Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՆԱ ԱԺ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ

Սեպտեմբեր 10,1998 00:00
Vahagn Xachatryan

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, ԱԺ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ՀՀ ստացած վարկերի եւ փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ստուգող հանձնաժողովի քարտուղար Վահագն Խաչատրյանի հետ:

-Ըստ «Առավոտ» հասած տեղեկատվության, կառավարությունը մերժել է ձեր հանձնաժողովին տրամադրել փաստաթղթեր՝ դրանք համարելով ձեր ուսումնասիրության շրջանակից դուրս եւ կոմերցիոն գաղտնիք պարունակող վկայագրեր։ Ճի՞շտ է, արդյոք, այս տեղեկատվությունը։

– Խնդիրն, իմ կարծիքով, շատ կարեւոր է։ Ոչ միայն հանձնաժողովի, այլեւ պատգամավորի նկատմամբ վերաբերմունքի հարցն ընդհանրապես, ես պետք է արծարծեմ Ազգային ժողովում։ Իսկ այս պահին իմ պատասխանը հետեւյալն է. իրոք կառավարության որոշ շրջանակներ խուսափում են մեզ հետ ավելի բաց աշխատելուց, եւ այսօր նույնիսկ կարող եմ ասել, որ խոչընդոտներ են ստեղծում։ Հաջորդ շաբաթ հանձնաժողովը կքննարկի այդ հարցը եւ միգուցե հանձնաժողովի անունից հայտարարություն արվի՝ արդեն ազգանունների ընդգրկմամբ։ Ես այս հայտարարությունը ոչ միայն իբրեւ հանձնաժողովի անդամ, այլեւ իբրեւ պատգամավոր եմ անում։ Ուզում եմ ներկայացնել կոնկրետ ինձ հետ տեղի ունեցածը։

Ես պատգամավորական հարցում եմ արել կառավարությանը, որի՝ երկար ժամանակ անարձագանք մնալուց հետո ստացել եմ մի պատասխան, որը հուշում է, թե ես ուր կարող եմ դիմել։ Ես, ասենք, կառավարությանն եմ դիմում ավիացիայի խնդրով, իսկ նրանք ինձ ասում են՝ դուք կարող եք դիմել ավիացիային։ Ես դիմում եմ գինու կոմբինատի հետ կապված խնդրով, թե պաշտոնապես հայտարարվել է, որ այնտեղ 70 % նյութական արժեքների կորուստ է եղել եւ գինու փոխարեն ջուր է հայտնվել տակառներում, ինձ հայտնում են, թե կարող եմ դիմել գինու կոմբինատ։ Բայց չէ՞ որ այնտեղ կա պետական սեփականություն, ու ինձ հետաքրքրում է, արդյոք տեղյա՞կ է կառավարությունը խնդրին, եւ ի՞նչ միջոցներ է ձեռք առնում։ Ուզում եմ հիշեցնել բոլոր պաշտոնյաներին, առաջին հերթին՝ կառավարությանն ու վարչապետին, որ ես բոլորի տեղն ու բոլորի հասցեները գիտեմ։ Բայց ընդունված կարգի համաձայն մենք պարտավոր ենք դիմել իրենց եւ կուզենայինք իրենցից էլ պատասխան ստանալ։

Բացի այդ, այն տպավորությունն է ստեղծվում, որ կառավարությունում պետական լեզուն ոչ թե հայերենն է, այլ անգլերենը։ Մեզ ուղարկվող փաստաթղթերի մեծ մասը, մանավանդ այն պայմանագրերը, որոնց հիման վրա գործարքներ են կատարվում, նկատի ունեմ կոնյակի գործարանի, «ԱրմենՏելի» գործարքները եւ այլն, համոզված եմ, որ նույնն է վիճակը նաեւ «Արմենիա» հյուրանոցի դեպքում, անգլերեն է՝ ինձ համար անհասկանալի։ Տվյալ դեպքում այնքան կարեւոր չէ՝ մենք տիրապետում ենք անգլերենին, թե՝ ոչ։ Սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեր այսօրվա կառավարության աշխատակիցները շատ են ափսոսում, որ անգլերենը չէ մեր պետական լեզուն։

Հավանաբար ուզում են երկքաղաքացիության հետ նաեւ երկլեզվության մասին օրենք լինի։ Այդ դեպքում որ լեզվով ուզեն՝ կխոսեն։ Կմտնեն կառավարության շենք՝ կխոսեն անգլերեն, կմտնեն մեկ այլ տեղ՝ կխոսեն թուրքերեն, պառլամենտում կարելի է խոսել ցանկացած լեզվով։ Իսկ ընդհանրապես, իմ անձնական դիտարկմամբ, տպավորությունն այն է, մեղմ ասած, առանձնակի ջերմ վերաբերմունք չկա մեր հանձնաժողովի նկատմամբ։

– Շատ լավ, հիմա խոսենք մեկ այլ հանձնաժողովի մասին, որի նկատմամբ, իմ կարծիքով, կառավարության դիրքորոշումն ավելի բարեհաճ է։ Սեպտեմբերի 9-ին դուք մասնակցել եք ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստին, ուր կառավարության գործունեությունը, ավելի ճիշտ՝ անգործությունը դատապարտող հայտարարություն է ընդունվել։ Ցանկալի է, որ տեղեկատվությունը տրվի առաջին ձեռքից։

– Սա, փաստորեն, նախորդ հարցի շարունակությունն է։ Երեւի աշխատաոճ է դարձել արհամարհել այն, ինչ իրենց ձեռք չի տալիս։ Բյուջետային համակարգի մասին օրենքը գրելիս, մենք այդ հանգամանքը հաշվի ենք առել. մեզ անհրաժեշտ են տեղեկատվական նյութեր, որպեսզի կառավարության ընթացիկ գործունեությունը կարողանանք վերահսկել։ Ժամկետները օրենսդրությամբ սահմանված են, որոնք վաղուց լրացել են, սակայն, ցավոք, մինչեւ օրս չունենք այն փաստաթուղթը, որի հիման վրա կարող ենք գնահատականներ տալ։ Կառավարության իրավասու անդամները՝ սկսած վարչապետից վերջացրած ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարով եւ մյուսներով, միաբերան պնդում են, թե 6-8 ամսվա ընթացքում մեծ հաջողություններ են ձեռք բերել։ Ասում են, թե նկատվել է համախառն ներքին արդյունքի դրական շարժ, բյուջեի հավաքման բացառիկ ընթացք եւ այլն։ Շատ լավ են խոսում, բայց իրենք են խոսում, մենք որեւէ թիվ չենք տեսել։

Իսկ թե ի՞նչ է թաքնված այդ թվերի տակ, ինչպե՞ս է թաքնված, ինչպե՞ս է դա արվել՝ պարզ չէ։ Այդ պատճառով էր, որ հանձնաժողովի սեպտեմբերի 9-ի նիստում որեւէ առարկող ձայն չհնչեց։ Արձանագրվեց, որ, իրոք, խախտում է եղել։ Որպես իրավիճակի վրա ազդելու լծակ՝ հարմար նկատվեց այս ձեւը՝ ընդունվեց հայտարարություն։ Իսկ անհրաժեշտության դեպքում, երբ արդեն Ազգային ժողովը հավաքված կլինի նստաշրջանի, մենք երեւի հանդես կգանք համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի կառավարությունը կատարի իր պարտականությունները։ Նման մոտեցումը վկայում է, որ կառավարությունը միայն իրեն է պատկերացնում իբրեւ այս պետության մեջ տեղի ունեցող գործընթացներին տիրապետող մարմին՝ արհամարհելով ու վարկաբեկելով Ազգային ժողովը։ Հավատացնում եմ, որ ոչինչ չի ստացվելու իրենց իշխանությունն ավելացնելու փորձերից։ Նրանք շուտով կգան Ազգային ժողով եւ պատասխան կտան, թե ընդհանրապես ինչ է կատարվում իրենց մոտ։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930