Հայաստանում վերջին մարդահամարն անցկացվել է մոտ 20 տարի առաջ՝ 1979 թ.։ Այսօր ոչ ոք վստահ չէ, որ եկող տարի ծրագրավորված մարդահամարը կանցկացվի։ Զուտ այս պատճառով էլ ժողովրդագրության շուրջ եղած պետական ու ոչ պետական թվերն ու տվյալները հիմնականում քաղաքական շահարկումների պատճառ են դառնում։ Խորհրդային պետությունը վերջին շրջանում 10 տարին մեկ կանոնավոր մարդահամար էր անցկացնում։ Դրանցից վերջինն անցկացվել է 1989 թ. հենց սկզբին՝ ԽՍՀՄ ամբողջ տարածքում, բացառությամբ Հայաստանի։
Մեր հանրապետությունում մարդահամարը չանցկացվեց, որովհետեւ երկրաշարժին հաջորդած մի քանի ամիսներին կտրուկ փոխվել էր ժողովրդագրական պատկերը։ Աղետի գոտու բնակչության մի մասը էվակուացվել էր հանրապետությունից։ Անկախության տարիներին, ժողովրդագրական տվյալների հաշվարկները մի կողմից կատարում էին պետական վիճակագրության վարչությունը, մյուս կողմից՝ մասնագետները (կամ քաղաքական օպոզիցիան)։ Այդ տարիներին պաշտոնական տվյալներով Երեւանը իներցիայով շարունակում էր համարվել միլիոնանոց քաղաք, իսկ հանրապետության բնակչության թիվը պաշտոնապես աճում էր։
1998 թ. հունվարի դրությամբ այն հասցվեց մոտ 3 մլն 800 հազարի։ Պաշտոնական այս թվերի նկատմամբ, բնականաբար, լուրջ եւ հիմնավոր կասկածներ կային։ 1992-94 թթ. մեծ արտագաղթը փոխել էր ժողովրդագրական պատկերը հանրապետությունում։ Տնտեսագետ Վլ. Խոջաբեկյանի եւ մի քանի ուրիշ մասնագետների հաշվարկով, այդ տարիներին հանրապետությունը լքել էր մոտ մեկ մլն բնակիչ։ Արտագաղթի տեմպերն ու ծավալները քաղաքական շահարկումների հիմնական փաստարկներից էին (եւ ե՛ն)։ Հետեւաբար, իշխանություններն ամեն կերպ փորձում են խուսափել այս թեմայի քննարկումից։
Հայաստանի ժողովրդագրական պատկերը փոխվել էր նաեւ ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին։ 1989-90 թթ. Հայաստանից Ադրբեջան արտագաղթել էր 160 հազար ադրբեջանցի (հիմնականում գյուղաբնակ), իսկ ներգաղթել էր 350 հազար հայ (հիմնականում քաղաքաբնակ)։ Հարկավոր է նշել, որ մասնագետները խորհրդային տարիներին միշտ էլ թերահավատ են վերաբերվել ժողովրդագրական տվյալներին։ Սննդամթերքի եւ լայն սպառման ապրանքների կենտրոնացված մատակարարման պարագայում բնակավայրերի ղեկավարներն իրենց հերթին, հանրապետության ղեկավարությունն՝ իր հերթին, ձգտում էին բնակչության թիվը իրականից մեծ ներկայացնել։
Կարդացեք նաև
Ժողովրդագրական տվյալների նկատմամբ այս, մեղմ ասած, թերահավատ վերաբերմունքը անկախության տարիներին չհաղթահարվեց։ Հետեւաբար, խիստ զարմանալի է, որ այս տարի հրապարակած իր ցուցանիշներով Վիճակագրության նախարարությունը փորձում է օբյեկտիվ պատկեր ստանալ։ Նախ նշենք, որ այս տարի էլ Վիճնախարարությունը կրկնում է իներցիայով եկող թիվը՝ հայտարարելով, որ հանրապետությունում ապրում է 3 մլն 800 հազար մարդ։ Սակայն նշվում է նաեւ, որ ՆԳ եւ ԱԱ նախարարության համապատասխան բաժինների եւ տրանսպորտի նախարարության տվյալների համադրմամբ կարելի է եզրակացնել, որ «1992-97 թթ. հանրապետությունից մեկնողների թվաքանակը մոտ 600 հազար մարդով գերազանցել է հանրապետություն ժամանողների թվաքանակին»։
Փաստորեն՝ հանրապետության բնակչության թիվը պաշտոնապես հայտարարվում է 3 մլն 200 հազարից պակաս։ Սա արդեն իրականությանը շատ ավելի մոտ թիվ է։ Խնդիրը, սակայն, միայն արտագաղթողների բացարձակ թիվը ճիշտ հաշվարկելը չէ։ Փորձագետների կարծիքով, 600 հազար (կամ ավելի) արտագաղթողների հիմնական մասը երիտասարդներ են կամ միջին տարիքի ներկայացուցիչներ։ Փաստորեն, հանրապետությունից հեռացել է հասարակության ամենաակտիվ հատվածը։ Այս պատճառով էլ տարեցտարի վատանում են բնակչության վերարտադրության ու մահացության ցուցանիշները։ 1990 թ. սկսած բնակչության աճի տեմպերն անգամ պաշտոնական տվյալներով նվազել են 2,7 անգամ։ Տնտեսական եւ քաղաքական իմաստով ամենաբարդ տարիներին անկման ցուցանիշը, բնականաբար, շատ ավելի սրընթաց էր։ Սակայն անկումը շարունակվել է 1996, 1997 թվականներին եւս։ 1000 մարդու հաշվարկով բնական աճը 1995-ին 6,4 էր, 1996-ին՝ 6,2, իսկ 1997-ին՝ արդեն 5,5։
Պաշտոնական տվյալներով վերջին չորս տարիներին անընդհատ աճում է մահացածների թիվը։ Ամենածանր համարվող տարիներին՝ 1992-93-ին, տարեկան մահացել է 27500 մարդ։ 1997-ին՝ 25 հազար մարդ։ Այս տվյալները եւս ապացուցում են, որ հանրապետության բնակչությունը «ծերացել» է։ Բնական աճի ցուցանիշների անկումը առաջին հերթին բացատրվում է ոչ թե կենցաղային պայմանների վատթարացմամբ, այլ, որ հանրապետությունից հեռացել է երիտասարդ բնակչության լուրջ հատված։
Այսօր հանրապետությունը 3 մլն 800 հազարանոց կամ Երեւանը միլիոնանոց հայտարարելը կատարյալ անիմաստ գործ է։ Չկա նախկին կենտրոնը, որից կարելի էր փող պոկել մետրոպոլիտենի համար, կամ մի քանի նոր «Իկարուս» ավտոբուսներ։ Անհասկանալի է, թե ինչու իշխանությունները չեն ուզում ստանալ ժողովրդագրության իրական պատկերը։ Մանավանդ որ տհաճ թվերը միշտ էլ կարելի է «դուրս գրել» նախկին իշխանությունների հաշվին եւ հայտարարել, որ սկսում ենք վարել ազգային ժողովրդագրական քաղաքականություն։ Հետո արդեն ուշ կլինի ու ավելի դժվար։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ