Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտելեկտուալ զտումներ արտգործնախարարությունում

Սեպտեմբեր 08,1998 00:00
agn

Սեպտեմբերի 14-ից անցկացվելու է ՀՀ արտաքին գործերի նախարարության անձնակազմի հերթական որակավորումը, որը նպատակ ունի պարզել մի խնդիր. համապատասխանո՞ւմ է արդյոք տվյալ աշխատակիցը դիվանագիտական աշխատանքի պահանջներին, թե՞ ոչ։

Որակավորման հարցաթերթիկները կազմված են լինելու վեց բաժիններից՝ հայոց պատմություն, Հայաստանի պետական կառավարման համակարգ եւ Սահմանադրություն, քաղաքական աշխարհագրություն, միջազգային հարաբերություններ եւ քաղաքագիտություն, հայոց լեզու եւ օտար լեզու։ Որակավորման առավելագույն նիշը 200 միավոր է։ 121 եւ ավելի բարձր միավորներ հավաքողը համարվելու է դիվանագիտական աշխատանքի համար պիտանի, 80-ից ցածրը՝ միանշանակորեն ոչ պիտանի։ 81-120 միավոր հավաքած աշխատակիցների պիտանելիությունը կախված է լինելու բոլոր աշխատակիցների միջին ցուցանիշից։ Այս ամենը միանգամայն նորմալ է, բայց…

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ խմբագրություն զանգահարեց ԱԳՆ մի աշխատակից, որը չցանկացավ ներկայանալ եւ տեղեկացրեց, թե արդեն ստացել են հարցաթերթիկների մոտավոր օրինակները, եւ շատ հարցեր վրդովվեցնելու աստիճան պարզունակ են, ինչը պատիվ չի բերում ՀՀ արտգործնախարարությանը։

Նախարարությունում մեզ սիրով տրամադրեցին հարցերի նմուշները՝ միաժամանակ կարծիք հայտնելով, թե զանգահարողն ըստ երեւույթին ցանկացել է մամուլում աղմուկ բարձրացնելով խափանել որակավորումը։ Իսկապե՞ս այդքան պարզունակ են հարցերը։ Մեր ձեռքի տակ եղած նմուշի հարցերից շատերն իսկապես պարզունակ են (օրինակ՝ ո՞ր պետությունների միջեւ է տեղի ունեցել ֆոլկլենդյան պատերազմը, կամ ո՞րն է Իրանի դրամական միավորը), մի քանիսը՝ ոչ դիվանագետի համար բավականին բարդ։ Բոլոր դեպքերում, հարցաթերթիկների ոչ շատ խորը վերլուծությունը ցույց է տալիս, որ որեւէ օտար լեզվի տիրապետող եւ միջին իմտելեկտ ունեցող ցանկացած մարդ հաստատ 121 միավորից ավելին կհավաքի։

Պարզ ասած, որակավորումը կոչված է հայտնաբերելու ոչ թե խելոքներին, այլ պարզապես անգրագետներին։ ԱԳՆ որոշ աշխատակիցների կարծիքով, հենց սա է ամենավատը, որովհետեւ եթե մեր դիվանագետներից թեկուզ մեկը 80 միավորից պակաս հավաքի, դա կլինի մեծ խայտառակություն։ Իսկ ԱԳՆ-ում, մեր մեջ ասած, ոչ ոք չի կասկածում, որ շատերը չեն անցնի 80 միավորի սահմանագիծը։ Այս վարկածը ստուգելու համար որոշեցինք փոքրիկ մի էքսպերիմենտ անցկացնել՝ հարցերի նմուշները տալով «Առավոտի» լրագրողներին։ Միջազգային լրատվությամբ զբաղվող Ոսկան Մամիկոնյանը հավաքեց 130 միավոր, կրթության էջի պատասխանատու Նաիրա Հովհաննիսյանը՝ 105, իրավական էջի պատասխանատու Հասմիկ Բուդաղյանը՝ 120, տնտեսական խնդիրներով զբաղվող Լիլիթ Ավագյանը՝ 115։ Եթե հաշվի առնենք, որ վերոհիշյալ լրագրողները երբեւէ դիվանագիտությամբ չեն զբաղվել, ապա ցուցանիշները բավականին բարձր են։

Նշենք նաեւ, որ օտար լեզվի իմացությունն այս ցուցանիշներին ավելացնում է եւս 25 միավոր։ Ի դեպ, մոտ ապագայում ԱԳՆ-ում աշխատանքի կընդունվեն միայն համանման տեստային համակարգերով։ Ըստ երեւույթին ժամանակն է, որ մյուս նախարարությունները նույնպես նման որակավորումներ անցկացնեն։

ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930