Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԺԻՇԿՆ ԱՅԼԵՎՍ ԱՎԵԼՈՐԴ ՕՂԱԿ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Սեպտեմբեր 05,1998 00:00
bjishk

Հիշո՞ւմ եք մեր մամիկների խոսքը տան գողի եւ երդիկից հանած կովի մասին։ Միայն դա միտքս եկավ առողջապահության նախարարության պատրաստած «Առաջարկ համատեղ բաժնետիրական ընկերությունների կառուցվածքի վերաբերյալ» հետաքրքրաշարժ «շարժը» կարդալիս (այն ձեռքս ընկավ մի գլխավոր բժշկի շնորհիվ)։ Իհարկե, երբ «գողը» նախարարությունից է, բժշկին կարելի է անվարան դուրս շպրտել հիվանդանոցից։

Անկեղծ ասած, ութ էջանոց փոքրիկ գլուխգործոցը կարդալիս մեծ ճիգեր թափեցի, քանզի հայատառ այդ մլթոներենը հասկանալու համար գերագույն լարում եւ կենտրոնացում պահանջվեց։ Հենց այդ վատ հայերենն էլ կասկածներ ծնեց մեջս, որ «Առաջարկը» աֆրիկյան սանդո-ստամբո ցեղի առողջապահության ծրագրի հապճեպ ու անկատար թարգմանությունն է։ Բայց սա չէ էականը։ Չնկատենք նաեւ, որ նախադասությունների սկիզբն ու վերջը իբրեւ կանոն ոչ մի կապ չունեին իրար հետ։ Իրար հետ կապ չունեին նաեւ ենթականերն ու ստորոգյալները, որոնք ոչ մի կերպ համաձայնության չեն գալիս։ Սակայն գրողի ծոցը կորչեն միջակ գրագիտության տարրական պահանջները, որոնք պարզապես կաշկանդող կապանքներ են դառնում «համատեղ բաժնետերերի» համար։

Իմ տպավորությամբ ինչ-որ մարդիկ որոշել են խլել առողջապահությունը ժողովրդի եւ բժիշկների ձեռքից։ «Առողջապահական հաստատության կառուցվածքի կառավարումը» կետն անմիջապես սարսափի մեջ է գցում ընթերցողին, բավական չէ՝ պատրաստվում են առողջապահությունը կառավարել, դեռ «կառուցվածքի կառավարումն» էլ վրադիր։ Իսկ կառավարման համար պատկառելի բանակ են նախատեսում ստեղծել. «Մեծ առողջապահական հաստատության կառավարման խումբը բաղկացած է հետեւյալ ղեկավարներից. մեկ գործադիր տնօրեն, բժշկական գծով մեկ տնօրեն, ֆինանսա-տնտեսագիտական գծով մեկ տնօրեն, բուժքույրական գծով մեկ տնօրեն, հարբժշկական գծով մեկ տնօրեն»։ Այսքան «մեկ տնօրեններին» ո՞վ պետք է պահի, ի՞նչ միջոցներով, ի՞նչ ասել է «հարբժշկական գիծ», որտեղի՞ց է այդ գիծը սկսվում եւ դեպի ո՞ւր է գնում։

Հատկանշական է, որ «առաջարկողները փոքր բուժհիմնարկներին խորհուրդ են տալիս միացնել բժշկական եւ բուժքույրական գծերով տնօրենների հաստիքները, իսկ մյուսները անձեռնմխելի են։ Ըստ նախագծի, բացի «մեկական» տնօրենների փաղանգից՝ պետք է ստեղծվեն նաեւ «առողջապահական հաստատության խորհուրդներ, որոնց կազմման նպատակն է ներկայացնել համայնքի շահերը։ Խորհուրդը կարող է ընդգրկել ներկայացուցիչ՝ համայնքի ղեկավար կառույցներից, տեղական ոչ կառավարական կազմակերպություններից, հատուկ ուսումնական հաստատություններից, այլ՝ կախված իրավիճակից ու հանգամանքներից»։

Բայց, սիրելի ընթերցող, եթե կարծում եք, թե «իրավիճակից եւ հանգամանքներից» կախված այս հանձնաժողովը հասարակական հիմունքներով է գործելու, չարաչար սխալվում եք, քանզի. «Կարեւոր է այն հանգամանքը, որ խորհրդի անդամ լինելու համար նրանք անկախ չեն իրենց եկամտի տեսակետից, չնայած որոշ առողջապահական հաստատություններ ներկայության համար փոքր գումարներ են վճարում մասնակցին կամ փոխհատուցում ծախսերի դիմաց։ Երբեմն ոչ իրական է ենթադրել, որ խորհրդի անդամները կաշխատեն առանց վճարման»։ Բա՛, առանց վճարի չեն աշխատելու, իսկ վճարելու ենք դարձյալ մենք՝ հարկատուներս, եւ հայտնի չէ՝ մեր որ մեղքի համար։

Ի դեպ, բուժհիմնարկների ֆինանսավորման ուղիներն էլ են մատնացույց անում փաստաթղթի հեղինակները։ Օրինակ՝ առաջարկում են «բացել ներհիվանդանոցային կրպակ-խանութներ»։ Ես կավելացնեի նաեւ խաղատներ, դիսկոտեկներ, ծիծաղի սենյակներ։ Վերջին երկուսը, կարծում եմ, հատկապես լավ կնայվեն պաթ-անատոմիական մասնաշենքերում (մեղա-մեղա, Տեր)։ Այս ամենից բացի, առողջապահության նախարարությունը պատրաստվում է «ներկայացուցիչներ» ունենալ բոլոր մարզերի բուժհիմնարկներում։ Սա կամ ստալինյան տարիների «տրոյկաների», կամ Հին Հռոմի կուսակալների նմանությամբ է արվել հաստատ։ Իսկ կուսակալները, որքան հիշում եմ պատմությունից, գավառ էին գնում մերկ, վերադառնում՝ ժողովրդին մերկացրած։ Ի՞նչ նպատակով, ինչի՞ համար են ստեղծվելու առողջապահությունից եւ Հիպոկրատից շատ հեռու այդ մարդկանց ջոկատները։ Հնից մնացած վերջին ձեռքբերումները ջախջախելու նպատակով, թերեւս։

Առողջապահության նախարարության այս փաստաթղթից ստեղծվում է այն տպավորությունը, որ առողջապահության ոլորտի ամենամեծ չարիքը հենց բժիշկն է, որ կա։ Նրա դեմ պետք է պայքարենք, ինչպես ցանկացած այլ վիրուսի դեպքում ենք անում։ Առաջարկի վերջում, իբրեւ ճակատագրի հեգնանք, շարահյուսական սխալ է սպրդել, որտեղ ապահովագրական բժշկությունը ներկայացվում է որպես «առողջապահության ապահովագրություն»։ Սա պատահական չէ, գիտե՞ք, խոր իմաստ ունի։ Իսկապես, պետք է ապահովագրել առողջապահությունը առողջապահության նախարարության նկրտումներից։

ԱՆԻ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ

Հ.Գ. Այնուամենայնիվ, հետաքրքիր է, այս զավեշտական փաստաթղթի տակ ստորագրած նախարար Ստամբոլցյանն ի՞նչ մասնագետ է, եւ… մասնագե՞տ է, արդյոք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930