Լրահոս
Օրվա լրահոսը

Տարօրինակություններ մահերի գրանցման հարցում

Սեպտեմբեր 05,1998 00:00
zags

Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դժվարություններ ԶԱԳՍ-երի աշխատանքում

Ինչպես աշխատանքային բոլոր ոլորտներում, այնպես էլ ԶԱԳՍ-երի գործունեության մեջ առկա են մի շարք դժվարություններ, որոնք կրում են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ բնույթ։ ԽՍՀՄ փլուզումից հետո ԶԱԳՍ-երի համար խիստ դժվարացել են նախկին Միության հանրապետություններից, այդ թվում Ռուսաստանից, անհրաժեշտ հարցումների պատասխանները ստանալը։

Առաջին հերթին դա կապված է երկարատեւ քաշքշուկների հետ։ Նույնիսկ ամենահասարակ, կարճ բովանդակությամբ հարցման պատասխանը ստանալու համար ԶԱԳՍ-ը սկզբում պետք է դիմի հանրապետության Արդարադատության նախարարությանը, որն էլ՝ Արտգործնախարարությանը։ ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին դեսպանատների միջոցով դիմում է տվյալ հանրապետության ԱԳՆ-ին։ Այնուհետեւ Փիլիպոսի ծննդյան օրվա հարցի ճշտումը անցնում է բարեկամ հանրապետության «ինստանցիաներով» եւ միայն 2-3 տարի հետո ԶԱԳՍ-ը հնարավորություն է ստանում հայթայթելու իր հարցման պատասխանը։ Սա լավագույն դեպքում։ Իսկ ընդհանրապես ուղարկված հարցումներին նախկին Միության հանրապետություններից պատասխաններ չեն ստացվում կամ էլ ստացված պատասխաններում նշվում է, որ իրենց օրենքներում եւ հրահանգում փոփոխություններ են տեղի ունեցել եւ իրենք չեն կարող բավարարել ՀՀ ԶԱԳՍ-երից ուղարկված հարցումները։

Հանրապետության ԶԱԳՍ-երի պատասխանատուները գտնում են, որ մեզ մոտ էլ գործող հրահանգում եւ օրենքներում փոփոխություններ պետք է մտցվեն, որպեսզի ՀՀ քաղաքացիներին վերաբերող հարցերը լուծվեն հանրապետության սահմաններում։ Օրինակ, Ադրբեջանից բռնագաղթված շատ հայ փախստականներ չէին հասցրել վերցնել ծննդյան վկայականները եւ գործող հրահանգով ու օրենսդրությամբ այդ մարդիկ ու ԶԱԳՍ-երը կանգնեցին «անլուծելի պրոբլեմի» առջեւ։ Ինչպես հայտնի է, խորհրդային կարգերի գլխավոր խոցելի կողմերից մեկն էր համարվում կյանքի բոլոր բնագավառների խիստ կենտրոնացումը։

Մեր որոշ «ժողովրդավար» ղեկավարներ, պաշտոն ստանալուց հետո, որպես նորամուծություն որոշեցին կենտրոնացնել այն ոլորտները, որը չէին հասցրել կատարել կոմունիստ պաշտոնյաները։ Խորհրդային տարիներին ծնունդը, մահը, ամուսնությունն ու ամուսնալուծությունը կատարվում էին շրջանային ԶԱԳՍ-երի կողմից։ Սկսած 1995 թվականից, մահերի գրանցումը Երեւանում կենտրոնացվեց Սպանդարյան շրջանում։ Դա շրջանային ԶԱԳՍ-երին եւ մյուս մարմիններին (զինկոմիսարիատ, ընտրական հանձնաժողովներ եւ այլն) զրկեց անհրաժեշտ տեղեկատվությունից։ Արդյունքում, ընտրական ցուցակներում շարունակում են գրվել մահացածների անունները, լրիվ տվյալների բացակայության պայմաններում զինկոմիսարիատները ճշգրիտ տեղեկություններ չունեն իրենց սպասարկող տարածքների պահեստային (այդ թվում՝ զինակոչային) զինապարտների վերաբերյալ։

Իրենց հերթին ԶԱԳՍ-երը զրկվել են տարբեր ծառայություններից եկող հարցումներին պատասխանելու հնարավորությունից։ Եվս մեկ «մանրուքի» մասին։ Մահվան վկայականում ներկայումս չի նշվում մահացածի ծննդյան թիվը, որը մի շարք դժվարություններ է ստեղծում եւ կեղծարարությունների առիթ ընձեռում։ Օրինակ, հայերիս մոտ ընդունված սովորություն է թոռներին պապերի անունով կոչելը։ Ասենք՝ կան պապ եւ թոռ Սարգիս Պողոսի Պետրոսյաններ։ Պապը մահացել է, կա նրա մահվան վկայականը՝ առանց ծննդյան թիվը նշելու։ Թոռը հանցագործ է, նույնիսկ մարդ է սպանել, հետախուզության տակ է։ Հարազատները ներկայացնում են պապի մահվան վկայականը եւ հանցագործի («մահացած») նկատմամբ գործը փակվում է, դադարեցվում հետապնդումը…

ՎԱՂԻՆԱԿ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930