Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՆԵՐԵՔ, ԿԱՐՈ՞Ղ ԵՔ ՓՈՐՁԵԼ ՕԳՆԵԼ ՆՐԱՆ»

Սեպտեմբեր 11,1998 00:00
naxagahakan

Իզո՞ւր էին նախագահի աշխատակազմում վարդագույն երանգներով ներկայացնում նստացուցարարների եւ հացադուլավորների օրինական պահանջների բավարարման ուղղությամբ ձեռնարկված միջոցները։

Սեպտեմբերի 1-ին մեր հրապարակած հարցազրույցում նախագահի աշխատակազմի նամակների եւ քաղաքացիների ընդունելության բաժնի վարիչ Մարգարիտա Ազարյանը Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մոտ հացադուլ եւ նստացույց անողներից մեկի մասին ասել էր. «Լաուրա Իսախանյանի գործը մի քիչ անորոշ է։ Այստեղ էությունը հետեւյալն է՝ քաղաքացուհին ժառանգներ չունի, ինքը տունը նվիրատվություն է ձեւակերպել իր բարեկամին եւ փոշմանել է… Կներեք, կարո՞ղ եք փորձել օգնել նրան»։

«Առավոտ» այցելեց Լաուրա Իսախանյանը եւ բողոքեց, որ իր գործի հանգամանքները ճիշտ չեն ներկայացվել. «Նախ, ես միայնակ չեմ՝ երեխա ունեմ, սուտ է, թե ժառանգներ չունեմ։ Ճիշտ է, տղաս ամուսնացած է եւ հանրապետությունում չի գտնվում, բայց ես մեղավո՞ր եմ, որ կյանքի անիվն այսպես է ընթացել։ Ինձ չեն լսել, օրինական փաստաթղթերը ձեռքիս՝ ո՛չ դատարանում, ո՛չ դատախազությունում, եւ նույնը շարունակվեց նույնիսկ նախագահի աշխատակազմում։ Պարույր Հայրիկյանը ձեռքերը վեր էր բարձրացնում՝ ասում էր. «Արդեն ես գործ չունեմ»։ Բա ո՞վ գործ ունի։ Բազմիցս վերահսկողական ծառայությանն եմ ներկայացրել հիմքերը, որ ես ճշմարտությունն եմ ասում, բայց «սայլը տեղից չի շարժվել»։ Դավիթ Վարդանյանը չէր էլ ուզում նայել, ասում էր. «Ես գործ չունեմ, թող դատախազությունը քննի»։ Ես նվիրատվություն չեմ ձեւակերպել։

Օգտվելով առիթից, իմանալով, որ հիվանդ եմ՝ առանց ինձ, 1995-ի մայիսի 19-ին իմ սեփական տունը սեփականաշնորհել են դատավոր Կատվալյանը եւ ապօրինի կառույցի տեր՝ քեռուս տղա Սարգիս Գեւորգյանը, որի մասին օրինական տանտերերը՝ ես եւ եղբայրս տեղյակ չենք եղել։ Նրանք դա թաքուն են արել։ Ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ, ձեռքս թեք է գրում, տառերը լավ ջոկվում են։ Ուզեցի տեսնել այդ կեղծ փաստաթղթերը՝ ինձ ոչ ոք ցույց չտվեց։ Հետո գնացի, տվյալ դատավորին ասացի. «Ինչպե՞ս եք իմ տան հատակագիծը փոխել, ապօրինի կառույցը ներառել»՝ պատասխանեց, թե դա ոչինչ չի նշանակում, բայց 6 ամիս հետո նորից դատ արեցին ու ինձ ու եղբորս զրկեցին, հանեցին՝ դուրս գցեցին մեր տնից, որ տատս էր մեզ հատկացրել։ Իմ հարցն առնչվում է ե՛ւ դատախազությանը, ե՛ւ ՆԳՆ-ին։ Ես հավատացի ՆԳ եւ ԱԱ փոխնախարար Հովհաննես Վարյանին, որը հացադուլի ժամանակ մեզ այցելեց եւ խոստացավ, որ կօգնի, կզբաղվի մեր հարցով, եւ դադարեցրի 4 օրվա հացադուլս։ Բայց առայսօր ոչ մի տեղաշարժ չկա։ Գոնե ինձ վերագրանցեին իմ սեփական տանը»։

Փաստորեն այս գործն էլ է դատաիրավական ոլորտին առնչվում, որին անկախությունը հարգելու եւ «հեռախոսային իրավունքով» չմիջամտելու իրենց վճռականության մասին մեր հարցազրույցում հայտարարել էին նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները։ Մեր առաջարկին, թե գուցե փորձեք ուղղակի գանգատարկե՞լ դատավճիռը, Լաուրա Իսախանյանը պատասխանեց. «Շատ ներողություն, երկու տարի նույն դատախազը՝ Սոս Հունանյանը նայում էր իմ գործը։ Հաշվի չէր առնում, որ առանց սեփականատիրոջ դատ են արել, ասում էր. «Վերեւ դիմեք»։ Ստիպված ծայրահեղ քայլի դիմեցի։ Նախագահի դուռը հասա։ Աստված ոչ անի՝ ինսուլտ եմ տարել, եթե երկրորդ հարվածը ստանայի՝ այդ նստացույցից հետո գուցե կենդանի չմնայի։ Բայց ոչ ոք չի ուզում լսել՝ չնայած օրինական փաստաթղթերը ձեռքիս են։ Մի 10-20 դիմում եմ գրել, խնդրել, որ նախագահը մի 2 րոպե տրամադրի հաշմանդամիս։ Արդյունք չի եղել։ Բայց ինչո՞ւ պիտի այս քայլերին դիմեի, եթե դատաիրավական մարմիններն այս հարցին վերջապես ճիշտ լուծում տային։ Ես չեմ ասում՝ զանգեն հրահանգեն։ Ես խնդրում եմ, որ դատավճիռը կասեցնեն, գործս վերանայեն՝ եւ ոչ նույն դատախազը, որը սխալը թույլ էր տվել, այլ մեկ ուրիշը, հաշվի առնեն իմ օրինական փաստաթղթերը՝ ժառանգական իրավունքը եւ տան հատակագիծը։ Թող քննեն եւ պատասխանատվության ենթարկեն նաեւ այն մարդկանց, ովքեր կեղծիքներ են թույլ տվել՝ իմ խնդրանքներն այս են»։

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Թեքեյան մշակութային կենտրոնում քաղաքացիների հարցեր լուծելու նախընտրական հնարքի հետեւանքները դեռ երկար ժամանակ զգալի կլինեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930