Այսօր Բաքվում կսկսվի ՏՐԱՍԵԿԱ-ի խնդիրներին նվիրված միջազգային համաժողովը, որին ասնակցել-չմասնակցելու հարցը, նաեւ այլ թեմա չունենալու պատճառով, այդքա՜ն քննարկվեց հայաստանյան մամուլում։
Վարչապետ Արմեն Դարբինյանն արդեն Բաքվում է, իսկ մենք՝ իբրեւ վերջին արձագանք, հրապարակում ենք ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանի մեկնաբանությունը, որը ժամանակին ծավալի պատճառով դուրս էր մնացել նրա հարցազրույցից։
«Իհարկե, նախագահը պիտի Բաքու գնար։ Ես լինեի՝ անպայման կգնայի ե՛ւ Բաքու, ե՛ւ Ստամբուլ, ե՛ւ Անկարա՝ ամեն մի ճանապարհ, ամեն մի երկաթուղի բացելու համար։ Եվ առհասարակ, Հայաստանի ղեկավարին ինչքան համաժողովների, հանդիպումների են հրավիրում՝ պիտի գնա։ Հայաստանը մեկուսացումից հանելու ի՞նչ այլ տարբերակ կա առայժմ, եթե չշփվենք աշխարհի հետ։ Մանավանդ որ Բաքվում միջազգային հավաք է, մեծ երկրներ են դրան խառը. Մետաքսի ճանապարհը եւ՛ տնտեսական, ե՛ւ քաղաքական՝ իրոք խոշոր նշանակություն ունի։ Վերջին հաշվով, սա նաեւ Անդրկովկասն աշխարհի հետ ինտեգրացնելու ճանապարհ է։ Քոչարյանը պիտի գնար, եթե Հայաստանը ցանկանում է իր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել։ Կարելի էր, իհարկե, նաեւ բոյկոտել՝ սա էլ է տարբերակ։ Բայց սա արդեն քաղաքական քայլ է։ Իսկ վարչապետի մակարդակով ներկայությունն այնուամենայնիվ բոյկոտ է։ Չեմ կարծում, թե դա մասնակցություն կհամարվի։ Այնպես որ, Ալիեւի մարտահրավերը պիտի ընդունվեր»։
Ա. Ի.