Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՍԿ Ո՞Վ Է ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ»

Սեպտեմբեր 10,1998 00:00
Murad Petrosyan

«Ես կառաջարկեի իրեն հրավիրել եւ մի հանդիպում կազմակերպել, որտեղ կքննարկեիք նման հարցեր։ Ուղղակի շատ հետաքրքիր կլիներ նման հանդիպումը։ Որ կանչեք՝ կհասկանաք, թե ինչու եմ այդպես ասում եւ շատ բաներ Ձեզ համար ուղղակի ավելի պարզ կլինեն»,- Ռոբերտ Քոչարյանի այս խոսքը եւս մեկ անգամ ամբողջությամբ մեջբերում ենք մի նպատակով. այն է՝ չթաքցնել, որ ԼՂՀ ԱԺ պետական շինարարության, անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանի հետ հարցազրույցը նախագահի «պատվերն» է։ Զրույցի համն ու հոտը չկորցնելու ազնիվ նկատառումով պրն Պետրոսյանի խոսքը գրական հայերենով չենք «սվաղի»։

Դուք ո՞վ եք

«Քոչարյանն էն ձեւի ա ասալ՝ կակ բուդտո, որ գան ինձ տենան՝ կամ մի հատ կիսամարդ են տենալու, կամ՝ մի հատ գազան»,- այսպես էր ժամանակին արձագանքել Մուրադ Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի՝ այս հրապարակման վերնագիր դարձած արտահայտությանը։ Բնականաբար, ոչ մեկն էր, ոչ էլ մյուսը։ Փոքր-ինչ տարօրինակ էր, որ 50-ամյա այս մարդուն բոլորը դեռ Մուրադիկ էին անվանում՝ ինչպես մայրն էր ժամանակին անվանել։ Կարող էր նաեւ տարօրինակ թվալ, որ բոլորը նրան գեներալ էին անվանում, չնայած ընդամենը մայորի կոչում է ունեցել, դեռ բարկության մի պահի էլ Սամվել Բաբայանը նրան աստիճանազրկել է (պատճառը Մուրադ Պետրոսյանի՝ հրապարակավ ընդդիմանալն էր ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին շատ մեծ լիազորություններ տալուն, որին դեմ էր քվեարկել)։

Այժմ Գեներալ Մուրադիկը միայն շարքային է։ 1967-ին 10 տարով դատապարտվել է՝ իր ասելով, Երեւանի համալսարանի զինվորական ամբիոնից զենքեր հափշտակելու համար։ Այս պատճառով բարձրագույն կրթություն չէր ստացել, բայց երբ մասնագիտությունը հարցրի՝ ասաց. «Ես փիլիսոփա եմ։ 10 տարի որ նստել եմ՝ փիլիսոփայություն եմ ուսումնասիրել։ Իմ ամենամեծ ընդունակությունը փիլիսոփայության մեջ է, հետո՝ քաղաքականության։ Այդ 10 տարում մի քանի համալսարան եմ ավարտել եւ փիլիսոփայական թեմայով կարամ 3 հատ դիսերտացիա պաշտպանեմ՝ դոկտորսկի կոչում ստանամ»։

Նրա ուղին Մուրադ Պետրոսյանը ժամերով կարող է հետաքրքրական դիպվածներ պատմել։ Բազմաթիվ էին պատմությունները 1988-ի, «Ղարաբաղ» կոմիտեի հետ փոխհարաբերությունների վերաբերյալ, որի ներկայացուցիչն է եղել Ղարաբաղում (Վազգեն Մանուկյանի առաջարկությամբ)։ «Ինձ ազատ էի պահում, իրանց հետ հավասար, պետք էր լինում՝ վիճում էի։ Դալշե՝ բոլշե։ Շուտ-շուտ էի Երեւան գալիս՝ զենք էի տանում։ Իրանք ինձ հարգում էին (կարծեմ հիմա էլ՝ ում հետ էլ չունեմ, էլի իրա մեջ պիտի ինձ հարգի)»։

1990-91-ին Մուրադ Պետրոսյանը կազմակերպել եւ ղեկավարում էր Արցախի ինքնապաշտպանական ուժերի միացյալ շտաբը, որտեղ ջոկատներից մեկի հրամանատարը Սամվել Բաբայանն էր։ Այստեղ էին ռուսները Մուրադ Պետրոսյանին Գեներալ մականունը տվել։ «Ես նկատեցի, որ Բաբայան Սամվելը բոլորի մեջ ամենաընդունակն էր։ Ես որ պադպոլիա գնացի՝ իրան ասեցի. «Դու կարդինիրովատ արա»։ Հետո ուժե Սամվելին նկատեցին Դաշնակցությունը, համ էլ Վազգեն Սարգսյանը, որ սա իրոք ընդունակ տղա է»։

Ավտոմատ՝ դաշնակցական դառնալու պայմանով

Ե՛վ Սամվել Բաբայանը, ե՛ւ Մուրադ Պետրոսյանը նախկինում դաշնակցականներ են եղել։ «Իրա մեծն էի դեռ՝ Սամվելն էկավ ասեց. «Դաշնակները ստեղս են հասցրել (ձեռքով նշան արեց կոկորդը- Ա. Ի.) անցնում եմ Դաշնակցություն, զենք են տալիս՝ 6 հատ ավտոմատ»։ Մուրադ Պետրոսյանը դառնությամբ էր ասում. «Չէի ուզում մինչեւ հիմա ասել, բայց պե՛տք է, ժամանա՛կն է։ Ո՛չ Վազգեն Մանուկյանը, ո՛չ Վազգեն Սարգսյանը մի անգամ ուսլովյա չեն դրել՝ զենք ենք տալիս, բայց պիտի ՀՀՇ-ական լինեք կամ մեզ պրիսյագ տաք։ Ի տարբերություն դաշնակցության, որ զենք չէր տալիս ամենաակտիվ, ամենալավ տղաներին էլ՝ եթե դաշնակ չէին դառնում»։

Նշելով, թե ընդհանրապես ընդունում է դաշնակցության գաղափարախոսությունն իբրեւ ազգային՝ նա անընդունելի էր համարում կուսակցական «նոմենկլատուրայի» որոշումները շարքերին պարտադրելը։ Մուրադ Պետրոսյանը ոչ պակաս դառնությամբ եւ վրդովմունքով պատմեց իր տեսած մի տեսաերիզի մասին։ Վահան Հովհաննիսյանի՝ ԱՄՆ վերջին այցելության ընթացքում սփյուռքահայերի հետ մի հանդիպման ժամանակ, ըստ պրն Պետրոսյանի, Վահան Հովհաննիսյանը ելույթում ասել էր, թե Ղարաբաղը պիտի մտնի Ադրբեջանի կազմ, հատուկ ինքնավարություն ունենա, զինված ուժերը մնան եւ ցամաքային կապ լինի Հայաստանի հետ. «Ուլտիմատում էր դրել. եթե չէ՝ կռիվ է»։ Այս պնդման պատասխանատվությունը Մուրադ Պետրոսյանինն է, որը վստահեցնում էր, թե ունեն այդ ելույթի ձայնագրությունը։

Անուն բարձր ու վսեմ

«Իմ տեղն ով լիներ՝ Բաբայանի վրա օձի նման կսկսեր թույն շնչել»,- իրեն աստիճանազրկելու առնչությամբ ասում էր Մուրադ Պետրոսյանը. «Բանակից էլ դուրս գցեց, ռոճիկից էլ ընկա, 120 լիտր էլ բենզին էի ստանում մեքենայիս համար՝ դրանից էլ զրկվեցի»։ Այնուամենայնիվ, պրն Պետրոսյանը «կամանդույուշչիի» անունը միայն մեծարանքով ու գնահատանքով էր նշում. «Էդ մարդն էլ Նապոլեոնի ստիլի մարդ ա, եթե տենց ժոստկոստ չլինի՝ սկի մի ուրիշ լավ բան էլ չի լինի։ Էդ ինչի զարմանալի չի, որ Կորսիկայում Նապոլեոն կծնվի, իսկ Ղարաբաղում Սամվել Բաբայան չի՞ ծնվի։ Էդ որ ասել եմ՝ Սամվել Բաբայանը 100 տարին մեկ ա ծնվում՝ չեմ ասել, թե էլ ոչ մեկը չի ծնվել։ Վիկտոր Համբարձումյանն էլ է 100 տարին մեկ ծնվում, Շիրազն էլ, Չարենցն էլ… Վերջը, կան էլի մարդիկ՝ Մոնթե Մելքոնյանն էլ, օրինակ»։

Մուրադ Պետրոսյանը նաեւ ասաց, որ Սամվել Բաբայանի մեջ բնությունը միահյուսել է 4 խոշոր բարեմասնություն՝ զինվորական տաղանդ, կազմակերպչական ունակություններ, հանրագիտարանային գիտելիքներ (բազմակողմանի ընդունակություններ) եւ վերջին բնորոշումներով՝ անչափելի կամք, զոհաբերության պատրաստ լինել, անմնացորդ նվիրում։ Նաեւ ակադեմիկոս Աղանբեկյանի տեսակետը մեջբերեց Սամվել Բաբայանի վերաբերյալ. «Ասաց, ա՜, սրան ասելու բան չկա։ Սա հանճար ա՝ էկանոմիկայի սամորոդոկ։ Սրա պես էկանամիստ չկա»։ Սա էլ դեռ բոլորը չէր։

«Ինչ հաղթանակներ եղել ա՝ 6-7 ռայոն ենք վերցրել՝ դրանց ասնավնոյ պլանի ավտորը Բաբայան Սամվելն ա։ Էդ իրան շնորհքը, խելքն ա, որ Ղարաբաղում էսօր մելիքություններ չկան։ Օրինակ ինձ մայորից սարքեց ռյադավոյ՝ հենց ընենց չէր։ Էն մեկին խափել ա, էն մեկին պաչել ա՝ սա պիտի ջոկես՝ ինչ մոմենտին ինչ անես։ Ասած իրեն՝ պատմությունը հըլա ցույց կտա։ Ես իրան կալիբրը չգիտեմ ինչքան ա՝ բայց նաղդի 100 տարին մեկ ա ծնվում։ Կարող ա 200, 300 ա դառնալու նույնիսկ»…

«Քոչարյանին, որպես անձնավորություն, վատ չէի նայում, բայց…»

«Բաբայանն էլ ա դաբրավոլնի Քոչարյանին ընդունում որպես քաղաքական գործիչ, ես էլ։ Բայց երբ բնությունից մեծ ընդունակություններով չօժտված մարդիկ շատ մեծ իշխանություն են վերցնում՝ ես դեմ եմ՝ ով ուզում է լինի։ Միջակ մարդիկ պիտի որոշումները կոլեգիալ ընդունեն՝ սխալները քիչ կլինեն։ Չհաշված էն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերցրած պալնամոչիաները հիմա Քոչարյանն է տանում՝ դա վափշե…»,- այստեղ պրն Պետրոսյանին ընդհատեցինք, հիշեցնելով, որ Ռոբերտ Քոչարյանն ուզում է հրաժարվել Սահմանադրությամբ իրեն ընձեռված լիազորությունների մի մասից։

«Ինքը սուշչեստվեննի ուստուպկեք չի՛ անի»,- կանխատեսեց պրն Պետրոսյանը, որ հրաշալի գիտեր, թե հատկապես ինչ է զիջում Հայաստանի նախագահը. «Ես լավ գիտեմ՝ համ տենց մարդկանց, համ էլ լիչնի իրան, իրա նատուրան, խարակտերը»։ Ի դեպ, եթե Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հերթական հատվածների բացման արարողության եւ հետո ԼՂՀ անկախության 7-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Բաբայանը եւ ոչ մի պահ կողք-կողքի չհայտնվեցին, ապա Մուրադ Պետրոսյանի հետ Հայաստանի նախագահը ընդունելության ժամանակ բաժակ-բաժակի խփեց։ Հարեւան սեղանը լրագրողներինն էր եւ ակամա լսեցինք հետեւյալ երկխոսությունը. «Էս վերջերս ինչ թերթ բացում ես՝ Պետրոսյան Մուրադն է»,- ասաց պրն Քոչարյանը։

«Ես առաջ էլ էի գրում՝ պռոստը, դուք կոմսոմոլում էիք՝ էն ժամանակ թերթ չէիք կարդում»,- հայկական զույգ պետությունների նախագահներին ի պատասխան «կպավ» Գեներալը։ Քոչարյանի հետ այսպիսի փոխհարաբերությունների եւ բառային փոխհրաձգությունների պատճառ որպես Գեներալը նշեց. «Ես յեդինստվեննի մարդն եմ, որ պարզ մեր պառլամենտում ասել եմ՝ Հայաստանի ղեկավարությունն ուզում է թուլացնի Ղարաբաղի իշխանությունը։ Ինքը դա է շատ վատ ընդունել»։

Գլխավոր հարցը ԼՂՀ ԱԺ նստաշրջանում Մուրադ Պետրոսյանը ներիշխանական ճգնաժամի պատճառ էր հայտարարել հետեւյալը. «Հայաստանի ղեկավարության կողմից անցկացվող խաղերի նպատակն է թուլացնել եւ ապա բացառել ԼՂՀ ղեկավարության ազդեցությունը ՀՀ արտաքին քաղաքականության վրա»։ Ի վերջո, հենց այս պնդումը «արգումենտիրովատ» անելու համար էր պրն Պետրոսյանը լրագրողներին Ղարաբաղի որեւէ «ռայսկի ուգոլոկ» հրավիրել։ Այժմ փաստարկել եւ հիմնավորել փորձելու ժամանակն էր։

«Ես սենց եմ մտածել որպես պալիտիկ, լագիչնի եւ ինտուիցիայով զգացել եմ, ու ֆակտով տեսել, որ ճիշտ եմ եղել։ Անպայման չի իրանց կուխնյան գիտենամ կամ ինձ ռազվեդուպրավլենի ըլնի։ Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի վնուտրեննի պալիտիկան շարունակում ես՝ ուզում ես, չես ուզում՝ ընկնում ես միջազգային պրեսի տակ։ Աշխարքը համաձայն ա, որ էս ճղոպուրը թեկուզ պուճուր ա՝ էս կուվալդը մեծ ա, բայց էս շան տղա պոպոքը չի կոտրվում, պլստում ա։ Բայց չես հասել քո նպատակին՝ հետեւիցդ պագոնյան գալիս ա։ Հիմա Քոչարյանը իր պալիտիկան ցույց չի տալիս (խի Լեւոնը ցո՞ւյց էր տալիս)՝ վնուտրեննի զրույցում են ասում իրանք։ Սրանք կարան Լեւոնի պես էդ ճանապարհով գնան՝ շիրոկի ավտոնոմիա, Լաչինսկի կարիդոր… Հիմա Բաբայան Սամվելն ուժեղ լիչնոստ ա։ Եթե նա ուժեղանում ա՝ վարչապետ դառնում, վափշե ռիչագներն ուժեղանում են։ Էն մարդն ա, որ կարա դիմադրի՝ ոնց որ Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջինը ասաց «չէ», օգոստոսին ինտերվյու տվեց, ասաց՝ «ինչ թուղթ էլ ստորագրեն մնալու է թղթի վրա»։

Բաբայանն էն մարդն ա, որ կարում ա կազմակերպի, ու դրա համար ոչ թե Լեոնարդին էին պահում, այլ Բաբայան Սամվելին կրիշկա էին դրել, որ չաճի։ Ու նպատակ էին դրել, որ թուլանա։ Դրա համար էլ ես էս ամեն ինչը խաղ եմ ասել, որ Ղարաբաղի ղեկավարությունը թուլացնեն։ Իսկ շատ հարցերում Բաբայան Սամվելը ղեկավարության ասնավնոյ դերն ա տանում։ Այ, ես նկատի ունեի»։ Բա Արկադի Ղուկասյա՞նը Այս ամենը լսելով մի տեսակ անգամ մոռանում էիր, որ ԼՂՀ-ն նախագահ ունի, եւ երբ հետաքրքրվեցի, թե ինչպես է նրան վերաբերվում պրն Պետրոսյանը՝ բնորոշումները շատ ավելի զուսպ հնչեցին։ Հիշեց, որ Ղարաբաղը գավառ է եղել, ներուժ չի ունեցել, քաղաքականություն չի վարվել եւ գործիչներ չեն աճեցվել. «Հիմա Ղուկասյան Արկադյան էս պատենցիալին նայած ամենասաատվետստվույուշչի մարդն ա, որ մեր վնեշնի պալիտիկան տանի։ Բայց որպես պրեզիդենտ չի համապատասխանում, որպես կազմակերպիչ։ Էկանոմիկայից վափշե չխոսանք»։

Ի դեպ Մուրադ Պետրոսյանը զրույցի սկզբում պատրաստակամություն էր հայտնել ցանկացած հարցի պատասխանել, ուստիեւ անկաշկանդ հետաքրքրվեցինք. Ղարաբաղի հունիսյան ճգնաժամի ընթացքում արտահոսք եղավ, թե ԼՂՀ ԱԺ ղեկավարության մեջ թմրամոլներ կան, եւ այդ լուրը մեր թերթն էլ հրապարակեց։ Ոչ հրապարակայնորեն՝ հենց նրա անունն էր տրվում։ «Թմրանյութեր օգտագործո՞ւմ եք» հարցին նա անկեղծ պատասխանեց. «Ո՞նց կարամ օգտագործած չլինեմ երիտասարդ, ուսանող վախտ. թեթեւ բաներ՝ մարիխուանա, անաշա։ Բայց հետո էլ իմ արգանիզմը չի ընդունել։ Սրոկ նստած ժամանակս էլ, երբ որ ծակվում էին՝ ինձ համար ատելի բան էր։ Տեսնում էի, որ նոր են սկսում, բռնում ոտիս տակ էի քցում, քիչ էր մնում ինձ ծեծեն»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930