Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա կիսամեռած կայունություն է»

Սեպտեմբեր 05,1998 00:00
Hayk Sargsyan

Ասաց տնտեսական գիտությունների դոկտոր Հայկ Սարգսյանը

Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության ընկերությունում սեպտեմբերի 4-ին «Էբերտի հիմնադրամը» կազմակերպեց սեմինար՝ «Շուկայական տնտեսությունը եւ պլանավորումը» թեմայով։ Այն տեղի ունեցավ «քաղաքացիական ֆորում-1998» ծրագրի շրջանակներում։

«Մարդկանց հնարավորություններից բացի, եթե այլ բաներ կան, դա մարդկանց պահանջմունքն է։ Տնտեսական կյանքը հենց այդ պահանջներից մեկն է»,- այսպիսի խոսքերով զեկուցումը բացեց Հ. Սարգսյանը։ Նա անդրադարձավ շուկայական տնտեսությանը, նշելով, որ այն հասարակական, տնտեսական, քաղաքական հարաբերությունների որոշակի համակարգ է։ Բանախոսը հայտնեց նաեւ, որ ժամանակակից աշխարհը խառը տնտեսական համակարգ է՝ չքաղաքականացված եւ չգաղափարացված։ Դասական կապիտալիզմի ծնունդ։ Նա կոչ արեց դեն նետել դասական այս երեւույթը եւ անցնել զուտ կապիտալիզմի։

Անդրադառնալով Հայաստանի շուկայական տնտեսությանը, շեշտեց, որ նոր համակարգին անցնելուց հետո փոխվեցին ձեռնարկությունների տերերը, նոր ձեւեր մշակվեցին, պետական ձեռնարկության կարգավիճակից անցան փակ կամ բաց բաժնետիրական ընկերությունների։ Այսօրվա դրությամբ Հայաստանում 1500 փակ եւ բաց բաժնետիրական ընկերություններ կան։

Սարգսյանը նշեց, որ սա կեղծ վերափոխում էր։ Տնտեսության մեջ արտերկրյա գործընկերների ներդրումների շուրջ ասաց. «Չի կարելի հույսը դնել արտասահմանյան օգնությունների վրա։ Եվ այդ ներդրումներն այսօր Հայաստանում մեծ տոկոս չեն կազմում։ Այն ընդամենը կազմում է 5 տոկոս։ Զեկուցողը հարկ համարեց նշել, թե որտեղ կարելի է ներդրումներ կատարել, օրինակ բերելով Վանաձորի կարբիդի գործարանը։ Այն ժամանակին արտադրել է տարեկան 30 հազար տոննա կարբիդ։ Իսկ այժմ ձեռնարկությունը գտնվում է ծանր վիճակում, եւ ներդրումներ լինելու դեպքում, այն կդառնա շահութաբեր ձեռնարկություն։ Ի դեպ նշեմ, որ զեկուցողը բազմաթիվ օրինակներ բերեց մեկ Գերմանիայից, մեկ Ռուսաստանից եւ այլ պետություններից։

Հ. Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, թե ի՞նչ է հանրային սեկտոր հասկացությունը, բացատրելով մեզ, թե դա ինչ բան է։ «Այն տնտեսական ռեսուրսների ամբողջությունն է, որը գտնվում է պետության տրամադրության տակ»,- ասաց նա։ Ինքն իրեն հարց տալով, զեկուցողն ասաց. «Ինչո՞ւ է «Հանրապետություն» բլոկի կողմից մշակված ծրագրերը 2, 3-րդ մասով ձախողվում»։ Այս հարցի պատասխանը չգտնելով նա շրջանցեց այն եւ անդրադարձավ միջազգային արժութային հիմնադրամին, նշելով, որ նրա ստանդարտներով առաջնորդվելը պատճառ է դարձել նման իրավիճակում հայտնվելուն։ Հայաստանի բացասական կողմերը նշելուց հետո, իր զրույցի մի մասն էլ Հ. Սարգսյանը համեմեց նրա դրական կողմերը նշելով։

Սեմինարի վերջում զեկուցողն անդրադարձավ սոցիալական բեւեռացումներին։ 1997 թ. ազգաբնակչության միայն 10 տոկոսն է ստացել 80 կամ ավելի դոլարին համարժեք աշխատավարձ։ «Այսօր մենք ունենք տնտեսության վերակողմնորոշման հիմնախնդիր։ Եթե ներկայումս կայունացում է նկատվում, սա կիսամեռած կայունություն է»,- ասաց Հ. Սարգսյանը։

Սեմինարն ավարտվեց բանախոսի ներկայացրած համակարգերի թվարկմամբ, թե որ բնագավառներում կարելի է վերափոխումներ կատարել։

Ա. ԼԱՎՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930