձնաժողովից, եթե դու քո ուժերի վրա վստահ ես»… Դա ըստ փաստաբան Դարբինյանի նույն մեկնագծի վրա կկանգնեցնի փաստաբաններին, իրավաբաններին։

Մհեր Խաչատրյանի «շրջաբերականը»

Երեկ «ֆեմիդայում» շրջեց նաեւ Մհեր Խաչատրյանի շրջիկ հոդվածը (ցանկալի կլիներ, անշուշտ, լսել եւ նրա կարծիքը)։ Մ. Խաչատրյանի գրավոր «արձանագրության» մեջ կա կարծիք, որ օրենքն ապահովում է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու, նրա կարգավիճակի, փաստաբանական անկախ միություններ ստեղծելու պատասխանները։ Բարձր գնահատելով որակավորման պետական հանձնաժողովի դերը՝ նա կարծում է, որ այն պետք է կազմվի ՀՀ նախագահի կողմից, լինելով ներկայացուցչական՝ ընդգրկելու է փաստաբանների, դատավորների, իրավաբան-գիտնականների, «ինչու չէ՝ նաեւ հ/ք կազմակերպությունների ներկայացուցիչների», լավատեսորեն եզրակացնելով, թե այն կազդի հետադարձ կապով նաեւ բուհի վրա, «դրանով կլուծվի նաեւ պետական եւ ոչ պետական իրավաբանական բուհերի տարբերության հարցը», ինչը խիստ կասկածելի է առաջիկա 20 տարիներին…

Ռշտունու բարձրացրած «դիմումի մերժումը կարող է բողոքարկվել դատարան» ձեւակերպումը, Մ. Խաչատրյանի տարբերակում այսպես էր. «քաղաքացիական հասարակության անդամն իրավունք ունի դիմել դատարան եւ պարտավոր է կանգնել դատարանի առջեւ եւ ստանալ իր կողմից վիճարկվող իրավունքը միայն դատարանի միջոցով»։ Նորամուծություն է օրենքի 5-րդ հոդվածը, որով սահմանված է՝ խորհրդատվության (փաստաթղթերի կազմումով), պաշտպանական լիազորությունն իրականացնելու (փաստաբանի կողմից) սահմանումը։

Եվ, վերջապես, ըստ Մ. Խաչատրյանի «շրջաբերականի» «ոմանք սխալմամբ կարծում են, որ փաստաբանը պետք է իրավունք ունենա չմտնելու որեւէ փաստաբանական միության մեջ, սակայն նրանք չեն պատասխանում, անհրաժեշտության դեպքում ո՞ր մարմինը փաստաբանին պետք է ենթարկի պատասխանատվության» (ստացվում է այնպես, որ հնարավոր պատասխանատվության ենթարկելու համար են նախ եւ առաջ այդ միությունները – Ռ. Մ.)։ Ինչ վերաբերում է հակափաստարկներին, թե ի՞նչ է տալու միությունների ստեղծումը, ապա փաստաբաններից շատերի կարծիքով կգործի ոչ թե մեկ, այլ՝ մի քանի փաստաբանական միություններ, եւ հակակշիռ կստեղծվի դատարան-դատախազություն-նախաքննական-հետաքննական մարմինների նկատմամբ։ «Փաստաբանական գործունեության մասին» օրենքի ետծննդյան «շնորհավորանքները» շարունակվում են։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930