Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ՄԱՐԴ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Սեպտեմբեր 11,1998 00:00
Igityan

Հարցազրույց ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանի հետ

-Ես ամենայն ուշադրությամբ ուսումնասիրեցի 8-րդ նստաշրջանում քննարկվելիք հրատապ հարցերի ցուցակը, ուր ընդգրկված է 64 օրենսդրական նախաձեռնություն, սակայն դրանցից եւ որեւէ մեկի դեպքում գլխադասայինը ձեր գլխավորած հանձնաժողովը չէ։ Ի՞նչն էր այս պասիվության պատճառը՝ վատ եք աշխատել, հա՞։

-Մեր հանձնաժողովը սպեցիֆիկ բնույթ ունի, եւ մեր կողմից ներկայացվող հարցերը, իսկ դրանք հիմնականում պայմանագրերի վավերացմանն են վերաբերում, միշտ էլ առկա են օրակարգում։ Ամառվա ընթացքում կուտակվել է մոտ 25 պայմանագիր, որոնցից ընտրել ենք, մեր կարծիքով, առավել հրատապ 8-ը։ Դրանք ներկայացնելու ենք վավերացման՝ առաջիկա նիստում։ Կարեւորում ենք հատկապես Վրաստանի հետ կնքված պայմանագրերի վավերացումը, որովհետեւ, կարծում ենք, որ Ազգային ժողովը կարող է դրական դեր ունենալ վերջերս Ջավախքում տեղի ունեցած թեպետ փոքրիկ, սակայն բավականին անդուր միջադեպի հետեւանքները հաղթահարելու գործում։ Բացի այդ՝ եւս մեկ շտրիխ կավելացվի հայ-վրացական բարելավվող հարաբերություններին։ Կան պայմանագրեր նաեւ Լիբանանի հետ։ Մոտ օրերս վարչապետը կայցելի Լիբանան։ Կարծում ենք, որ այցից առաջ դրական կընկալվի Լիբանանի հետ պայմանագրերի վավերացումը խորհրդարանում։

-Պարոն Իգիթյան, դուք իբրեւ հանձնաժողովի նախագահ, այդպես էլ չմասնակցեցիք եվրոպական պատվիրակությունների Հայաստան կատարած այցելությունների ժամանակ տեղի ունեցած հանդիպումներին։ Ի պաշտոնե գոնե պետք է ներկա լինեիք, չէ՞, մինչդեռ ես ձեզ երկար որոնեցի Դանիել Տարշիսի կողքին եւ այդպես էլ չտեսա։

-Նախեւառաջ ասեմ, որ վերջին տասը տարվա ընթացքում ես առաջին անգամ օգտվեցի արձակուրդի իրավունքից՝ նաեւ առողջության հետ կապված՝ բուժման նպատակով։ Ես ինձ թույլ եմ տվել 12 օր գտնվել Դիլիջանում։ Հայաստանից չեմ բացակայել։

-Ինչ է, ձեր նկատմամբ քրեական գո՞րծ է հարուցված, որ չեք կարող Հայաստանից բացակայել։

-Չէ, իմ նկատմամբ դեռ քրեական գործ չի հարուցվել, սակայն չի բացառվում, որ այդպիսին կհորինվի։ Ոչ ոք երաշխավորված չէ։

-Իսկ այդպես դատելու ի՞նչ հիմքեր ունեք։ Ես, օրինակ, բացառում եմ իմ դեմ քրեական գործի հարուցումը։

-Որովհետեւ ձեզ չեն ուզում գործից հեռացնել եւ դրա համար չեն որոնում առիթներ, որովհետեւ դուք կարգին տեղ եք աշխատում եւ լավ կոլեկտիվ ունեք։

-Իսկ ձեզ ինչո՞ւ են ուզում գործից հեռացնել, ձեր կոլեկտի՞վն է վատը։

-Ես չգիտեմ, սակայն ասեմ, որ եղել են այնպիսի միտումներ, որ ինձ փորձել են ստիպել հրաժարական տալ։

-Իմ տպավորությամբ, ձեր կոլեկտիվը շատ լավն է, բայց չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են ձեզ ցանկանում հրաժարեցնել, միգուցե վատն իրո՞ք դուք եք։

-Կարող է եւ վատը ես եմ, սակայն պառլամենտական պրակտիկայում կա գործելաձեւ։ Պառլամենտը նրանով է տարբերվում տրիկոտաժի գործարանից (ուր մեկ-մեկ նման տհաճ դեպքեր լինում են, երբ տնօրենը ցեխի վարիչին կանչում է եւ ասում՝ դիմում գրիր, թե չէ վատ կլինի), որ կանոնակարգով հստակ սահմանվում է, թե ինչպես պետք է աշխատանքից հեռանա հանձնաժողովի նախագահը, եթե կամավոր չի ցանկանում դա անել։ Դրա համար հարկավոր է բաց քննարկումներ կազմակերպել, եւ ոչ թե քրեական սպառնալիքներով հանդես գալ, որոնք ես չեմ ընդունում։

-Ուզում եք ասել, որ ձեր նկատմամբ քրեական սպառնալիք կա՞։

-Ես դա պատճառ չեմ համարում, ես դա համարում եմ պատրվակներից մեկը, որը առնչվում է ինքնաթիռի տոմսերի հետ կապված հայտնի պատմությանը։ Գիտեք, չէ՞։

-Չէ, չգիտեմ։

-Ավելի մեծ գումարով են, փաստորեն, գնվել Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամների ինքնաթիռի տոմսերը եւ ավելի փոքր փոխհատուցում է տրվել Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդում։ Այդ տհաճ միջադեպի հետ կապված, այնտեղից վերադառնալուց հետո ես անմիջապես դիմել եմ Ազգային ժողովի նախագահին, որպեսզի ծառայողական հետաքննություն անցկացվի։ Այն, կարծես, որեւէ արդյունք չի տվել։ Այնուհետեւ, երբ ասեկոսեներն ինձ համար տհաճ մակարդակի հասան եւ որոշ շահագրգիռ մարդիկ եւ ուժեր փորձեցին կուլուարներում ինձ մեղադրանքներ ներկայացնել՝ դիմեցի դատախազություն՝ նշված դեպքի բացահայտման համար։ Ես շնորհակալաբար եմ անդրադառնում Երեւանի դատախազության աշխատակիցների գործունեությանը, որոնք օպերատիվորեն գործի լծվեցին, արագորեն հայտնաբերեցին այդ գումարը եւ վերադարձրեցին տուժածներին։ Դատախազությունը պարզեց, որ ոչ ես, եւ ոչ էլ Ազգային ժողովի աշխատակիցները որեւէ կապ չունեն այս խարդախության հետ։

-Այդ դեպքում ի՞նչ է տեղի ունեցել իրականում։

-Ես, ի տարբերություն այն մարդկանց, որոնք փորձում են մեղավորներ գտնել եւ տարբեր հայտարարություններ են անում, հարգում եմ անմեղության կանխավարկածը եւ չեմ ուզում հիմա բացահայտել մեղավորներին։ Ես գտել եմ այլ ուղի՝ ես բացառում եմ մեղավորներին։

-Այսի՞նքն։

-Այն մարդիկ, ովքեր առնչվել են այդ այցելությունը կազմակերպելու գործին, նկատի ունեմ պատվիրակության անդամներին, Ազգային ժողովի աշխատակիցներին, ինչպես նաեւ պատվիրակության նախագահին, այսինքն՝ ինձ, ոչ մի կապ չունենք այդ խարդախության հետ։ Մենք այստեղ զոհեր ենք։

-Շատ լավ, ինչո՞ւ այդ դեպքում ձեր կողքին չեն կանգնում ձեզ հետ Ստրասբուրգում եղած պատգամավորները, նկատի ունեմ Գայանե Սարուխանյանին, Հրաչյա Գրիգորյանին եւ Ֆրունզե Խառատյանին։

-Դժվարանում եմ հարցին պատասխանել, որովհետեւ պետք է պատասխանեմ այլոց փոխարեն։ Ինձ էլ է հետաքրքրում՝ այն մարդիկ, որ իմ աշխատանքը վերջին երեք տարիների ընթացքում տեսել են ու միշտ եղել են իմ կողքին, հիմա իմ կողքին չեն։ Կարող է իրենց այդպես է ձեռնտու։

-Նորից վերադառնանք հանձնաժողովի աշխատանքներին։ Պարոն Իգիթյան, ես այդպես էլ չհասկացա, Եվրոպայի խորհրդի պատվիրակության՝ Հայաստանում եղած ընթացքում դուք արձակուրդի պատճառով ներկա չէիք, թե ձեզ չէին հրավիրել։

-Ֆիզիկական տեսակետից ես, իրոք, արձակուրդում էի եւ չէի կարող ներկա լինել։ Սակայն եթե արձակուրդում էլ չլինեի, երեւի թե ինձ չէին հրավիրի, որովհետեւ ես արդեն պատվիրակության ո՛չ ղեկավար եմ եւ ո՛չ էլ անդամ։

-Պարոն Իգիթյան, մամուլում միմյանց հակասող երկու հայտարարություն եղավ, որոնց ստույգությունը մինչեւ օրս էլ պարզված չէ։ Մեկ ասվեց, որ ձեր հրաժարականը Խոսրով Հարությունյանն է պահանջել, մեկ էլ, թե՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը…

-Երբ ինձ ակնարկեցին, թե վերեւում ընդունված քաղաքական որոշում է իմ հրաժարականը, անմիջապես գնացի Ռոբերտ Քոչարյանի մոտ, որովհետեւ վերեւ ասվածը ես այդպես եմ հասկանում։ Ստացել եմ պարզ, ուղիղ պատասխան՝ չկա նման որեւէ որոշում, որ ընդունված լինի Ռոբերտ Քոչարյանի կամ նախագահին կից որեւէ մարմնի կողմից։ Պատճառը պետք է փնտրվի ավելի ցածր մակարդակում։ Ասեմ, որ նախագահը նույնիսկ զարմացավ։ Դա իր համար անակնկալ էր։

-Այսինքն, կարելի է ենթադրել, որ ձեզ Ստրասբուրգ մեկնող պատվիրակությունը գլխավորելու հնարավորությունից զրկել է Խոսրով Հարությունյա՞նը։

-Այո, բայց դա քաղաքական որոշում չէ, որովհետեւ Խոսրով Հարությունյանն այն մարդը չէ, որ կարողանա քաղաքական որոշումներ ընդունել, նա անձնական որոշում է ընդունել։

-Իսկ ի՞նչ հիմք է դրել դրանում։

-Հավանաբար ցանկանում է, որ ԱԺ բոլոր հանձնաժողովների նախագահներն իր համար ընդունելի մարդիկ լինեն, իսկ ես դժվար մարդ եմ։ Ես միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ, իսկ Ազգային ժողովում, հավանաբար, այդպես չպետք է վարվել։

-Կարո՞ղ եմ այնպես հասկանալ, որ Ստրասբուրգ մեկնելիք պատվիրակության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ձեռնտու է Խոսրով Հարությունյանին։

-Չեմ բացառում։ Չեմ բացառում նաեւ, որ Արմեն Մարտիրոսյանն իմ տեղը պետք է զբաղեցներ՝ դառնալով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։ Արմեն Մարտիրոսյանի անձի մասին չեմ ուզում վատ բաներ ասել։ Չեմ բացառում, որ նա իմ երեք տարվա փորձը կարող է ձեռք բերել երեք-չորս ամսում։ Սակայն հենց այդ երեք-չորս ամիսն է կարեւոր Հայաստանի համար։ Ես տվյալ դեպքում չեմ ուզում խոսել, որովհետեւ խնդիրն իմ անձի հետ է կապված եւ չեմ ուզում իմ անփոխարինելիության տպավորություն ստեղծել։ Բոլոր դեպքերում ասեմ, որ Եվրոպայի խորհրդում ինձ մոտ երկու հարյուր մարդ անունով է դիմում։ Այնտեղ շատ կարեւոր են անձնական կապերը։ Մենք հասել ենք նրան, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը Եվրոպայի խորհրդի կողմից համարվի Ադրբեջանի, եւ ոչ թե Հայաստանի խնդիրը, իսկ հիմա այդ ծրագրի վրա խաչ է քաշվում։

-Ինչպե՞ս ընդունեցիք Խոսրով Հարությունյանի բացատրությունները, թե դուք պատվիրակությունում չեք լինելու խորհրդարանում կատարված քաղաքական վերադասավորությունների հետեւանքով։

-Փաստորեն, «Հանրապետություն» խմբակցության ներկայացուցիչը փոխարինվել է «Բարեփոխումներ» խմբի անդամով։ Ես չեմ համարում, թե պառլամենտում պատկերն այնպես է փոխվել, որ արդեն հիսուն հոգանոց ամենամեծ ընդդիմադիր խմբակցության անդամի փոխարեն պետք է ներկա լիներ իշխանամետ 10 հոգանոց խմբի ներկայացուցիչը։

-Պարոն Իգիթյան, այս հարցը ձեզ եմ ուղղում նորից իբրեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի։ Ի՞նչ մեկնաբանություն կտայիք արտգործնախարար Վարդան Օսկանյանի ոչ այնքան հստակ պատկերացումներ բովանդակող հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ։

-Ես դժվարանում եմ որեւէ բան ասել, որովհետեւ կառավարության խոստացած արտաքին քաղաքականության դոկտրինան, որի մասին խոսվում էր նախընտրական փուլում՝ մենք չենք տեսել։ Ես չեմ բացառում, որ այդ դոկտրինան կա, եւ եթե ես տեսած լինեի, կարող էի պատասխանել հարցին։ Այդ դեպքում հնարավոր կլիներ համարել, որ այդ հայտարարությունը մեծ ստրատեգիայի բաղկացուցիչ մասն է եւ ոչ թե ինչ-որ խոսք։ Իսկ ես հակված եմ արտգործնախարարի հայտարարությունները մարտավարության եւ ընդհանրապես դոկտրինայի շրջանակներից դուրս չդիտարկել։ Առաջիկա օրերին մեր հանձնաժողովը քննարկումներ է անցկացնելու ե՛ւ Լեռնային Ղարաբաղի, ե՛ւ տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ։ Մտադիր ենք հրավիրել բոլոր այն սուբյեկտների ներկայացուցիչներին, ովքեր մասնակից են Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործին։ Կարծում եմ, որ ներկա կլինի նաեւ արտգործնախարարը եւ իր տեսակետները կներկայացնի Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ։

-Իբրեւ հրաժեշտի հարց. ինչո՞վ եք մտադիր ավելի շատ զբաղվել, երբ այլեւս ձեր առջեւ դրված են որոշակի սահմանափակումներ։

-Ես պետք է ներկայացնեմ հաշվետվություն, դա երեւի վաղուց պետք է արած լինեի, միջազգային կազմակերպություններում կատարած աշխատանքի մասին։ Կարճ ասեմ՝ որեւէ նիստում կամ կոնֆերանսում, ուր ես ներկա եմ եղել իբրեւ հայկական պատվիրակության ղեկավար, չի ընդունվել բանաձեւ, ուր Լեռնային Ղարաբաղը նշված լինի իբրեւ Ադրբեջանի տարածք։ Որեւէ տեղ Հայաստանը չի բնութագրվել իբրեւ ագրեսոր, թեպետ բազմաթիվ առաջարկություններ եղել են։ Ընդհակառակը՝ մենք կարողացել ենք Ադրբեջանին դատապարտել տալ՝ իբրեւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիա կիրառող երկրի, որն ուժ է գործադրում ինքնորոշվող սուբյեկտի նկատմամբ։ Իսկ եթե պառլամենտը Հայաստանում պիտի լինի գործադիր իշխանության կցորդ, ես չեմ ուզում աշխատել այդպիսի խորհրդարանում, ես չեմ ուզում իմ երիտասարդ տարիներն անպտուղ աշխատանքի նվիրել։ Իսկ այսօր խորհրդարանը կցորդ դարձնելու միտումը կա, ինչը մասամբ գալիս է Ազգային ժողովի նախագահից։ ԱԺ նախագահը սահմանադրորեն լինելով երկրորդը, ոչ չորրորդն է, ոչ էլ հինգերորդն է իրականում։

-Իսկ որերո՞րդն է։

-Ես դժվարանում եմ այդ հաշվարկը հիմա ներկայացնել։

-Շատ լավ, այդ դեպքում ովքեր են երկրորդն ու երրորդը։

-Երեւի ուժային նախարարները, երեւի Դաշնակցության ղեկավարությունը եւ տնտեսվարող որոշ մարդիկ։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930