Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ

Սեպտեմբեր 05,1998 00:00
comp

Դեռեւս մեկ տարի առաջ լուրեր էին պտտվում այն մասին, որ աշխարհի համակարգիչները 2000 թվականին, ոչ ավելի, ոչ պակաս, «խառնվելու են», ասել է թե՝ կապն անջատվելու է, եղած տեղեկատվությունն էլ «կորչելու» է։ Այս ոլորտին քիչ թե շատ առնչություն ունեցողների հետ զրույցից մի քանի կարծիք արձանագրվեց. «Մի քանիսը աղմուկ են բարձրացրել՝ իրենց ծրագիրը վաճառելու նպատակով. բլեֆ է…», մի քանիսը 2000 թիվը լսելով «անկապությունը» կապում են արեւի խավարման (ըստ տարածված միֆի) հետ…

«Կոմսոմոլսկայա պրավդայի» 1998թ. հուլիսի 30-ի համարում «ձեր համակարգչին հնարավոր է, որ 1,5 տարվա կյանք է մնացել» վերտառությամբ մի հոդված է տպված «համակարգչային այս աղետի» մասին։ Մասնագետներն այս հնարավոր աղետը կապում են ժամանակացույցի հետ։ Յուրաքանչյուր համակարգչի վրա կա ժամը, օրը, ամիսն ու տարին հուշող ցուցանակ։ Ամբողջ խնդիրը տարվա վերջին թվերի մեջ է. օրինակ 2000 թվի դեպքում ցուցանակը գրում է 00, իսկ կոմպյուտերը այդ 00-ն հասկանում է 1900 (ճիշտ եւ ճիշտ հայ չինովնիկի պես. հարցը հասկանում է այնպես, ինչպես ինքն է ուզում հասկանալ), 01-ը՝ 1901։ Այս դեպքում, պարզ է, որ շատ ու շատ բիրժաներ կամ բանկային համակարգեր կրախի առջեւ կկանգնեն։

Բերենք մի օրինակ. ինչ-որ մեկը որոշում է իր չծնված երեխայի համար այս տարի բանկում հաշիվ բացել։ Իսկ երեխան ծնվում է, ասենք, 2003 թվականին։ Եվ, բնականաբար, համակարգիչը գլուխ չի հանում 03-ից ու կորցնում, կուլ է տալիս մի քանի տարի առաջ բացված հաշիվը։ Վերջերս ամերիկյան խանութների մի ամբողջ ցանց մեխանիկորեն ոչնչացրել է բոլորովին նոր ապրանքը, որի պիտանելիության ժամկետը նշված էր 2001 թիվը (համակարգիչով՝ «01»)։ Համակարգիչը որոշել է, որ ապրանքը ժամկետանց է, քանի որ 01-ը հասկացվել է 1901։ Դրանից հետո ամերիկյան «General Motors»-ը համակարգիչների իր ողջ համակարգը նորացնելու նպատակով ծախսեց մոտ կես միլիարդ դոլար։ Նույնքան էլ կպահանջվի Ռուսաստանից…

Նշյալ խնդիրը կարող է ծագել նաեւ անհատների մոտ, եւ որպեսզի իմանանք՝ արդյո՞ք ձեզ «դժբախտություն» չի սպասվում, կատարեք հետեւյալ պարզունակ գործողությունը. ձեր համակարգչի վրա նշեք 1999 /12/ 31, 23։58։00 (այսինքն՝ 2000 թվականից 2 րոպե առաջ) եւ սպասեք։ Եթե 2 րոպեից ձեր համակարգչին ոչինչ չպատահի, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ (Ի դեպ, «Առավոտի» համակարգիչներն այս իմաստով փորձված են, եւ մեզ այս իմաստով աղետ չի սպասվում)։ Չմոռանանք, սակայն, հիշել, որ զարգացած շատ երկրների հեղինակավոր ձեռնարկություններ ու բանկեր օգտվում են բացառապես իրենց իսկ արտադրած համակարգիչներից… ավելորդ գլխացավանքից (որ կարող է բերել ցանկացած միկրոսխեմա) խուսափելու համար։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930