«Առավոտի» խմբագրությունը ստանում է ոչ միայն հայաստանյան պաշտոնյաների եւ նրանց սպասարկող «շարքային քաղաքացիների» ցասումնալից «հերքումները», որոնք սովորաբար աչքի են ընկնում ոչ գրագետ շարադրանքով եւ թերթի (կամ նրա աշխատողների) հասցեին վիրավորանքներով, այլեւ նորմալ, շարքային ընթերցողների նամակները, որոնցից մեկը (էլեկտրոնային փոստով ստացած) որոշել ենք այսօր տպագրել։
«Հարգելի «Առավոտի» խմբագրություն։ Ես բնակվում եմ Լոս Անջելեսում եւ ամեն օր մեծ հաճույքով հետեւում էի ձեր համարներին։ Ափսոսանքով ուզում եմ ասել, որ վերջին 10 օրվա ընթացքում անկարող եմ կարդալ ձեր թերթը եւ ավելին՝ այլեւս անհնար է դարձել մտնել ձեր Web Page-ը։ Հուսամ, որ սա ժամանակավոր երեւույթ է, եւ շուտով ես եւ իմ նման շատ-շատերը կկարողանանք վայելել ձեր թերթի համարները։ Բարձր գնահատելով ձեր նվիրական աշխատանքը, ուզում եմ լցվել համբերությամբ՝ դարձյալ հանդիպելու հույսով։
Վերջում կուզենայի զարմանքս հայտնել այն անձանց վարքագծի առթիվ, որոնք տեղի եւ անտեղի փորձում են դատի տալ ձեր թերթին կամ նրա աշխատակիցներին։ Ինչպես երեւում է, մեզանում դեռ կան մարդիկ, որոնք չեն կարողանում հաշտվել մտքի եւ խոսքի ազատության գաղափարի հետ։ Անկախ ամեն ինչից, կուզենայի, որ «Առավոտը» միշտ մնար իր բարձունքում։
Երախտագիտության խոր զգացումներով՝ ձեր թերթի ընթերցող ՊԱՐԹԵՎ ՔՈԼԱՆՅԱՆ»։