Լրահոս
Օրվա լրահոսը

Թագավորի բարեկամների եւ խորհրդականների մասին

Սեպտեմբեր 05,1998 00:00
tagavor

Քրիստոսից առաջ առաջին դարի հեղինակ Դիոդորոս Սիցիլիացին, արժանահավատ եւ ուսանելի բազում տեղեկություններ հայտնելով Եգիպտոսին հարող տարածքի եւ Մերոէ կղզու էֆիոպների բարք ու սովորույթների մասին, իր քառասնագիրք «Պատմական գրադարան» աշխատության մեջ գրում է, թե եթովպական օրենքներից շատերը եւ հատկապես թագավորների ընտրության մասին օրենքները նշանակալիորեն զանազանվում են այլ ժողովուրդների օրենքներից։ Նախ՝ քրմերն իրենց միջից ընտրում են լավագույններին, եւ նրան, ում հետագա ավանդական շրջերթի ժամանակ աստված կցուցանի իր մատով, ժողովուրդն ընտրում է թագավոր եւ անմիջապես սկսում է երկրպագել նրան եւ պաշտել որպես աստծո, ասես թագավորական իշխանությունը նրան շնորհվում է աստվածային նախախնամությամբ։

Ընտրյալ թագավորը օրենքներով սահմանված կենսակերպ է վարում՝ ամենայն ինչ կատարելով նախնյաց սովորույթով, ոչ ոքի ո՛չ պատիժ է տալիս, ո՛չ պարգեւ, եթե դա համապատասխան չէ նախնական օրենքներին։ Էֆիոպները, գրում է Դիոդորոսը, սովորություն ունեն հպատակներից ոչ մեկին մահապատժի չենթարկելու, եթե անգամ մահվան դատապարտվածն արժանի է թվում այդ պատժին, այլ անօրինականություն գործածի մոտ մի դատական կատարածու են ուղարկում՝ մահված նշանով։ Դատապարտյալը, տեսնելով այդ նշանը, իսկույն տուն է գնում եւ կյանքից զրկում իրեն։ Իսկ փախչել հարեւան երկիր եւ արտաքսումով մեղքը քավել, ինչպես ընդունված է հելլենների մեջ, ոչ մի դեպքում թույլ չի տրվում։

Ուստի, պատմում են, որ մի մարդ, երբ թագավորը նրան մահվան նշան ուղարկեց, վճռեց փախչել Եթովպիայից, բայց երբ նրա մայրը՝ իմանալով այդ մասին, իր գոտիով սեղմեց նրա վիզը, նա ոչնչով չհանդգնեց հակառակել, եւ քանի դեռ մայրը նրան խեղդում էր, արիաբար դիմացավ մինչեւ մեռնելը, որպեսզի ազգականներին էլ ավելի ծանր ամոթանքի չենթարկի։ Քաղաքացիական գիտակցության այս մակարդակը որեւէ կերպ չմեկնաբանելով, Դիոդորոս Սիցիլիացին ամենազարմանալին է համարում այն, ինչ կատարվում է թագավորների մեռնելիս։ Քրմերը, որ բնակվում են Մերոէ կղզում (ժամանակակից ընթերցողին հիշեցնենք, որ հնում Մերոէ կղզի էին անվանում Նեղոսի, Երկնագույն Նեղոսի, Ռահաբի եւ Ատբարայի միջեւ ընկած տարածքը), աստվածների սպասավորությունն ու պաշտամունքը իրականացնող բարձրագույն եւ իշխանագույն պաշտոնն են գրավում, եւ երբ մտքներին տա, սուրհանդակ են հղում թագավորին՝ հրամայելով նրան մեռնել։

Քանզի այդպիսին է աստվածների որոշումը, իսկ մահկանացուն ոչ մի պարագայում չպետք է քամահրի աստվածների հրամանը։ Նախկինում էլ, բացատրում է Դիոդորոսը, արքաները հնազանդվում էին քրմերին ոչ թե զենքի կամ ահի հարկադրանքով, այլ իրենց աստվածավախության պատճառով։

Միայն Պտղոմեոս II-ի ժամանակներում ապրած Էրգամենեսը (այսպես է Դիոդորոսն անվանում մ.թ.ա. 270-260 թթ. թագավորած Արակակամանիին), որը հունական դաստիարակություն եւ փիլիսոփայական կրթություն էր ստացել, առաջինը համարձակվեց զանց առնել այդ հրամանը։ Թագավորին վայել մտքի կերտվածք ունենալով՝ նա զինվորների հետ հարձակվեց այն նվիրական վայրի վրա, որտեղ գտնվում էր եթովպացիների ոսկյա տաճարը, կոտորեց բոլոր քրմերին եւ, վերացնելով այդ սովորությունը, փոփոխեց ամեն ինչ՝ ըստ իր հայեցողության։ Այսքանը կրոնական իշխանության դեմ քաղաքացիականի հաղթանակի եւ այն սովորության մասին, որը Դիոդորոսը համարում էր ամենազարմանալին։

Մեզ ավելի զարմանալի է թվում նրա նկարագրած մեկ այլ սովորություն, որը, ինչպես ասում է, իր օրոք դեռեւս պահպանվել էր։ Եթե եթովպացիների թագավորը ինչ-որ մի պատճառով վնասում էր իր մարմնի որեւէ մասը, ապա նրա մերձավոր ընկերներն ու խորհրդականները հոժարակամ վնասում են իրենց մարմինների ճիշտ նույն մասերը, եթե, ասենք, թագավորը որսի ժամանակ ընկնում է ձիուց եւ կոտրում է ոտքը, ապա նրա ընկերները կոտրում են իրենց ոտքերը, քանզի ամոթալի կլիներ կայտառոտն ընկերներով ուղեկցել կոտրված սրունքով թագավորին եւ հանդեսերթերի ժամանակ չկաղալ՝ ինչպես նա։ Նրանք համարում են անհեթեթ, երբ իսկական բարեկամները մեկտեղ վշտանում են եւ տխրում, մեկտեղ մասնակից են լինում զանազան ուրախ եւ տխուր բաների, իսկ միմյանց մարմնական տկարություններին մնում են անմասնակից։

Սովորույթ կա նաեւ, որ թագավորների հետ հոժարակամ մեռնեն նաեւ նրանց ընկերներն ու խորհրդականները, եւ նման մահը համարվում է պատվավոր եւ դիտվում է իբրեւ իսկական բարեկամության ապացույց։ Ուստի, եթովպացիք հազիվ թե կարողանան չար մտադրություններ իրակագործել իրենց թագավորի հանդեպ, որովհետեւ նրա ընկերները նույնչափ մտահոգ են ինչպես թագավորի, այնպես էլ սեփական անվտանգությամբ, եթե թագավորի մատը փուշ մտավ, ուրեմն իրենց մատն էլ է փուշ մտնելու։

Վահան, քեզ ասեմ, Պարույր, դու հասկացիր։

ԳՐԻԳՈՐ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930