Եվ արդյոք մե՞րն են դրանք
Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից այս տարի Հայաստանին տրամադրված 135 միլիոն դոլարը բաշխելու եւ օգտագործելու մասին հետեւյալ տեղեկություններն են դրվել շրջանառության մեջ, ըստ որի, կողմերի համաձայնությամբ նշված միջոցները տրամադրվել են հետեւյալ հասցեատերերին. 15 միլիոն դոլար՝ էլեկտրական հոսանքի հաշվիչների համար, որը կիրագործվի ՀՀ կառավարության կողմից։ 7,4 միլիոն դոլար՝ դատական համակարգի բարեփոխումների, անկախ տեղեկատվական միջոցների եւ կրթական համակարգի զարգացման համար։
3,8 միլիոն դոլար՝ ֆինանսական համակարգի բարեփոխման եւ շուկայի զարգացման համար։ 5 միլիոն դոլար՝ առեւտրի հատուկ բաժինների զարգացման համար, որը կիրականացվի «Եվրասիա» հիմնադրամի, «Խաղաղության կորպուսի», այլ կազմակերպությունների կողմից։ 11,2 միլոն դոլար՝ էներգետիկայի բարեփոխումների համար, որից 5,4 միլիոնը՝ ատոմակայանի անվտանգության ապահովման նպատակով։ 6 միլիոն դոլար՝ գյուղատնտեսական շուկայի զարգացման համար։ 10 միլիոն դոլար՝ Հայաստան-ԱՄՆ փոխանակումների, կրթության զարգացման եւ ԱՄՆ-ում հայ մասնագետներ վերապատրաստելու ծրագրերի համար։
Ծրագրերի պատասխանատուն է Ամերիկայի տեղեկատվական գործակալությունը (USIA)։ 11 միլիոն դոլար՝ Հայաստանում համապարփակ բարեփոխումների ծրագրերի համար։ 2 միլիոն դոլար՝ առողջապահության համակարգի համար։ 15 միլիոն դոլար՝ շուրջ 90 հազար տոննա ցորենի գնման եւ Հայաստան տեղափոխելու համար։ 3 միլիոն դոլար՝ 1998-99 ուստարում ձմռան վառելանյութի ապահովման ծրագրի համար, ինչպես նաեւ՝ շուրջ 1200 դպրոցներին եւ աղետի գոտու ժամանակավոր կացարաններում բնակվող 30 հազար կարիքավորներին վառելանյութ տրամադրելու նպատակով։
Կարդացեք նաև
2 միլիոն դոլար՝ տեղական համայնքների զարգացման ծրագրերի համար։ 9,7 միլիոն դոլար՝ շուրջ 9500 տոննա պարենային ապրանքներ մատակարարելու համար, որի կեսը կբաշխվի աղքատ ընտանիքներին, իսկ մյուս կեսը կվաճառվի եւ ստացված եկամուտը կտրամադրվի երկրի զարգացման ծրագրերին։ 20 միլիոն դոլար՝ մարդասիրական օգնության ձեւով լայն սպառման ապրանքների համար։ 2 միլիոն դոլար՝ գիտության բնագավառի փոխհարաբերությունների, ԱՄՆ գիտական կենտրոնների եւ Հայաստանի Ազգային գիտական հիմնադրամի համատեղ հետազոտություններն իրականացնելու համար։
1,5 միլիոն դոլար՝ Հայաստանում ԱՄՆ գանձապետարանի խորհրդատվական ծրագրերի համար։ 1,5 միլիոն դոլար՝ կրթության եւ առեւտրի զարգացման բնագավառներում «Խաղաղության կորպուսի» ծրագրերի իրականացման համար։ 7 միլիոն դոլար՝ այս գումարը կմնա Ամերիկայի պահուստային ֆոնդում, որպեսզի հետագայում տրամադրվի այն ծրագրերին, որոնք լիովին արդարացվել են եւ լրացուցիչ նյութական ներդրման կարիք են զգում։ Ներկայացված ցանկում հիշատակված թվերի ընդհանուր գումարը, որքան էլ տարօրինակ է, կազմում է ոչ թե 135 միլիոն, այլ 133,1 միլիոն դոլար։ Մնացյալ 1,9 միլիոնի օգտագործման մասին մենք առայժմ որեւէ տեղեկություն չունենք։
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ