Շահումյան շրջանի ժողդատարանում սեպտեմբերի 9-ին ավարտվեց մեկ ամիս ձգձգվող մի գործ, որն առնչվում է N զորամասում տիրող անկարգապահ բարքերին։
Ընթերցողներին տեղեկացնենք, որ հենց այդ զորամասից էր սկիզբ առել 1998թ. փետրվարի 11-ին տեղի ունեցած ողբերգությանը, որն իր հետ տարավ 7 երիտասարդների կյանք։ Հիշեցնենք նաեւ, որ գործն առնչվում է Արմավիրի զինմասում տեղի ունեցած դեպքին եւ ինքնասպանություն գործած Մկրտիչ Օհանյանին։ Մեղադրյալի աթոռին են հայտնվել N զորամասի գումարտակի հրամանատար Իդրիս Խանգալդյանը, տեղակալներ Ալբերտ Օհանյանը, Համազասպ Միդոյանը, շտաբի պետ Գագիկ Մխիթարյանը, պետի տեղակալ Լենդրուշ Աղաջանյանը եւ շարքայիններ Րաֆֆի Անդրեասյանը եւ Լարսեն Եղիազարյանը։ Հարկ է նշել, որ զորամասի հրամանատարական կազմը Պաշտպանության նախարարի հրամանով աստիճանազրկվել է, իջնելով մինչեւ շարքայինի աստիճանի։
Մինչ դատավարության սկսվելը հանդիպեցի դատավոր Սամվել Ուզունյանին։ Նա ասաց. «Զինվորները փայլուն պահեցին իրենց, քանի որ հրամանատարների երեսին ասացին ճշմարտությունը» (խոսքը տուժող զինվորների մասին է)։ Անակնկալ էր տուժող Սաղումյանի փախուստը գործի կեսից։ Ս. Ուզունյանը հայտնեց, որ փախստականը ետ է վերադարձվել (պարզվել է, որ նրա վրա ճնշումներ են գործադրել ամբաստանյալների հարազատները)։ Այդ իսկ առիթով հարուցվել է քրեական գործ։ Պաշտպանների վերջնական ճառերին անդրադառնալուց առաջ նշեմ, որ մինչ այս ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արտակ Հարությունյանը առաջարկել էր դատարանին, հրամանատարական կազմին, պաշտոնական դիրքի չարաշահման, անգործության եւ զորամասը այդ վիճակին հասցնելու համար 4,5-ից 5 տարի, իսկ Րաֆֆի Անդրեասյանին եւ Լարսեն Եղիազարյանին 10-ից 11 տարի ազատազրկում, որը ցասման ալիք էր բարձրացրել դատապաշտպանների մեջ։
Բոլոր դատապաշտպանները ցավակցեցին զոհված զինվորների հարազատներին եւ անցան արդարացման ելույթներին։ Նրանք ներկայացրին ամբաստանյալներին, նրանց բնութագրեցին դրական եւ սակայն բողոքեցին Ա. Հարությունյանի առաջարկածի դեմ։ «Պետական մեղադրողի ճառը առաջնորդված է դաժանությամբ եւ էմոցիաներով։ Պատիժը խիստ է, բայց արդար չէ։ Մենք պետք է օրենքով խոսենք, եւ ոչ թե զգացմունքներով»,- ասաց Րաֆֆի Անդրեասյանի դատապաշտպանը։ Անդրադառնալով քրեական գործին, նա մեղադրյալին արդարացրեց, ասելով, որ վերջինս ընդամենը մեկ ապտակ է տվել։ Իր ելույթի վերջում դատապաշտպանն ասաց խորհրդանշական մի խոսք. «Զոհվածները գաղտնիքը տարան իրենց հետ»։
Կարդացեք նաև
Իսկ թե ի՞նչ գաղտնիք էր այդ, լրագրողներիս համար հարցական մնաց։ Լ. Աղաջանյանը նույնպես ցավակցություն հայտնելով զոհված զինվորների հարազատներին, մասնակիորեն ընդունեց իր մեղքը եւ անդրադարձավ ապագա բանակի զարգացմանը։ Դատախազ Ա. Հարությունյանը ելույթում ասաց. «Դատախազը ոչ դաժանությամբ է առաջնորդվել, ոչ էլ էմոցիաներով, այլ օրենքով»։ Ամբաստանյալների վերջին խոսքից եզրակացրի, որ նրանք զգում են իրենց մեղքի չափը եւ զղջում։ Բոլորն իրենց խոսքում խնդրեցին դատավորին հաշվի առնել մեղմացուցիչ հանգամանքները եւ մեղմ դատավճիռ կայացնել։
Ի վերջո, դատարանը կատարեց դատավճիռ՝ Իդրիս Խանգալդյանին դատապարտելով 4 տարվա, Ալբերտ Օհանյանին 3 տարվա, Համազասպ Միդոյանին 3 տարվա, Գագիկ Մխիթարյանին 3 տարի 6 ամսվա, Լենդրուշ Աղաջանյանին 1 տարվա ազատազրկման։ Սակայն Լ. Աղաջանյանի պատժաչափը կկիրառվի առողջական վիճակի բարելավումից հետո։ Իսկ Րաֆֆի Անդրեասյանը դատապարտվեց 9 տարվա, Լարսեն Եղիազարյանը 10 տարվա ազատազրկման։ Նրանք պատիժը կկրեն ուղղիչ աշխատանքային խիստ ռեժիմի գաղութում։
Ա. ԼԱՎՉՅԱՆ