Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԶԴԱՆ. ԴՐԱԿԱՆՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԸ

Սեպտեմբեր 05,1998 00:00
kotayqi marz

Գավառական քաղաքը մեզ դիմավորեց բազմահարկ շենքերի բակերում արածող կովերով, գիտահետազոտական ինստիտուտի բակում աճեցված կարտոֆիլով ու շենքերից մեկի ճակատին հաղթականորեն փակցված «Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբ» ցուցանակով։ Տպավորությունն այնպիսին էր, թե կյանքն այստեղ կանգ է առել։ Մարզպետարանի լրատվական բաժնում շտապեցին տեղեկացնել, որ իրենք «Առավոտի» հետ հին հաշիվներ ունեն, որ մենք սուտ-սուտ բաներ ենք տպագրում, եւ այլն, ապա այն եզրակացությանը հանգեցին, թե մենք ցանկանում ենք միայն վատը տեսնել։ Որպեսզի հերքվի այդ եզրակացությունը, ստորեւ կներկայացնենք եւ լավը, եւ վատը։ Եվ ամենեւին մեր մեղքը չէ, որ լավի մասին գրելիս ստիպված ենք լինելու հղում կատարել բացառապես լրատվության բաժնի վրա, որովհետեւ մարզպետարանի պատերից դուրս, չգիտես ինչու, ոչ ոք իշխանությունների մասին ոչ մի դրական բառ չասաց։ Ինչեւէ։

Դրականը

Կոտայքի նոր մարզպետ Սամվել Ստեփանյանը (նախկինում գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալն էր) եռանդուն եւ գործունյա մարդ է եւ իր առաջնահերթ խնդիրն է համարում զբաղվածության պրոբլեմի լուծումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը։ Անցած մի քանի ամիսների ընթացքում մի քանի հարյուր նոր աշխատատեղ է ստեղծվել։ Մասնավորապես, վերագործարկվել է Չարենցավանի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանը, կարի ֆաբրիկան եւ այլն։ Վերջերս տնտեսական համագործակցության վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել Կոտայքի մարզի եւ Ուկրաինայի Սումիի նահանգի միջեւ, իսկ Իտալիայի Պուլյա նահանգի հետ համանման պայմանագիրն արդեն երկու տարի է, ինչ գործում է։ Բնականաբար, եղել են նաեւ փոխայցելություններ։ Գյուղատնտեսության բնագավառում նույնպես հաջողություններ կան։

Ըստ մարզպետարանի լրատվության բաժնի, նոր մարզպետը կարգի է բերել ոռոգման համակարգը, ստեղծել է սերմնաբուծական կայաններ, պահուստային հողերը, որոնք մինչեւ այժմ չէին մշակվում, հիմա տրվում են վարձակալության։ Նույն աղբյուրների համաձայն, մարզում քաղաքական պայքար բացարձակապես չկա։ Պատճառն այն է, որ աշխատանքային մթնոլորտ է (ճիշտն ասած, չհասկացանք, թե մեկը մյուսի հետ ինչ կապ ունի)։ Մի խոսքով, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով։

Իրականը

Սկսենք նոր աշխատատեղերից։ Ոչ ոք չկարողացավ պատասխանել այն հարցին, թե քանի՞ գործազուրկ կա մարզում։ Հայտնի է միայն, որ Հրազդան քաղաքն արտաքինից մի համատարած շուկա է հիշեցնում, որտեղ ամեն քայլափոխի մարդիկ ուղղակի մայթերին վաճառում են ինչ պատահի։ Եթե դա կարելի է աշխատանք համարել, ապա նոր աշխատատեղեր ստեղծելը դժվար չէ. անհրաժեշտ է պարզապես ասֆալտապատել մայթերը։ Գյուղատնտեսության բնագավառի հաջողությունների մասին Հրազդանի Կաքավաձոր թաղամասում (իրականում դա գյուղ է) խմելու ջուր չկա։ Մարդիկ օգտվում են ջրհորներից, որոնց ջուրը պիտանի է, թե ոչ՝ հայտնի չէ։ Համենայնդեպս գյուղում դեղնախտի համաճարակ կա (56 հոգի), գրանցվել են նաեւ դեզինտերիայի դեպքեր։ Համաճարակի պատճառով թաղամասի մանկապարտեզը փակ է։ Չկա նաեւ ոռոգման ջուր։ Գյուղատնտեսական ողջ բերքը չորացել է։

Իշխանությունները պատճառաբանում են՝ ջրի վարձը չեն տալիս, դրա համար էլ ջուր չկա։ Գյուղացիները պատճառաբանում են՝ ջուր չկա, դրա համար էլ վարձը չեն տալիս։ Փաստն այն է, որ գյուղում համաճարակ կա։ Իսկ սերմնաբուծական կայանների մասին գյուղացիներից մեկն այդպես էլ ասաց՝ «իրենք ստեղծել են իրենց համար, մե՞զ ինչ»։ Բնակչության հիմնական զբաղմունքն, իհարկե, ամենեւին էլ քաղաքական պայքարը չէ։ Խոսակցության հիմնական թեման այն է, թե ով Ռուսաստանի որ մարզում է աշխատել անցյալ սեզոնին, եւ ով ուր է գնալու եկող տարի։ Ահա եւ ողջ «զբաղվածության պրոբլեմը»։

ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930