Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆ ԱՍԵԼԻՍ՝ ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆԻ ՈՏՔԵՐԸ ԴՈՂՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 11,1998 00:00
Karmirshalyan

Չհարցրի՝ ինչո՞ւ է այդպես

Փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտ շտապող լրագրողս գիտեր, թե ներկա է լինելու հասարակական կազմակերպությունների միգրացիոն սեկտորի նիստին։ Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանն էլ համենայնդեպս այդպես ասաց՝ ներկայացնելով այն երկու հարցերը, որոնք կան օրակարգում։ Դրանցից որպես առաջինը նշվեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Եվրոպական բյուրոյի ներկայացուցչի՝ Հայաստան կատարած այցելության ժամանակ հայտնած այն միտքը, որ իրենց գրասենյակը կդադարեցնի զբաղվել արդեն 10 տարի ձգձգվող կոնֆլիկտ ունեցող տարածաշրջանով։ Երկրորդը հասարակական կազմակերպություններ եւ մամուլ փոխհարաբերություններն էին։

Եվ սկսվեց «նիստը»՝ չգիտես ինչու երկրորդ հարցից։ Սրա առիթը, ինչպես իրենք ներկայացրին, մամուլում եւ մասնավորապես «Առավոտ»-ում տպագրված մի շարք հոդվածներն են, որտեղ «հասարակական կազմակերպությունների գործունեությունը քննարկվում է առանց իրենց ներկայության»։ Պարզվում է, որ հասարակական կազմակերպությունները խիստ մտահոգված են մեր «լրատվության մակարդակով», մանավանդ որ գտնում են, որ «հասարակական կազմակերպությունները եւ մամուլը քաղաքացիական հասարակության հիմնաքարերն են եւ պիտի համագործակցեն»։ Մի բան էլ էր մտահոգում «հասարակականներին». մամուլի նկատմամբ վստահությունը ընկնում է, ընդ որում մամուլն ինքն է այդ հարցում ջանում, եւ նրա օգնությամբ ընկնում է նաեւ վստահությունը հասարակական կազմակերպությունների նկատմամբ։

Թե ինչպես կարող է մեկը (տվյալ դեպքում մամուլը), որի նկատմամբ վստահությունն «ընկած է», իր հրապարակումներով «գցել» ժողովրդի՝ մի ուրիշի նկատմամբ ունեցած վստահությունը, պատրաստվում էինք հարցնել այս պարադոքսալ միտքն արտահայտողին։ Սակայն սկսվեց «ցայտուն օրինակների» ցուցադրությունը. որպես ամենաթարմը դրանցից ներկայացվեցին Վլադիմիր Կարմիրշալյանի մասին «Առավոտի» վերջին հրապարակումները եւ «ՀպրտցոսՌՍՈ ԸՐՎպվՌ255»-ում ինչ-որ չկայացած այցի մասին տրված տեղեկատվությունը։ Այս վիճակն, ըստ ելույթ ունեցողի, արդեն զավեշտի է վերածվում (հուսով ենք, մեր հետագա շարադրանքը զավեշտի ավելի ցայտուն օրինակներ կարող է տալ – Ա.Գ.)։

Գեւորգ Պողոսյանն անընդմեջ շեշտում էր, թե չի ուզում առանձին դեպքերի, մասնավորապես «Առավոտ»-ին, անդրադառնալ ու անընդհատ էլ չէր դիմանում այդ՝ հավանաբար անդիմադրելի գայթակղությանը։ «Չենք ուզում, որ ՀԿ-երը մամուլին դիպչեն, ձեռք առնեն»,- մեծահոգաբար ասաց պրն Պողոսյանը: «Նաեւ հակառակը»,- շտապեց միջամտել Վլադիմիր Կարմիրշալյանը (մարդու տառապանքը փորձ ունի – Ա.Գ.)։ Հետո ավելի «փառահեղ» մտքեր հայտնվեցին։ Իմացած եղեք, Կարմիրշալյանի կենտրոնի դեմ (ինչքան էլ պրն Կարմիրշալյանը ճշտեց իր կենտրոնի անունը), մենք այսպես ենք նպատակահարմար գտնում կոչել, «կամպանիա» է կազմակերպված, «Առավոտ»-ն այդ «կամպանիային» է ծառայում, էջեր է դրան տրամադրում…

Ինքը՝ Կարմիրշալյանն էլ «չէր ուզում անդրադառնալ հրապարակումներին», ուղղակի ուզում էր ասել, որ արդեն ինքը մամուլի ասուլիս է կազմակերպել, հերքումներ է արել, բայց երկու օր հետո թերթում կարդացել է, որ փախստականները բողոքում են իրենից («Դեռ անոնս էլ տրվել էր»)։ Ոչ ոք չէր ուզում «առանձին դեպքերի անդրադառնալ», չէ՜, պարզապես լրագրողներին խորհուրդ էին տալիս «ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ձեւավորել որեւէ երեւույթի մասին գրելիս»։

Մի հասարակական կազմակերպություն՝ «Հայրենիքը հայոց», մի գովք ասաց՝ առ Կարմիրշալյան ու նրա կենտրոն, մի երիտասարդ իրավաբան՝ պրն Զադոյան, չուզեց քննադատել իր իսկ բառերով՝ «ամենաշատ կարդացվող «Առավոտ» թերթին»։ Նա էլ արհեստավարժամետ խորհուրդներ տվեց լրագրողներին, եւ այստեղ կազմակերպիչները չդիմացան եւ հարցրին՝ «Առավոտ»-ից չկա՞ լրագրող»։ Պարզելով ինքնությունս՝ Գ. Պողոսյանը խոստացավ ինձ էլ «ձայն տալ», ու միանգամից ինձ թվաց, թե դատարանում վկայություն տալու եմ եկել։ Ուզում էի շնորհակալություն հայտնել նման մեծահոգության համար, այն էլ Հրանուշ Խառատյանը խոսեց վերեւների բարոյազրկման դեպքում համատարած բարոյազրկման բնական լինելու մասին, ընդ որում ասաց, որ բարոյազուրկ հասարակության մեջ «հասարակական կազմակերպությունները իրենց գործունեությունն իրականացնելու համար պիտի մտնեն իրենց թելադրված խաղի կանոնների մեջ»։

Մենք չհասկացանք, գուցե դո՞ւք բացատրեք, տկն Խառատյանը դրանով բացառո՞ւմ, թե՞ ընդունում էր հասարակական կազմակերպությունների բարոյազրկման հնարավորությունը։ «Զինվորի մայր» կազմակերպության ներկայացուցիչը կոչ արեց նախ ճանաչել հասարակական կազմակերպությունը, հետո ռմբակոծել այն։

Հայաստանի գթության «Ապավեն» հիմնադրամի տնօրեն Նարինե Բալայանը մյուս հասարակական կազմակերպություններին կոչ արեց հետեւել իրենց օրինակին եւ իրենց ամբողջ գործունեությունը տեսագրել տեսաերիզների վրա։ Նրա հիմնավորմանը մենք էլ ենք միանում «Մարդը եթե կեղտոտ չի, կեղտը նրան չի կպչում»։ Այս արտահայտությունը պրն Կարմիրշալյանին առիթ տվեց հայտնելու, որ այդ հավաքը «նվիրված չէ իրեն պաշտպանելուն»։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու իրեն պաշտպանելու նպատակով պրն Կարմիրշալյանը չի դիմում դատարան, վերջինս պատասխանեց, որ Արամ Աբրահամյանն արդեն իրեն դա ասել է։ Իսկ ինքը դատարան չի դիմում, որովհետեւ, իր կարծիքով, այնտեղ նման հարցերը չեն լուծվում։

Տեսնես, պրն Կարմիրշալյանին ո՞ր դատարանն է հայտնել, որ անհայտ հեղինակի հոդվածին առնչվող գործ չի ընդունում։ Իսկ խմբագրությանն ինչու՞ պատասխանատվության չի կանչում, չնայած նախօրոք արված հայտարարությանը, դա էլ միայն ինքը կիմանա։ Լրագրողների (բացառությամբ «Ազգ»-ի) դիտողությունը, թե ամբողջ, այսպես կոչված, նիստը միայն «Առավոտ»-ի հետ հարաբերությունները պարզելուն է նվիրվում, կազմակերպիչներին հիշեցրեց, որ մի հարց էլ կար՝ փախստականների հետ կապված։

Իմիջիայլոց այս մի հարցը, որ մի կերպ՝ ոտքի վրա, իբր ներկայացվեց, շատ ավելի կարեւոր, հրատապ էր եւ լուծումներ էր պահանջում։ Բանն այն է, որ միջազգային դոնոր կազմակերպությունները հնարավոր է, որ դադարեցնեն զբաղվել մեր փախստականների հարցերով՝ երկու պատճառով։ Նախ, ըստ նրանց, այս տարածաշրջանում կոնֆլիկտը չափից ավելի ձգձգվեց, եւ իրենք կորցնում են դրա նկատմամբ իրենց հետաքրքրությունը։ Երկրորդ՝ փախստականների հարցերի լուծման միայն մեկ՝ ՀՀ քաղաքացիությունն ընդունել տալու՝ մեր պետության ընտրած ճանապարհը։ Այդ դոնորները հետաքրքրության վերստին բորբոքման պայման տեսնում են կոնֆլիկտի շուտափույթ լուծումը։

Սրան ի պատասխան մեր հասարակական կազմակերպությունները հրաժարվել են բնական լուծում պահանջող հարցերին արհեստականորեն միջամտել։ Այսպես, մի երկու խոսքով եզրափակելով այս հարցը՝ «նիստ»-ը ավարտվելու վրա էր, երբ Վլ. Կարմիրշալյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ առանձին զրուցելու ցանկություն հայտնեց։ «Առավոտ»-ը չփոխադարձեց մարդու մեծագույն պաշտպանի սույն ցանկությունը, ինչը պրն Կարմիրշալյանի համար «հաջորդ առավոտ «Առավոտ»-ում ի՜նչ հոդված տեսնելու» գուշակության առիթ դարձավ։ Չգիտենք՝ արդյո՞ք կատարվեց գուշակությունը։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930