Երբ է եղել առաջին համտեսը
Երեւի ամենեւին էլ պատահական չէ, որ վարչապետ Արմեն Դարբինյանը կառավարության անդամների՝ մանուկ հասակում պարտադիր ձկնկիթային խավիար կերած լինելու մասին հայտարարությունն արեց, երբ վերջնականապես պարզվել էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՏՐԱՍԵԿԱ ծրագրով Բաքու չի մեկնելու։ Այժմ վարչապետը հարեւան հանրապետության մայրաքաղաքում է եւ կարող է ոչ միայն պետական անլուրջ գործերով զբաղվել, այլեւ իր կառավարության՝ իրեն ուղեկցող անդամների հետ վերստին վայելել երշիկ, սուջուխ, բաստուրմա, խաշլամա, խորոված, խաշ եւ այլ մսեղեն «բովանդակող» սեղանից միայն սեւ իկրա ուտելու հաճույքը։
Սա, իհարկե, միայն մոտավոր ենթադրություն է վարչապետի մանկության մասին։ Որ նա խավիար կերել է, նույնիսկ ինքն է վկայում, իսկ թե մսի կոմբինատից ինչ կերակրատեսակների հումք է Դարբինյանների տուն հասել, Մար-Աբաս Կատինայից սկսած մինչեւ սովետական շրջանի հայտնի պատմիչները որեւէ հիշատակություն չեն թողել։ Բայց դա այլեւս էական չէ։
Հայաստանի կառավարությունը միայն վարչապետից չէ, որ բաղկացած է։ Ինձ, օրինակ, շատ է հետաքրքրում, թե երբ են առաջին անգամ խավիար կերել մեր ուժային նախարարները կամ, ասենք, տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանը, կամ էլ ֆինանսների նախարար Էդվարդ Սանդոյանը եւ ուրիշներ։ Ընթերցողին խոստանալով այս հարցն առաջին հնարավորության դեպքում իսկ ուղղել այս եւ մյուս բոլոր օրերին խիստ բազմազբաղ մեր նախարարներին, տեսնենք, թե իշխանության բարձունքներ հասած նախկիններից ով ինչպիսի առնչություն է ունեցել ձկնկիթային խավիարին։
Կարդացեք նաև
«Ես էլ եմ խավիար կերել, հայրս էլ, պապս էլ…»
ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն, ասենք, մանկության տարիներին խավիար պարբերաբար կերել է, նախընտրելով, իր իսկ խոսքերով, կարմիրը։ Իսկ վարչապետի հայտարարությունը մեկնաբանում է այսպես. «Կարծում եմ, որ Արմեն Դարբինյանն ավելի մոտ է իր մանկությանը, քան՝ ես։ Նա ավելի ճիշտ դատողություն է անում»։ Սա քեզ առաջին մեղադրանքը՝ քողարկված՝ պարզ չէ միայն, մանկամտության, թե մանկամոտության մեջ։ Իսկ ընդհանրապես ԱԺ նախկին փոխխոսնակը կարծում է. «Լավ կլինի, որ կառավարությունում միայն կուշտ մարդիկ լինեն, բայց որպես կանոն հակառակն է լինում, որովհետեւ ախորժակը ուտելիս է բացվում՝ մանավանդ երբ գործընթացը սկսվում է մանկուց»։
Ասածն անձնավորելուց մեր զրուցակիցը հրաժարվեց. «Տեսություն էր, ասացի, էլի…» ու վերջ։ Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանն էլ է կարմիր խավիարը նախընտրում եւ կարծում է, որ հրատապ հարցը ոչ թե այն է, թե ով ինչ է կերել մինչեւ 88-ը, այլ այն, թե ով ինչքան է կերել մինչեւ օրս։ Իբրեւ շարունակություն շատ հետաքրքիր է լսվում նախկինում խորհրդարանի եւ ներկայումս ԱԺՄ-ի անդամ Սեմյոն Բաղդասարյանի խոսքը. «Ես էլ եմ խավիար կերել, հայրս էլ, պապս էլ։ Բայց 1963 թվականից հետո «բոչկայով» խավիար էին ուտում միայն անազնիվ ձեւով փող աշխատողները։ Էնպես որ, գլուխ գովացողը նախ պիտի պարզի, թե իր ծնողները ոնց էին փող աշխատում»։
Հա, էն էլ ասենք, որ Սեմյոն Բաղդասարյանը ենթադրեց նաեւ, որ ե՛ւ Վազգեն Մանուկյանը, ե՛ւ ԱԺՄ վարչության մյուս անդամները մանուկ հասակում անպայման սեւ խավիար կերած կլինեն, բայց ոչ թե գդալով, այլ՝ այնպես, ինչպես սովորաբար ուտում են կարգին մարդիկ։
Ոչ թե խավիար կեր, այլ լավաշ, պանիր, կանաչի
Մեր հաջորդ զրուցակիցը Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն էր, որի տեղակալն է ժամանակին եղել Արմեն Դարբինյանը։ Վերջինիս նախկին ղեկավարի խոսքը թեեւ տրամագծորեն տարբերվում էր Սեմյոն Բաղդասարյանի ասածից, սակայն բնորոշ էր շեֆի եւ ենթակայի հարաբերություններին. «Երեսուն տարի առաջ խավիարը Հայաստանում ազատ դրված էր խանութներում, ոչ ոք չէր գնահատում։ Կարեւոր է, որ այսօրվա պաշտոնյան այս երկրի համնուհոտը հասկանա։ Կասպից ծով, սեւ իկրա՝ օտար երեւույթներ են։ Կարծում եմ՝ լավաշ, պանիր, կանաչեղեն կերածն այս երկրից ավելի շատ բան կհասկանա»։
Վարչապետի հայտարարությանն անդրադարձավ նաեւ ԱԺ տնտեսական, բյուջետային եւ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Արմեն Եղիազարյանը։ Նա, ինչպես հայտնի է, մինչեւ այդ պաշտոնը կիսով չափ Արմեն Դարբինյանի ապագա դիրքն էր զբաղեցնում՝ աշխատելով էկոնոմիկայի նախարար։ Արմեն Եղիազարյանը խրախուսող խոսք ասաց. «Խավիարը դրական է ազդում ինտելեկտի վրա, լիքը սպիտակուց է պարունակում»։
Միանգամայն հակառակ կարծիքի էր օրերս նրա տեղակալ դարձած Ավետ Գրիգորյանը. «Որքան շատ են ուտում, այնքան բթանում են, որովհետեւ արյունն իջնում է, ստամոքսը եւ ուղեղը քիչ է սնվում»։ Հիշեցնենք, որ սա առողջապահության նախկին փոխնախարարի բացատրությունն է։ Հետեւաբար, ենթակա չէ բեկանման, թեպետ Ա. Գրիգորյանը գնահատում է նաեւ ֆոսֆորի առատությունը ձկնկիթային խավիարում։
Խավիար մի կեր
Հասավ ժամանակին կառավարության անդամ եղածների հերթը. մաքսային վարչության նախկին պետ Երջանիկ Աբգարյանը միակն էր ինձ հանդիպածների մեջ, որ մանկության տարիներին խավիար չէր կերել։ Բա ինչպե՞ս դարձավ կառավարության անդամ. «Իմ մանկությունն անցել է պատերազմի տարիներին, իմ հայրն այն ժամանակ կռվում էր եւ ոչ թե մսի կոմբինատ ղեկավարում։ Ես շատ բան չեմ կերել՝ հետո ինչ։ Իսկ այդ հայտարարությունը հիմարություն է»։
Այն հիմարություն է համարում նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, թեպետ վարչապետից նման հայտարարություն չէր սպասում։ Ինքը քաղաքապետ է դարձել ոչ խավիար ուտելու շնորհիվ։ Սակայն, գուցե թե, դա արհեստավարժության չափանիշներից է։ Շահեն Պետրոսյանի օրինակով կարող ենք հստակ պատկերացնել, թե ինչ է հարկավոր անել մանուկ հասակում ոչ թե կառավարության անդամ, այլ քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության պետ դառնալու համար։ Սեւ կամ կարմիր խավիար չսիրելը, բայց ծնողների կողմից զոռով ուտեցվելը քիչ է։ Հարկավոր է նաեւ չսիրել ձկան յուղ եւ զզվել դրանից։ Համենայնդեպս, այսպես է վարվել Շահեն Պետրոսյանը։ Եվ քանի որ ինքը խավիար չի սիրել, պատկերացնում է, թե մանուկ հասակում ինչպես է Արմեն Դարբինյանը սեւ խավիար ճաշակել՝ դանակ-պատառաքաղով։
Այդ օրինակին հետեւե՞լ է, արդյոք, ներքին գործերի նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը։ Նա հարցին պատասխանեց հարցով. «Իսկ խավիար կերած լինելու մասին տեղեկանքը, վարչապետը չի՞ որոշել, թե որ գերատեսչությունն է տալու»։ Իր խոսքի մյուս մասով ՆԳ նախկին փոխնախարարը խիստ յուրահատուկ մի վարկած առաջ քաշեց. «Ինձ թվում է, որ վարչապետի մաշկի գույնը վկայում է՝ ինքը խավիար շատ է կերել, հատկապես սեւը»։
Մեր վերջին, ամենավերջին զրուցակիցը, բնականաբար, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր։ Որ Սամվել Գեւորգյանը գյուղում է մեծացել, դա նրան չի՞ զրկել խավիար ուտելու հաճույքից։ Բա հետո ո՞նց է հեռուստատեսության ղեկավար նշանակվել։ Սամվել Գեւորգյանն էլ թե՝ ինքը մանուկ հասակում շատ է սիրել հատկապես մեղր, իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ սննդատեսակն օգտագործածները շատ խելոք են լինում. «Եթե վարչապետը մեղր կերած լիներ, այդպես խավիարի գովք չէր անի։ Կարծում եմ, որ մեղր կերածները պիտի գան կառավարություն,- իր համար ճանապարհ հարթեց Սամվել Գեւորգյանը,- իսկ ընդհանրապես խավիարից թանկ հաճույքներ էլ կան։ Ասենք՝ կանայք։ Այդ տրամաբանությամբ վարչապետը պիտի շատ սիրավեպեր ունեցած լինի, որպեսզի հետո պարկեշտ ապրի։ Մի բան էլ ասեմ՝ վարչապետը պարզե՞լ է՝ Ռոբերտ Քոչարյանը մանուկ հասակում խավիար կերել է, թե՝ ոչ»։
Իսկ մենք ոչինչ չունենք ավելացնելու…
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ