Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿԱՇԿԱՆԴԵՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԸ

Սեպտեմբեր 08,1998 00:00
mayr ator

Աղը լավ բան է, բայց եթե աղն էլ անհամանա, ինչո՞վ այն պետք է համեմվի

Վաղուց արդեն հրապարակային դարձած Մայր աթոռ սբ. Էջմիածին-Ֆերջուլյան դատավարությունն անցած ուրբաթ, հերթական նիստի ժամանակ վերջապես անհամացավ։ Ներկաների վկայությամբ ժողդատավորն այդ օրը բոլորովին անաչառ չէր։ Էջմիածնի ժողդատավոր Հ. Սարգսյանի պահվածքը դատավարության սկզբից եւ հետայնու տարօրինակորեն բարեհամբույր էր։ Ամեն նիստից հետո պարոն դատավորը հրավիրում էր լրագրողներին եւ հարցնում՝ ինչպե՞ս էր։ Մենք էլ ասում էինք, որ եթե մինչեւ վերջ այսպես գնա, հարցը կլուծվի Ֆերջուլյանների օգտին։ Սակայն ուրբաթն ավելի շուտ եկավ, քան շաբաթվա՝ սովորաբար դրան նախորդող մյուս օրերը։

Անահիտ Ֆերջուլյանի փաստաբան Հայկ Ալումյանը Էջմիածնի ժողդատավոր Հ. Սարգսյանին բացարկ հայտարարեց։ Պարոն դատավորը վերջին նիստի ժամանակ, ինչպես մեզ պատմեց փաստաբանը, այնքան էլ անկողմնակալ չի եղել եւ իրար հետեւից մերժել է հայցվոր կողմի միջնորդությունները։ Իսկ միջնորդություններն ավելի քան օրինական էին, այն է՝ կատարել դատարանի որոշումը եւ իբրեւ վկա դատարան հրավիրել կաթողիկոսի քարտուղար Արտակ աբեղա Տիգրանյանին։ Սակայն, պարզվում է, որ մենք սովորական երկիր չենք եւ դատն ու դատարանը կոսմետիկական հնարանքներ են միայն, իսկ Ամերիկան դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտի մեզ հասնելու համար։

Եթե մի Ամերիկայի նախագահ կարող է գնալ եւ ցուցմունք տալ դատարանում իր հարաբերությունների մասին, ապա մի քարտուղար կարող է հաշվի չառնել դատարանի որոշումը եւ չներկայանալ վկայություն տալու։ Քարտուղարի կարգավիճակը հավասա՞ր է որեւէ երկրի նախագահի կարգավիճակին, թե՞ ավելի բարձր է։ Իսկ դատն ու դատարանն անկողմնակալ չեն կարող լինել այնքանով (ըստ փաստաբանի), որքանով գտնվում են Էջմիածնում։ Այստեղ Մայր աթոռի գերիշխանությունն ավելի քան զգալի՞ է։ Այս խնդրին նվիրված հրապարակումները կարդացողները գուցե մտածեն թե շատ անհավատ եւ կռապաշտ մեկն եմ, որի համար եկեղեցին արժեք չունի։ Ասում եմ ձեզ, մոլորության մեջ եք, եւ կրկնում եմ, որ եկեղեցին ու նրա առանձին սպասավորները նույնը չեն եւ չեն կարող լինել։ Իսկ օրենսգետներին հիշեցնեմ աստվածաշնչյան մի քանի տող եւս. «Վա՜յ ձեզ օրենսգետներ, որ թաքցնում եք գիտության բանալիները. դուք չեք մտնում եւ մտնողներին էլ արգելում եք»։

Անահիտ Ֆերջուլյանի փաստաբանը մասնավորապես ասաց. «Հակառակ կողմի փաստաբանը պատճառաբանեց, որ գտնում է՝ նպատակահարմար չի, որ նա (Արտակ աբեղան- Մ. Ե.) գա։ Այստեղ նպատակահարմարությունը չպիտի որոշի փաստաբանը կամ գործող վկան։ Կա դատարանի որոշում, որը ենթակա է կատարման ցանկացածի կողմից։ Երկրորդը՝ ինչը մեզ համար կարեւոր էր, դա դատարանի որոշումն էր՝ Ներսես Պոզապալյանից գրավոր բացատրություններ ստանալը։ Բայց պատասխանողի ներկայացուցիչը հայտնեց, որ Պոզապալյանի գրությունը չի բերել եւ «Հարկ էլ չկա, որ բերի»։ Բայց դա դատարանի որոշում է, որ արդեն քննարկման առարկա չի կարող լինել, ենթակա է կատարման։ Առավել եւս Ներսես Պոզապալյանը ինքն էր ցանկություն հայտնել գրավոր բացատրություններ տալու։ Ես նկատեցի, որ դատարանը չի կարող անաչառ քննել այս գործը եւ դա նկատելով բացարկ հայտարարեցի»։

Եվ այսպես, Մայր աթոռ-Անահիտ Ֆերջուլյան գործը մի պահ մտավ փակուղի, մինչեւ հերթական դատարանը եւ դատավորը, որ կհամարձակվի իր ուսերին այսքան ծանր բեռ կրել։ Հայցվորի փաստաբանը լավատես է եւ կարծում է, թե գործն իրենք ի վերջո շահելու են եւ շահելու են այնպիսի դատարանում, որի գլխին եկեղեցու խաչը ծանր չի գա։ Իսկ մենք սպասենք գործողությունների հետագա ընթացքին եւ հոգեւոր հայրերին հիշեցնենք, որ «անկարելի է գայթակղությունը չգա, բայց վա՜յ նրան, ում ձեռքով կգա»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930