Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ՀՀ-ԼՂՀ միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստի ժամանակ հայտարարվեց, որ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիներին սկսել են Հայաստանի Հանրապետության անձնագրեր բաժանել։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանն այնպես ներկայացրեց, թե այդ անձնագիրն ունեցող ԼՂՀ քաղաքացիները չեն օգտվելու ՀՀ-ում ընտրելու իրավունքից, քանի դեռ հաշվառված չեն։ Սակայն այնքան էլ հասկանալի ու պարզ չմատուցվեց, թե ինչպես պետք է կանխվի այդ հաշվառման իրագործումը։
ՆՄԱՆՆ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԻ
Ըստ հավաստի աղբյուրներից «Առավոտ» հասած տեղեկատվության՝ սեպտեմբերի 8-ին հանդիպել են «Հանրապետություն» պատգամավորական խմբակցության նախագահ Բաբկեն Արարքցյանն ու «Հայրենիք» պատգամավորական խմբի ղեկավար Էդվարդ Եգորյանը։ Ենթադրվում է, որ նրանց միջեւ համագործակցության նախնական համաձայնություն է ձեռք բերվել։ Որոշվել է գործակցության եզրեր գտնել խորհրդարանական առաջիկա զարգացումներում։
ՓՈԽԽՈՍՆԱԿՆԵՐԸ՝ ՇԱՐՔԱՅԻՆՆԵՐ
Կարդացեք նաև
Ազգային նախագահի նախկին տեղակալներ Արա Սահակյանը եւ Կարապետ Ռուբինյանը նախընտրել են դառնալ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ու հիմա էլ ակտիվ գործունեություն են ծավալում այդ մարմնի շրջանակներում։
ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՄԱՐԸ ՉԻ՞ ՓՈԽՎԻ
ՀՀ նախագահի անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոր Սարգսյանի հորեղբոր տղան՝ Սյունիքի տարածաշրջանի մաքսատան պետ Ռոմա Սարգսյանն ամենայն հավանականությամբ կնշանակվի Արարատյան տարածաշրջանի մաքսատան պետ։ Եվ հակառակը. Արարատյան տարածաշրջանի մաքսատան նախկին պետ Սամվել Սարգսյանը բարձրաստիճան մաքսավորի իր հետագա գործունեությունը կծավալի Սյունիքում՝ Ռոմա Սարգսյանի փոխարեն։