Խոլերայի մասին չխոսելով եւ չգրելով՝ հիվանդությունը չի բուժվում։ Արմավիրի մարզպետարանի առաջին պատահած աշխատակիցը զարմացավ՝ տեսնելով իրեն մեկնած ձեռքը. «Մեզ մոտ ձեռքով չեն բարեւում, վախենում են վարակվելուց»։ Հետո մարզպետարանի լրատվության բաժնի վարիչ Հակոբ Հակոբյանն ասաց, որ «պանիկա» իրենց մոտ չկա, եւ ժողովուրդը զբաղված է իր գործով։ Համաճարակի հնարավոր բռնկման մասին մարզպետին մարզի գլխավոր համաճարակաբանը զեկուցել է դեռեւս համաճարակից մեկ շաբաթ առաջ։ Պահանջել է անհրաժեշտ գումար որոշակի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար։ Տեղեկացված է եղել նաեւ առողջապահության վարչությունը։
Օգոստոսի 27-ին Զարթոնք գյուղ կատարած այցի ժամանակ, գյուղացիները մարզպետ Ալբերտ Հերոյանին բողոքել են աղիքային թունավորումներից, սակայն դա եւս որեւէ արդյունք չի տվել։ Վարակի օջախ Զարթոնք գյուղում բնակվում են ազգությամբ հայ եւ եզդի 2000 բնակիչներ։ Ըստ մարզպետարանի լրատվության բաժնի՝ գյուղի շրջափակումը եւ հատուկ հսկողության մեխանիզմը ստեղծվել է սեպտեմբերի 4-ի գիշերը։
Ըստ Արմավիրի որոշ բնակիչների՝ բժիշկները համաճարակի մասին իմացել են դեռեւս 2-3 օր առաջ, սակայն նույն անհեթեթ «պանիկա չանելու» պատճառաբանությամբ լռել են։ Մինչդեռ իրականում խուճապ եղել է, եւ մեծ թվով գյուղացիներ փախել են իրենց բնակավայրերից։ Գյուղը լքելու ցանկությունը առկա է նաեւ այսօր։ Ամենավիճահարույցը զոհերի եւ համաճարակը տեղայնացնելու մասին լուրերն են։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, խոլերայից զոհվել է 2 մարդ, որից մեկը՝ ինֆարկտից։ Հիվանդանոց են տեղափոխվել 200 կասկածյալներ, որոնց առողջական վիճակը բարելավվում է, բացի 70-ն անց մի ծերունու։ Մինչդեռ բոլորը խոսում են ավելի բարձր թվերի մասին։
Բժշկական ծառայություններին մոտ կանգնած մի աղբյուր վկայակոչեց 42 թիվը, իսկ հիվանդանոց տեղափոխվածներինը՝ 500։ Ըստ նույն աղբյուրի, վարակը տարածվել է Զարթոնքի շրջակա Գրիբոյեդով եւ Տարոնիկ գյուղերը։ Վարակվածներ կան Էջմիածին քաղաքում։ Ըստ Հակոբ Հակոբյանի՝ Զարթոնքի բնակիչներին 7 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայ օգնության ֆոնդը։ Օրական գյուղ է ուղարկվում հազար հաց։ Իմ այն հարցին, թե հազար հացը քիչ չէ՞ 2 հազար բնակչին, պարոն Հակոբյանը պատասխանեց՝ «հերիք է»։ Հայթայթվել եւ գյուղ է ուղարկվել 30 տոննա ժավելի հեղուկ եւ սխտոր։
Կարդացեք նաև
Հակոբ Հակոբյանը հպարտությամբ նշեց, որ մարզպետ Հերոյանի կողմից գյուղ է առաքվել հազար շիշ օղի, մինչդեռ, ինչպես վկայում են հանրապետության բոլոր համաճարակաբանները, օղին հիվանդությունը կանխարգելելու փոխարեն նպաստում է դրա տարածմանը։ Բայց համարձակ հայ բժիշկները առաջարկում են, որ ոչ թե մենք վախենանք խոլերայից, այլ խոլերան մեզանից։ Երեւի խոլերային չվախեցնելու համար է, որ առողջապահության նախարար Գագիկ Ստամբոլցյանը չի ցանկացել մտնել գյուղ։ Արմավիրի բնակիչները պատմում են, որ պարոն Ստամբոլցյանը հասել է մինչեւ Արմավիրի հիվանդանոցի դարպասները։
Հասկանալի է, որ համաճարակի բռնկումը հնարավոր էր կանխել, ինչը, սակայն, չի արվել։ Դրա փոխարեն արվել եւ արվում է ամեն ինչ դրա մասին հնարավորինս քիչ խոսելու համար։ Մինչդեռ ով պետք է պատասխան տա հարյուրավոր կորսված առողջությունների եւ տասնյակ մարդկային զոհերի համար։ Անկասկած, առկա է նաեւ ֆինանսական լուրջ կորուստների խնդիր։ Զարթոնք գյուղից արգելվել է գյուղատնտեսական մթերքների արտահանումը։ Անհասկանալի է, թե ինչ միջոցներով պետք է ապրեն այն 2 հազար գյուղացիները, որոնք այսօր հնարավորություն չունեն իրացնելու իրենց պոմիդորը, վարունգը, ձմերուկն ու սեխը։ Պատկերն անհուսորեն վատ է նաեւ մյուս գյուղերում։ Գյուղացիները պատմում են, որ մեծածախ գնորդները հրաժարվում են գնել իրենց բերքը, իսկ քաղաքի շուկաներում իրենց ապրանքը վաճառելու համար թաքցվում է դրանց ծագումը։
Այսօր ամբողջ խնդիրը փաստորեն դարձել է ոչ թե համաճարակի կանխարգելումը, այլ խուճապի բացառումը՝ «խոլերան թող մեզանից վախենա» հայրենասիրական կոչերով։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ