Դատարանակազմության մասին 1998 թ. մարտի 7-ին ԵՊՀ-ի դահլիճում, նախագահական նախընտրական հանդիպման ժամանակ, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Սահմանադրությունը ստեղծված է մեկ անձի՝ նախագահի համար, որի ձեռքում է կենտրոնացած ողջ իշխանությունը»։
Ինչպես հայտնի է, ժողովրդավարական երկրներում պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա։ Պետական իշխանությունը մեկ անձի՝ նախագահի ձեռքում կենտրոնացված լինելու վերաբերյալ Ռ. Քոչարյանի իրատեսական, իսկ ընտրողների համար գայթակղիչ գնահատականից հետո սպասվում էր, որ նախագահի պաշտոնը ստանձնելով, նորընտիր նախագահի առաջնահերթ խնդիրն է լինելու նոր Սահմանադրություն ընդունելը կամ սահմանադրական այնպիսի արմատական փոփոխություններ կատարելը, որոնցով կտարանջատվեին օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները (ի դեպ, 26.08.96 թ. Ազգային հեռուստատեսության առաջին ծրագրով «02»-ի հաղորդմանը մասնակցած սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի գիտական բարձր կոչում ունեցող, լուրջ գիտնականի կեցվածքով երկու անդամ, Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ պատկերացում ունենալու համար, մեզ բացատրում էին, թե փորձում են որոշել որն է ճիշտը՝ ՀՀ նախագահի թեկնածուն պետք է ունենա հի՞նգ, թե՞ տասը տարվա բնակություն ՀՀ-ում)։
Ինքնին հասկանալի է, որ նման «լուրջ» խնդրի լուծումից է կախված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացման հարցը (այսքանը պարոն Վասակ Դարբինյանի վարկածի համար)։ Այսպես, ուրեմն, առանց իշխանության երեք օղակների տարանջատման ուղղության սահմանադրական էական փոփոխությունների, նախկին հենքի վրա, ավարտվեց դատաիրավական բարեփոխումների գործընթացը, ընդունվեց դատարանակազմության մասին ՀՀ օրենքը, որով ստեղծվեց դատական նոր համակարգ։
ՀՀ նախագահի պաշտոնավարության 100 օրվա հաշվետվության ընթացքում, պատասխանելով «Իրավունք» թերթի թղթակցին, կապված քաղաքական դատավարությունների հետ, Ռ. Քոչարյանը նշեց, որ «Եթե չլինեին այդ դատավորները, կգտնվեին ուրիշները, ովքեր ավելի ակտիվորեն կծառայեին քաղաքական պատվերներին։ Մեղավորը ոչ թե դատավորներն են, այլ համակարգը»։ Ուրեմն, բարեփոխելով դատական համակարգը, պետք է ունենանք անկախ դատարաններ, հետեւաբար նաեւ՝ անկախ դատավորներ։
Կարդացեք նաև
Չխորանալով այն հարցի էության մեջ, որ քանի դեռ մեր հանրապետությունում նախագահն է նշանակում դատավորներին, չի կարող անկախ դատավոր, հետեւաբար նաեւ՝ դատարան, հետեւաբար նաեւ՝ օրենքի գերակայություն լինել, փորձենք ցույց տալ, թե դատարանակազմության օրենքով սահմանված նոր դատական համակարգը որքանով է նպաստում մարդու իրավունքների դատական պաշտպանության բարելավմանը։ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 7 արձանագրության երկրորդ հոդվածի համաձայն՝ «քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ իր դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից»։
Կախված այն բանից, թե որքանով է երաշխավորված վերադաս դատական ատյանին բողոքարկելու մարդու իրավունքը, պայմանավորված է տվյալ երկրի ժողովրդավարական բնույթը։ Դատաիրավական բաեփոխումների արդյունքում ունենալու ենք նոր դատական համակարգ, որի հիմքը դրվեց վճռաբեկ դատարանի կազմավորմամբ։ Համեմատելով մինչեւ օրս մեր հանրապետությունում գործող (վճռաբեկ դատարանին մինչեւ հունվար ամիսը տրվել է նախկին Գերագույն դատարանի լիազորությունները) օրենքի հետ փորձենք պարզել, թե դատական նոր համակարգը որքանով է ապահովում դատավորների անկախությունը, մարդու իրավունքների դատական պաշտպանությունը։
Ի դեպ, երեւի աշխարհում չկա մեկ այլ երկիր, որտեղ գործեն մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված այնքան նախագահին առընթեր ու ոչ առընթեր, պետական ու ոչ պետական կազմակերպություններ ու միություններ, որքան մեր հանրապետությունում։ Մեկ տասնյակից ավելի նման կազմակերպությունների գոյության փաստը վկայում է կամ այն մասին, որ մեր հանրապետությունում համատարած խախտվում են մարդու իրավունքները, կամ, որ մերն ուրիշ է, մերը՝ աշխարհի ամենաժողովրդավար երկիրն է։ Երեւի հարցիս անվիճելի պատասխանը կարող է տալ միայն ՀՀ նախագահի խորհրդական, եռանախագահ (ԻՄ-ի նախագահ, ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նախագահ…) պարոն Պարույր Հայրիկյանը։ Այսպես, ուրեմն, մինչեւ օրս գործող դատական համակարգում ունեինք մարդու իրավունքների դատական պաշտպանության չորս դատական ատյան։
1. Ժողովրդական դատարան։
2. Վճռաբեկության եւ դատական հսկողության կարգով ժողդատարանների դատավճիռների, վճիռների եւ որոշումների օրինականությունը եւ հիմնավորվածությունը վերանայող ՀՀ Գերագույն դատարանի քրեական ու քաղաքացիական դատական կոլեգիաներ։
3. Օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների եւ որոշումների օրինականությունը դատական հսկողության կարգով վերանայող՝ ՀՀ Գերագույն դատարանի նախագահություն։
4. Նույն իրավասությամբ օժտված ՀՀ Գերագույն դատարանի պլենում։
Դատաիրավական բարեփոխումների արդյունքում 1999 թ. հունվարի 12-ից ունենալու ենք դատական պաշտպանության երեք (իսկ առանձին դեպքերում՝ երկու եւ նույնիսկ մեկ) ատյան։
1. Առաջին ատյանի դատարաններ։
2. Վերաքննիչ՝ կրկին անգամ գործը քննող դատարաններ։
3. Վճռաբեկ դատարան (դատարանակազմության մասին օրենք, հոդված 11)։
Հենց միայն թվական համեմատությունից երեւում է, որ, այսպես կոչված, «բարեփոխումների» արդյունքում մեկ ատյանով պակասել է մարդու դատական պաշտպանության իրավունքը։ Եթե մեր ժամանակներում երեքը չորսից մեծ է, ուրեմն բարեփոխումների ընթացքը «խոստումնալից» է։
ԺՈՒԴԵՔՍ ՇԱՔԱՐՅԱՆ
Փաստաբան
Հ.Գ. Օրենքը կազմողներին հարող մեր Շիրակո ԻԶվեստնի գիտնականն այն կարծիքին է, որ երկու ատյանն էլ բավական է ճշմարտությունը բացահայտելու համար, որ քաղաքակիրթ երկրներում (Ֆրանսիայում) երեք դատական ատյան է, գիտեմ, որ օրենքը գրվել է քաղաքակիրթ հասարակության համար, ոչ թե իմ նմանների հասարակության համար։ Հուսանք, որ դատաիրավական վերափոխումների շնորհիվ կունենանք գիտնականին արժանի քաղաքակիրթ հասարակություն, եթե չունենանք, հոգ չէ, կարեւորն այն է, որ օրենքը եւ մեր գիտնականը կան։ Ի վերջո, Հեգելն ասել է, չէ՞, այն, ինչ բանական է, իրական է։