Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂԵՐԸ ՀԱՇՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Սեպտեմբեր 08,1998 00:00
usanox

Մոտ մեկուկես ամսվա բուռն կրքերից հետո ուսանողի կարգավիճակ ստացած բոլոր դիմորդները չէ, որ ցնծում են եւ բոլոր ընտանիքներում չէ, որ տոն է։ Պատճառը շա՜տ պարզ է՝ փողը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։ Մինչեւ սեպտեմբերի 20-ը եղած կամ չեղած փողերը հաշվելու բախտորոշ գործունեությամբ են զբաղվելու ոչ միայն վճարովի համակարգ ընդունված դիմորդների ծնողները, այլեւ նրանց զավակներին հյուրընկալելու պատրաստ (միայն ուսման վարձը վճարելու պայմանով) բուհերը։ Ընդ որում, վերջիններիս ավելի շատ մտահոգում է ոչ թե ուսման վարձի պատճառով վճարովի համակարգի իրենց տեղերից հրաժարվող դիմորդների, այլ վճարունակ, բայց մրցույթից դուրս մնացած դիմորդների ճակատագիրը։

Վճարունակ ուսանող ունենալու ցանկությունն այնքան հաստատ է, որ որոշ բուհերի ռեկտորներ չեն հրամանագրում արդար եւ թափանցիկ մրցույթում այդ տեղերում սովորելու իրավունքը շահած դիմորդներին՝ մինչեւ ուսման վարձը չմուծեն։ Որոշ ռեկտորներ էլ, ասենք Երեւանի պետական բժշկական համալսարանինը, նախ կհրամանագրեն, հետո էլ, երբ պարզվի, որ վճարունակ չեն, չեղյալ կհայտարարեն։ Այս փուլում խոսքը միայն առաջին տարվա ուսման վարձի մասին է։ Դեռ թեժ քննարկումների առարկա կդառնա, թե ինչպե՞ս պետք է այն վճարել՝ ամբողջ տարվա համար միանգամի՞ց, թե՞ մաս-մաս։

Այսօր վճարունակ, բայց մեկ կամ երկու տարի հետո վճարելու անկարող (կյանք է, ամեն ինչ պատահում է) ծնողները դեռ հետո կըմբոստանան ու դիմումները կհեղեղեն կրթության ու գիտության նախարարին՝ գումարվելով արդեն եղած հարյուրավոր նման դիմումներին։ Վճարովի համակարգում պարտաճանաչ վճարող ուսանող ունենալու բուհերի ցանկությունը հասկանալի է, քանի որ իրենց ծախսերի 60%-ից ավելին դրա հաշվին են փակում։ Առանց այդ էլ վճարովի համակարգում տեղերը ոչ թե իրենց հնարավորությունների ու առավել եւս ցանկությունների հաշվարկով է, այլ պետական քմահաճույքի։

Այն ինչ-որ տեղ արդարացվում է պետպատվերով տեղերի քանակը որոշելու իրավունքով, բայց վճարովիի դեպքում այնքան էլ հասկանալի չէ։ Մանավանդ որ, ինքը՝ պետությունը ֆինանսապես բուհերին լիարժեք ապահովելու կարողություն (թե ցանկություն) ո՛չ հիմա ունի, ո՛չ էլ առաջիկա տարիների ընթացքում կունենա։ Իսկ երկրի վարչապետը կրթական ու գիտական օջախների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ամենաշատը ինքնուրույնությունից է խոսում՝ դրա տակ ամենից առաջ մի բան հասկանալով. կարող ես՝ գլխիդ ճարը տես, պետությունը քո հավեսը չունի։

Մասնավոր բուհերի բախտն այդ տեսակետից ավելի է բերել, ու պետականների ռեկտորները չեն մոռանում այդ մասին անընդհատ հիշեցնել։ Շատերն են նեղացածի կեցվածքով բողոքում, որ հա՛մ մասնավոր բուհերում ընդունելության հետ կապված նման դժվարություններ չկան, հա՛մ էլ ինչքան ուսանող ուզեն, կընդունեն։ Չնայած մի բան լուրջ վերլուծության կարիք ունի. այդ ինչպե՞ս է, որ չնայած մասնավոր բուհերի ուսման վարձը պետականների համեմատ ավելի ցածր է, սակայն նրանք կարողանում են բարձր աշխատավարձով ապահովել իրենց դասախոսներին. մի քանիսն էլ՝ մի-երկու տարում նախանձելի հարմարություններով շենքեր կառուցել։ Մինչդեռ պետական բուհերի դասախոսներն առանձնապես չեն կարող հպարտանալ վճարովի համակարգի բարիքներից օգտվելու իրողությամբ։

Այս թեմայով զրույցներից մեկի ժամանակ մեր պետական բուհերի հարգելի ռեկտորներից մեկը վստահեցնում էր, թե մասնավոր բուհերի դասախոսների բարձր աշխատավարձը միայն գովազդ է, որ նրանց մի փոքր մասն է միայն բարձր վարձատրվում, մյուսներինը սովորական է։ Բացի այդ, եւ ամենագլխավորը՝ մասնավոր բուհերի ուսանողների իրական թիվը բոլորովին էլ այն չէ, ինչ մատուցվում է հարկային եւ այլ մարմիններին։ Ինչեւիցե, սա առանձին քննարկման հարց է։ Որքան մեղադրելի չէ սահմանափակ թվով վճարովի համակարգում անվճարունակ ուսանողներ ու թափուր տեղեր չունենալու բուհերի ձգտումը, նույնքան էլ մեղադրելի չէ մրցույթից դուրս մնացած, ընդ որում բավականին բարձր միավորներով, բայց իրենց կրթության համար վճարելու պատրաստ դիմորդների ցանկությունը։

Նույնիսկ մեղադրելի չէ այն ծնողների պահվածքը, որոնք իրենց անվճարունակ լինելու մասին գլխի են ընկել ոչ թե հիմա, այլ դիմում-հայտերը լրացնելիս ու չնայած դրան, այնուամենայնիվ, նաեւ վճարովի տեղերի համար են հայտը ներկայացրել՝ դրանով գրավելով մեկ ուրիշի տեղը եւ զրկելով նրան այդ տեղի իրավունքից։ Մինչդեռ բուհերի այս տարվա ընդունելության կանոնները գաղտնի փաստաթուղթ չեն եղել, իսկ այնտեղ հստակ գրված է, որ դիմորդները մրցույթին մասնակցում են իրենց դիմում-հայտերում լրացված հայտերի եւ դրանց հաջորդականությանը համապատասխան։ Եվ եթե դիմորդը մրցույթով անցնում է դիմում-հայտում նշված առաջին հայտով, ապա դիմում-հայտում նշված մյուս հայտերի համար մրցույթին չի մասնակցում։ Կանոններով հստակ սահմանված է, որ դիմում-հայտը փոփոխման ենթակա չէ։

Սակայն դիմորդների ծնողների բողոքների գերակշիռ մասը հնարավոր է բավարարել միայն կանոնների խախտումով։ Մի մասը ցանկանում է հրաժարվել պետպատվերով տեղի իր իրավունքից եւ սովորել իր ցանկացած ֆակուլտետում, թեկուզ վճարովի։ Մյուսը «համաձայն» է իր բարձր միավորներով սովորել ոչ «պրեստիժնի», բայց պետպատվերով տեղում՝ զիջելով վճարովի համակարգի իր տեղն ավելի «արժանավորին»։ Էլ ավելի մեծ տոկոսը խնդրում է իրեն վճարովի համակարգից տեղափոխել տվյալ մասնագիտության պետպատվերով համակարգ։ Ընդ որում, նրանց մեծ մասն իր պահանջը հիմնավորում է կանոնները լավ չհասկանալու, սխալվելու արդարացումներով։

Մինչդեռ թե՛ պետպատվերով, թե՛ վճարովի տեղերի հաստատված թիվը նման «շարժերի» պատրաստ չէ։ Կանոններով նախատեսված հնարավորություններն էլ շատ խոցելի են՝ չնայած դրանք ամեն տարի «բարեփոխվում» են։ Ի դեպ, անցյալ տարի պետպատվերով եւ վճարովի տեղերի մրցույթն առանձին էր անցկացվում, այս տարի՝ միասին։ Մի կարգին չհիմնավորվեց նման անցումների արդարացումները, երեւի պատճառն էլի չարաշահումները հնարավորինս բացառելու ցանկությունն էր։ Այնուամենայնիվ, հանրապետական ընդունող հանձնաժողովում քննարկվող տարբերակներից մեկը նախորդ տարվա կարգի «մինի» տարբերակն է։ Եթե սեպտեմբերի 20-ից հետո ամփոփված տվյալներով պարզվի, որ վճարովի համակարգում, իրենց տեղից հրաժարվածների պատճառով, թափուր տեղեր են առաջացել, ապա գուցե կրկնակի մրցույթ անցկացվի մրցույթից դուրս մնացածների միջեւ։

Իսկ մինչեւ ամսի 20-ը մտածելու ու փողերը հաշվելու ժամանակ դեռ ունեն ե՛ւ դիմորդների ծնողները, ե՛ւ բուհերը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930