Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պահպանել մայրենի լեզվի անաղարտությունը

Սեպտեմբեր 11,1998 00:00
sxal

Հաճելի է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել է մայրենի լեզվի օգտագործման, նրա անաղարտության պահպանման նկատմամբ վերաբերմունքը։ Այդ մտահոգությունը զգացվում է ամենուր՝ թե՛ պաշտոնական ու ոչ պաշտոնական խոսքում, թե՛ ընտանիքում ու դպրոցում եւ հասարակական միջավայրում։ Լավ է, որ հանրապետության թերթերը, ամսագրերը եւ ինֆորմացիայի մյուս միջոցները ոչ միայն պրոպագանդում են մայրենին, այլեւ ստեղծում պայմաններ, նախանշում ուղիներ էլ ավելի մաքուր, գեղեցիկ ու հնչեղ դարձնելու ազգային լեզուն։

Սակայն այդ դրականի հետ միասին չի կարելի չնկատել կամ անտարբեր լինել այնպիսի բառերի, արտահայտությունների անհարկի օգտագործման նկատմամբ, որոնք ազատորեն հնչում են պաշտոնական խոսակցություններում, պրոպագանդվում ամենուրեք, անգամ տպագիր օրգաններում, կարծես թե հարազատ խոսք է, սեփական լեզվական արտահայտություն։ Կան բառեր ու արտահայտություններ, որոնք հայերեն չեն եւ մեր խոսքում թափանցել են վերջին հարյուրամյակներում հասկանալի պատճառներով, բայց, չգիտես ինչու, շատ համարձակ ու հաճույքով են օգտագործվում մեր մտավորականության կողմից, առանձնապես հանրապետական մամուլում, ռադիոյի եւ հեռուստատեսային հաղորդումներում։

Երբեմն այդ բառերն ու արտահայտությունները տեղ են գտնում հենց այն խոսքում, որտեղ քննարկվում է ազգային դպրոցի, մայրենի լեզվի ուսուցման, մաքուր մայրենիի անաղարտ լինելու խնդիրը։ Այժմ ամենուրեք կարելի է լսել ու կարդալ կրթօջախ, մարզօջախ, մշակույթի օջախ, գիտության օջախ, երկրաշարժի օջախ, մայր օջախ, օջախ եւ այլն։ Ակամայից հարց է առաջանում, երբ հայերենում կա դպրոց, կրթարան, դպրատուն, դպրանոց, ուսումնարան, վարժարան, մարզադպրոց, ուսումնական կենտրոն, համալիր, մշակույթի տուն, գիտական կենտրոն, երկրաշարժի էպիկենտրոն, գիտության տուն եւ բազմաթիվ այլ բառակապակցություններ, արտահայտություններ, որոնք իսկապես հայերեն են եւ այն էլ մեսրոպյան հայերեն, ինչո՞ւ չեն ընտրվում այս գեղեցիկ ու արտահայտիչ բառերը, եւ դրանք փոխարինվում են օջախներով։

Եվ երբեմն էլ միեւնույն հոդվածում, անգամ միեւնույն նախադասության մեջ, այնպես են խառնվում դպրոց ու կրթօջախ արտահայտությունները, որ չես իմանում որն ինչ իմաստով է ներկայացված։ Կար ժամանակ, երբ ասում էինք ու գրում սպորտդպրոց, իրավացիորեն ընդունվեց եւ մասսայականություն վայելեց մարզադպրոցը, այժմ արդեն ոմանց այդ էլ չի բավարարում եւ անտեսելով իսկական հայերենը, ասում են մարզօջախ, մարզական օջախներ եւ այլն։

Մի՞թե մարզահրապարակը, մարզադպրոցը, մարզադաշտը եւ մյուսներն այնքան արտահայտիչ չեն, որքան մարզօջախները, որ ոմանք հրապուրանքով են օգտագործում՝ կարծելով մեծ նորույթ է ազգային խոսքում։ Սակայն որքան էլ այժմ հասկանալի ու ըմբռնելի լինեն դրանք, հարյուրամյակներ հետո երեւի մեր այս օրերի պատմությունն ուսումնասիրողների համար պարզ չի լինի դպրոցն ու կրթօջախն ինչով են նման եւ ինչով տարբեր, նկատի ունենալով, որ ապագայի համար դպրոց հասկացողությունը մնայուն է, իսկ կրթօջախը կդառնա ոչ գործածելի։

Մի խոսքով, օջախ, մայր օջախ, մայր կրթօջախ, պապենական օջախ, հանգստյան օջախներ, մարզօջախներ, երկրաշարժի օջախներ եւ չես էլ իմանում այդ օջախաշարքերը որքան են շարունակվելու եւ համալրվելու եւ որտեղ է վերջանալու, որ մենք մեր բնակավայրին, բնակարանին, մեր տանը օջախ չասենք, մեր կրթական բոլոր հաստատություններին առանց սահմանափակման չկցենք «օջախը»։ Եթե այդպես շարունակվի, Աստված մի արասցե, առաջիկայում սպասվում է կառավարական հիմնարկներն էլ օջախով կոչել՝ կառավարական օջախներ, օրենսդիր օջախներ, լուսավորության օջախներ եւ այլն։

Թիվ եւ համար

Որոշ թերթեր այժմ հրաժարվել են համարակալվելուց եւ գրում են թիվ 4, թիվ 10 եւ այլն, մյուսները գրում են N4, N10, որոշ թերթեր էլ երեւի խուսափելով ավելորդ խոսակցություններից, ընտրում են միջին տարբերակը, միայն նշելով թվաքանակը՝ 4, 5 կամ էլ հորինել նոր պայմանանշան։ Դպրոցները նախկինում ճանաչվում էին համարակալման սկզբունքով, օրինակ՝ N15 միջնակարգ դպրոց կամ N24 եւ այլն։ Այժմ գրվում է կամ ասվում՝ թիվ 15 դպրոց, թիվ 24 դպրոց։ Առօրյա խոսակցության ժամանակ էլ ասվում է մեր թիվ 1 հարցը, իսկ գրավոր խոսքն էլ երբեմն արտահայտվում է «Մեր առջեւ ծառացած թիվ 1 հիմնահարցը» եւ այլն։ Ստացվում է, որ առաջիկայում համարակալված շատ օբյեկտներ եւ երեւի տրանսպորտի միջոցներ կոչենք ոչ թե ասելով համար 1 ավտոբուսը, այլ թիվ 1 ավտոբուսը, ոչ թե համար 15 շենքը, այլ թիվ 15 շենք եւ այսպես շարունակ։

Համարը, համարողությունը գալիս է ոչ միայն 7-րդ դարից, այսինքն՝ Անանիա Շիրակացու ժամանակներից, այլ, ինչպես Շիրակացին է գրում, ստեղծվել է նախնիների ջանքերով, այսինքն՝ համարը, համարակալելը, համարողությունը ոչ թե միջին դարերի արդյունք է, այլ այն գալիս է դարերի խորքից եւ հետագայում շարունակվում է առօրյա կյանքում եւ գիտության բնագավառում։ Ուստի, ոչ թե պետք է փնտրել նոր տարբերակ, այլ գործածել որպես մեր ազգային լեզվի մասունքներից մեկը՝ ե՛ւ համարը, ե՛ւ համարողությունը ու դրանց հետ առնչվող, դրանցով կազմվող բոլոր բառերը։ ժողովածու, թե շտեմարան Այժմ լույս են տեսնում բոլոր առարկաներից հարցերի, վարժությունների, խնդիրների գրքույկներ, ձեռնարկներ, որոնք պետք է օգտագործվեն դպրոցում ավարտական քննությունների եւ բուհերում ընդունելության քննությունների համար։

Կար ժամանակ, որ գրվում էր եւ ասվում խնդիրների եւ վարժությունների ժողովածու, խնդրագիրք եւ այլն։ Այժմ ստեղծագործական մտքի այս թռիչքային զարգացման պայմաններում բոլորը գտել են նոր անվանում՝ «Մաթեմատիկայի խնդիրների եւ վարժությունների շտեմարան», «Հայոց լեզվի հարցաշարերի շտեմարան» եւ մինչեւ անգամ «Քիմիայի շտեմարան»։ Նույն առարկայից մեկն անվանում է «շտեմարան», մյուսը՝ «հարցարանների ժողովածու», երրորդը՝ «հարցաշարերի ժողովածու» եւ այլն։ Ընդ որում՝ բացատրականում որպես վերնագիր ներկայացվում է «Շտեմարանի կառուցվածքը», մի՞թե իսկապես պետք է վերնագրել շտեմարանի կառուցվածք…։ Իսկ ներածականում գրվում է «Շտեմարանը կարող է հաջողությամբ օգտագործվել ուսուցիչների կողմից, որպես առարկայի ուսուցման մեթոդական ձեռնարկ…»։

Եթե այդ մեթոդական ձեռնարկ է, էլ ինչո՞ւ ենք անվանում շտեմարան, եթե այն հարցերի ժողովածու է, էլ ինչո՞ւ ենք շտեմարան կոչում։ Ժամանակակից հայոց լեզվի բառարանում շտեմարանը ներկայացվում է որպես ամբար, պահեստ, մթերանոց, մեծ պաշար, գանձարան եւ այլն։

ԵՐՋԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՀ վաստակավոր ուսուցիչ

Տեղի սղության արդարացմամբ անխղճաբար կրճատել ենք սույն հրապարակումը (մանավանդ որ լեզվի խաթարման օրինակները զարմանալիորեն «Առավոտից» չէին), սակայն խմբագրելու որեւէ փորձ մեզ թույլ չենք տվել՝ վստահելով վաստակավոր ուսուցչի լեզվի իմացությանը։ Միայն թե, անկեղծորեն չենք հասկանում՝ ինչո՞ւ է նա ցանկանում լրագրողներիս զրկել մեր հարուստ լեզվի հոմանիշներից։ Եթե արգելվի բոլոր այն բառերի գործածությունը, «որոնք հայերեն չեն եւ մեր խոսքում թափանցել են վերջին հարյուրամյակներում», ապա հենց իր տեքստից քանի՞ բառ հարկ կլիներ հանել։ Այնուամենայնիվ, քանի որ մենք էլ ենք մտահոգ, որ հանկարծ ու իսկապես գրածներս «հարյուրամյակներ հետո երեւի մեր այս օրերի պատմությունն ուսումնասիրողների համար պարզ չի լինի», բաղձում ենք Լեզվի պետական տեսչությունից ստանալ ցանկն այն բառերի, որոնք «իսկապես հայերեն են եւ այն էլ մեսրոպյան»։ Մի մասնավոր խնդրանք. «Առավոտին» հատկապես հետաքրքրում է «բուլվարային» բառի մեսրոպյան տարբերակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930