Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԶՄԵՐԱՆԳ ԿՂԶԻ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐՇՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Սեպտեմբեր 11,1998 00:00
grqer

Նախկին Խորհրդային Միությունը հիշեցնող իրողություններից է Մոսկովյան Միջազգային Գրքի տոնավաճառը, որն ավանդաբար շարունակում է տեղի ունենալ նախկին Միության մայրաքաղաք Մոսկվայում։ Ամեն տարի այս միջոցառմանը մասնակցում է Հայաստանը։ 1987-ին՝ Մոսկովյան տոնավաճառի 10-ամյակին Հայաստանը պարգեւատրվեց հատուկ դիպլոմով։ Այս տարի 20-ից ավելի հրատարակիչներ, ներկայացնելով ավելի քան 200 անուն գիրք, ավանդույթը չխախտեցին ու մեկնեցին Մոսկվա։ Մոսկովյան գրքի XI-րդ տոնավաճառը ինչպես նախկինում, այս տարի էլ բացվել էր ԹԺծղ-ում եւ զբաղեցնում էր նրա 57 եւ 20 սրահները։

Մոսկվայի ընդհանուր իրարանցումային մթնոլորտում այս միջոցառման՝ լրատվամիջոցներով անընդհատ գովազդը նշանակում էր, որ մշակութային ավանդույթների վրա դժվար է ներազդել, եթե այդ միջոցառումը մշակույթի մեծ ավանդույթ ունեցող երկրում է տեղի ունենում։ Հայկական «տարածքի» աշխատանքները կազմակերպում էին «Նաիրի»-ի աշխատակիցներ Սվետլանա Հարությունյանը եւ Կարինե Կարմենյանը, որոնք նման աշխատանքի (Մոսկվայում) բազմաթիվ տարիների փորձ ունեին։ Տոնավաճառի ընթացքում, որը տեւեց սեպտեմբերի 2-7-ը, բացի գրքերի առք ու վաճառքից, կազմակերպվում էին բազմաթիվ միջոցառումներ, որոնք հետաքրքիր էին թե՛ իմացական, թե՛ գիտելիքի ձեռքբերման առումով։ Երկու սրահներում էլ գործում էին բիզնես եւ մամուլի կենտրոններ։

Մոսկովյան XI տոնավաճառի գլխավոր տնօրեն Օվսյաննիկովը տեղեկացրեց, որ միջոցառմանը ներկայացված են ավելի քան 1700 գրահրատարակչական ընկերություններ։ «Սա մեր օրերի ամենագեղեցիկ միջոցառումն է Մոսկվայում, ես կասեի՝ սա գունեղ, սքանչելի կղզի է ընդհանուր մռայլ մթնոլորտում»,- խոստովանեց գլխավոր տնօրենը։ Ռուսաստանի տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունը թողեց նաեւ տոնավաճառի վրա։ Գրքերի գները թեեւ չբարձրացան, վաճառքը բավականին դժվար էր ընթանում։ Տոնավաճառին մասնակցում էին ոչ միայն Մոսկվայի հայտնի հրատարակչական ֆիրմաներ, այլեւ Ռուսաստանի ռեգիոնալ հրատարակչություններն ու գրախանութները։ Իր բազմազանությամբ աչքի էր ընկնում մանկական գրականությունը։ Լայնորեն ներկայացված էին տարբեր երկրների իրավաբանական գրականությունը, զանազան տեղեկատվական հրատարակություններ, բառարաններ։

«Ռուսաստանը մնում է ամենակարդացող երկիրը»,- նշեց Օվսյաննիկովը։ Ասեմ, որ ոչ միայն մոսկվայաբնակ մեր հայրենակիցներն էին մոտենում մեր սրահին, այլեւ եվրոպացիներ, որքան էլ զարմանալի էր՝ նաեւ ճապոնացիներ։ Հետաքրքրվում էին Հայաստանի պատմությանը, Քրիստոնեության 1700-ամյակին, մշակույթի, արվեստի նաեւ ցեղասպանության հարցերին նվիրված գրականությամբ։ Մեզ հետ տարել էինք մի քանի օրինակ՝ ռուսերեն «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագիրը, «Հայաստանի ազգությունները» գրքույկը, որոնք իսկույն սպառվեցին։ Մեծ հետաքրքրություն առաջացրին ռուսերեն «Հայկի հետնորդները», «Նախիջեւանի պատմությունը» գրքերը։

Ի՞նչ գրականություն էր հետաքրքրում գրքասերներին, որ չկար։ Նախ՝ բառարաններ եւ տեղեկագրեր։ ԱՊՀ եւ եվրոպական երկրների ներկայացուցիչները կգնեին Հայաստանի օրենսդրությունը՝ հատկապես պետական օրենքների, մաքսային, հարկային քաղաքականությանը վերաբերվող գրքեր։ Մեր հայրենակիցներից շատերը հարցնում էին, թե ինչո՞ւ չենք բերել եկեղեցական օրացույցներ (հայերեն կամ ռուսերեն), երգարաններ, նաեւ՝ թերթեր։ Այն մի քանի օրը, որ անցկացրի գրքերի աշխարհում, հիշեցնում էր, որ կա մի այլ իրականություն՝ մեր (նույնպես գորշ) իրականության մեջ։

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930