Հայաստանի ֆինանսական շուկայում մի քանի օր տեւած անկայուն վիճակը՝ դոլարի կուրսի բարձրացումը, «չբանկիր» եւ «չնախարար» խավի համար թերեւս անակնկալ էր։ Մինչեւ փորձեցինք ինքներս մեզ համար պարզել՝ ինչն ինչոց է, մի քանի օր պահանջվեց։ Այդ օրերի ընթացքում ամեն ինչ կարծես կարգավորվեց։ Բայց հիշողություններիս մեջ մնացին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության սկզբից՝ ոչ տեղին եւ արհեստավարժ լռությունը, հետո էլ՝ նախարարի այն խոսքերը, թե իրենք ամեն ինչի նախապատրաստված էին եւ անմեղ, իսկ, ա՛յ, մեղավորը երկու բանկերն էին (անունները քաղաքավարիորեն չասաց), որոնք սեր եւ թուլություն ունեն սպեկուլյացիայի նկատմամբ, բայց որոնց հախից իրենք եկան, եւ դոլարի կուրսը կայունացավ։
Լրագրողներս գլխապատառ սկսեցինք այստեղից-այնտեղից կորզել, թե որ բանկերի մասին է խոսքը։ Ու «Ազգ» թերթում հայտնվեց «Կոնվերսբանկի» անունը՝ որպես նրանցից մեկի։ Մի քիչ զարմանալի էր, որ հենց այս բանկի անունը տրվեց, քանի որ «Կոնվերսբանկի» նախագահ Սմբատ Նասիբյանը ճանաչվել էր Հայաստանի տարվա լավագույն բանկիր։ «Եվ դու՝ Բրուտոս» տրամադրությամբ այցելեցի պրն Նասիբյանին, պարզելու՝ իրո՞ք ճիշտ է այս լուրը եւ էլի մի քանի հարցեր։
«Ազգ»-ադա՞վ
Մինչ բուն զրույցին անցնելը՝ պրն Նասիբյանը խոստացավ դատի տալ վերոհիշյալ թերթը, քանի որ լուրը հերյուրանք է եւ հետեւանք կամ պատվերի, կամ՝ չիմացության։ Նա «Ազգ»-ից նպատակ ունի պահանջել դրամական փոխհատուցում (չափը չասաց), որը որպես մրցանակ մտադիր է տրամադրել լավագույն տնտեսական հոդված գրողին։ Հայցն արդեն պատրաստ է։ 95%-ով այն կմտնի դատարան, 5%-ով պրն Նասիբյանը դեռ տատանվում է։
Կարդացեք նաև
Էրես-բերես
– Կներեք, ես չեմ ուզում արդարանալ։ Կան փաստեր, որ այդ օրերին մեր բանկի շրջանառությունն ամենացածրերից է եղել ներքին արտարժութային շուկայում։ Կենտրոնական բանկը մեզ մոտ (այլ բանկերում էլ) ստուգումներ է արել՝ տեսնելու՝ որտեղ ինչքան շրջանառություն է կատարվել։ Ամենաքիչ շրջանառություններից մեկը, կրկնում եմ, այդ օրը եղել է մեզ մոտ։ «Մամուլի մասին» օրենքով ասվում է, որ եթե մեկը մեղադրում է, պետք է կետ առ կետ ապացուցի փաստերը։ Իմ կարծիքով՝ դա կամ մրցակցության արդյունք է, կամ կանխամտածված հերյուրանք։ Բանկային համակարգը շատ նուրբ համակարգ է, ուր յուրաքանչյուր կարծիք կարող է վնաս հասցնել ավանդատուներին, բանկի հեղինակությանը։
– Այդ դեպքում, հարցն այսպես ձեւակերպենք. որքանո՞վ դուք շահագրգռված չէիք կազմակերպել այս աժիոտաժը։
– Դե լավ, եթե ուզում եք հարցն այդպես ձեւակերպել… Շահագրգռության համար չեմ կարող ասել։ Ճիշտն ասած՝ հաշվարկների եւ սպասումների խնդիր էր շուկայում։ Եկեք թվերով գնահատենք իրավիճակը. եթե շուկայում 500.000 դոլար պիտի մասնակցեր, դրանից օգուտը, այսինքն՝ 10 դրամի տարբերությամբ՝ կազմում է 10 մլն դրամ։ 10 մլն դրամը համարժեք է մոտավորապես 10.000 դոլարի։ Ճի՞շտ է։ Ձեր կարծիքով՝ որեւէ նորմալ մարդ, ինչքան էլ սպեկուլյանտ լինի, ամբողջ բանկի ուժերը, ինկասացիոն ծառայությունները, այսինքն՝ վտանգը, սպասումները չարդարանալու ռիսկը, կդնի նրա վրա, որպեսզի աշխատի 5 միլիոն դրա՞մ։ Երբ որ 5 մլն դրամը մեր բանկը կարող է երկու՝ Ռուսաստանում իրականացվող գործարքով աշխատել։ Եվ սա այն դեպքում, երբ ես մի գործարք եմ անում Ռուսաստանում եւ որից, պարզապես 2 թուղթ ստորագրելով, կարող եմ աշխատել 5 միլիոն դոլար։
Առավել եւս՝ այդ հնարավորությունը կա, առավել եւս՝ դա այն ժամանակ էր, երբ Ռուսաստանում բավական ակտիվ կուրսային տատանումներ էին տեղի ունենում։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է նշանակում 500.000 կանխիկ հաշվել, համարժեք դրամը հաշվել, ստուգել դրամի կեղծությունը կամ ոչ կեղծությունը, այսինքն՝ վաճառել, հաշվել այդքան դրամ եւ նորից հետ գնել։ Պատկերացնո՞ւմ եք դա ինչ ծավալի աշխատանք է. դրա համար առնվազն պահանջվում է 5 գանձապահ։ Եվ դա ես տրամաբանական չեմ համարում, թեկուզ ինձ համար։ Գուցե մի չենջավիկի համար, որ բոլոր հաշիվներն ինքն է անում, աշխատածը առարկայական փող լինի։ Բայց բանկի համար, կոնկրետ մեր բանկի, տրամաբանական չեմ գտնում, որ մենք այսքան գումարի համար կարող ենք մոբիլիզացնել մեր ողջ ուժերը։
– Ձեր հաշվարկները թերեւս տրամաբանական են։ Սակայն վերջերս ֆինանսների նախարար Սանդոյանը ասուլիսի ժամանակ ասաց, որ դոլարի կուրսի տատանումները Հայաստանում 2 սպեկուլյանտ բանկերի ձեռքի գործն է։ Նա այդ բանկերի անունները չհրապարակեց, սակայն պնդեց, որ այդ բանկերին առաջարկվել է հեռու մնալ աշխատանքի նման ոճից եւ որ նրանց՝ շնորհիվ ֆիննախարարության ջանքերի, չի հաջողվի դոլարի կուրսը բարձրացնել եւ սասանել շուկան։ Հիմա, եթե ըստ ձեզ՝ այս աժիոտաժը ձեռնտու չէ բանկերին, ո՞ւմ է ձեռնտու։
– Եթե դուք զուտ կարծիք եք ցանկանում իմանալ, վերանանք անհատներից։ Հայաստանում շուկան մի քիչ լարված էր, բանկերի կողմից կուտակվել էր մի քիչ պահանջարկ, ռեալ պահանջարկ։ Եվ հավանաբար սա է պատճառը, ըստ իս, որ նախարարը կամ մյուսները մտածում են, թե սա բանկերի գործն է։
– Այսինքն՝ բանկերի մասնակցությունն այս պարագայում բացառո՞ւմ եք։
– Քիչ հավանական եմ համարում։ Կուրսերի նման բարձրացումները պետք չէ վերագրել ինչ-որ մեկին։ Եկեք մեր բանկի կամ ցանկացած բանկի օրինակով վերցնենք։ Ի՞նչ է կատարվում՝ բանկը, որպես այդպիսին, հիմնականում ունենում է իր արտարժույթը, բացի դրանից՝ կա հաճախորդների պահանջարկ եւ հաճախորդի սպասում։ Եթե հաճախորդների պահանջարկը դոլարի նկատմամբ շատ է, բանկը ստիպված է լինում գնել դոլար եւ փոխանցում անել, այսինքն՝ կատարել ծառայություն հաճախորդի համար։ Այդ օրերի ընթացքում (իմ տվյալներով) դոլարի մեծ պահանջարկ է եղել։ Այսինքն՝ սա սպասվելիք վիճակ էր։
Բանկերը խաղալու կամ շուկայում սպեկուլյացիա անելու հնարավորություն քիչ ունեն, քանի որ մեր բանկերը հաճախորդների ակտիվության հետեւանքով դժվարությամբ են կատարում իրենց պարտականությունները։ Արդեն 10-15 օր է, որ ես գրեթե դոլար չեմ գնել։ Նույնիսկ հաճախորդների արտարժույթի պահանջները այլ ռեսուրսների հաշվին եմ բավարարում։ Այսպիսով «Կոնվերսբանկի» նախագահը, փաստորեն, հերքեց իր՝ սպեկուլյանտ լինելու հանգամանքը։ Չնայած հմուտ սպեկուլյանտի կարգավիճակը, ասենք, Արեւմուտքում բավական հարգի է։ Իսկ պրն Սանդոյանի խորհրդավոր հայտարարությունը ինչ-որ 2 բանկերի մասին, ըստ որոշ գործարարների (որոնք չցանկացան իրենց անունը այս մտքի կողքին տեսնել)՝ պատասխանատվությունից խուսափելու կամ անտեղյակության հետեւանք է։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ