Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՐԵՓՈԽԻՉ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբեր 05,1998 00:00
samvel babayan

Սակայն ԼՂՀ պաշտպանության նախարարն առայժմ չի ցանկանում մանրանալ

-Հունիսի 5-ի ասուլիսում հայտնել էիք, որ եթե տեսնեք, թե Ձեր դիրքորոշումը եւ տնտեսական զարգացման հարցերում առաջարկները պաշտպանություն չեն գտնում՝ ապա ինքներդ արիություն կգտնեք պաշտոնաթող լինել։ Այն, որ հիմա շարունակում եք պաշտոնավարել՝ արդյոք նշանակո՞ւմ է, որ Դուք համաձայն եք իրականացվող քաղաքականությանը։

-Հայաստանո՞ւմ իրականացվող քաղաքականությունը նկատի ունեք, թե՞ Ղարաբաղում։

-Բնականաբար՝ Ղարաբաղում։

-Եթե միայն Ղարաբաղում՝ այո՛։

-Իսկ Հայաստանի հարցն ինչո՞ւ մեջտեղ բերեցիք։

-Ուղղակի ուզում էի ասել, որ եթե Ձեր հարցը վերաբերում է Հայաստանի տնտեսական շարունակվող վիճակին՝ իհարկե, համաձայն չեմ։

-Հետաքրքիր է, Հայաստանում իրականացվող քաղաքականության ինչի՞ հետ հատկապես համաձայն չեք։

-Չեմ ուզում մանրանալ: Դա իմ խնդիրը չէ։

-Շատ լավ։ Առիթն օգտագործելով, կուզենայի Բաբայան եղբայրներին վերաբերող մի լուր ճշտել։ Շատ է գրվում այն մասին, որ հիմնական ծխախոտ ներմուծողը Դուք եք։ Իրականությանը համապատասխանո՞ւմ է։

-Նախ, ոչ մի ժամանակ մենք ծխախոտով չենք զբաղվել։ Չենք էլ զբաղվելու։ Բոլորն էլ գիտեն դրա մասին։ Ուղղակի գիտեն, որ, ասենք, իմ մի ընկերուհին զբաղվում է ծխախոտի ներմուծմամբ։ Բայց դա դեռ Բաբայան Սամվելը չի՝ իմ ընկերուհին է։ Չեմ ուզում ասել՝ կոնկրետ ով է։ Իրենք գիտեն՝ ով է եւ կարող էին այդ մասին խոսել։ Սխալ եմ համարում, որ իմ ընկերների բիզնեսն ինձ վրա «գրեն»։ Հետո, կխնդրեի, որ շատ ուշադիր լինեք սեպտեմբերի 5-ից հետո, եւ ծխախոտի գործի իրականությունը կիմանաք։ Որոշակի փաստեր կհաղորդվեն Հայաստանի հեռուստատեսությամբ, թերթերով, թե ինչպես են թալանել «Հայծխախոտը» եւ ինչեր են կատարվել այդ գործարանում, մարդկանց են փողոցում թողել եւ այլն։ Ավելի պարզ առայժմ չեմ ուզում ասել, բայց եթե ստիպեն՝ իրականությունը կբացահայտենք։ Կարեն Բաբայանն էլ գործը դատարան կտա։

-Ինչպե՞ս եք ասում, որ ծխախոտով չեք զբաղվում, եթե Ձեր եղբորն է պատկանում «Հայծխախոտի» բաժնետոմսերի մի ստվար փաթեթ։

-Վերահսկիչ փաթեթը նրան չի պատկանում։ Բաժնետոմսերի որոշակի քանակ ունի, որոնք գնել է՝ իր իրավունքն է։ Եթե չեմ սխալվում, բոլորս էլ հայեր ենք եւ, եթե Կանադայի հայը կարող է Հայաստանում բաժնետոմսեր գնել…

-Խոսքը «Գրանդ Տոբակոյի» մասի՞ն է։

-Այո՛, եթե նրանք կարող են՝ ուրեմն ղարաբաղցին էլ կարող է առնել, ի՞նչ է պատահել։

-Շուտով Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններն են, եւ Ձեր եղբայրը կարծես թե հիմնական թեկնածուներից մեկն է։ Հույս ունեք, որ կհաղթի՞ եւ արդյոք աջակցո՞ւմ եք նրա ընտրարշավին։

-Իհարկե, փորձելու եմ աջակցել՝ իմ հնարավորությունների սահմաններում, իմ կապերով։ (Ստեփանակերտի շենքերի պատերին ամենուր առայժմ միայն Կարեն Բաբայանի քարոզչական պաստառներն էին փակցված։ Երթուղային տաքսիների վրա հատուկ ցուցանակներ էին փակցված «Ստեփանակերտցինե՛ր, մեր ձայները տանք Կարեն Բաբայանին» մակագրությամբ,- Ա. Ի.)։ Բայց դա այնուամենայնիվ այն հարցն է, որ ժողովուրդն է որոշելու՝ նա՞ կլինի քաղաքապետը, թե՞ չէ։ Մի բան էլ կարող եմ պարզ ասել, որ դրանք լինելու են արդար ընտրություններ, որ իմանան՝ Բաբայանները Ղարաբաղում ոչ թե թալանչիներ են, այլ մարդիկ ընդունում են նրանց։ Թե ինչքանով են ընդունում՝ այդ ընտրությունների վերջում կերեւա։ Ես գտնում եմ, որ ոչ միայն Կարեն Բաբայանին են ձայն տալու, այլ նաեւ Սամվել Բաբայանին։ Եվ նրա հավաքած ձայների տոկոսից կերեւա, թե Ղարաբաղում իրոք ինչքան մարդ է ընդունում ինձ՝ ինչքանը չի ընդունում։

-Եվ Ձեր դիրքերն առավել կամրանան՝ այդպես չէ՞, եթե Ձեր եղբայրը նաեւ Ստեփանակերտը ղեկավարի։

-Այդպես չեմ գտնում։ Եթե նա ՆԳ նախարար է եղել եւ կամավոր, սեփական դիմումի համաձայն հրաժարվել է…

-Կարծեմ թե Ձեր խնդրանքով էր հունիսի 4-ին Կարեն Բաբայանը հրաժարվել այդ պաշտոնից։

-Այո, իմ խնդրանքով էր, ես այդպիսով ցանկացա բացատրել, որ մեզանից ոչ մեկն իշխանության չի «վազում», եւ դա ուժային նախարարների հարց չէր։ Այսպիսով ուզեցի նաեւ ցույց տալ, որ մենք ուժային մեթոդներով, այդ դիրքերից չենք հարցեր լուծում։

-Ձեզ Ղարաբաղում գրեթե անսահմանափակ իշխանություն էր վերագրվում մինչեւ կադրային վերջին փոփոխությունները։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ գնահատականին։

-Անսահմանափակ իշխանություն չի լինում՝ սա մեկ։ Երկրորդը։ Իհարկե, իշխանություն ունեմ, բայց չգիտեմ՝ երեւի դա հարգելու նշան է կամ արածներիս փոխարեն է։ Չեմ կարող ինքս մեկնաբանել՝ կարելի է փողոցում մարդկանց հարցնել, նրանք ավելի լավ կիմանան։ Հետո, իմ իշխանությունն այդքան էլ անսահմանափակ չէ։ Ահագին սահմանափակ է։ Բայց ինչ իշխանություն ունեցել եմ նախկին նախագահի օրոք՝ նույնքան էլ ունեմ ներկա նախագահի օրոք՝ ոչ ավելի, ոչ պակաս։

-Իսկ ինչպիսի՞ն են ԼՂՀ նախկին նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ Ձեր փոխհարաբերություններն այսօր։ Ձեր հակասությունների առնչությամբ Հայաստանում բազմաթիվ ասեկոսեներ կան։

-Հը՛։ Չէ՛, չեմ ասի։ Նորմալ է։

-Չե՞ք ասի, թե՞ այնուամենայնիվ փոխհարաբերությունները նորմալ են։

-Չէի ասի, որ հակասություններ ունենք։ Կարող է տնտեսական մասով իրար ինչ-որ ճիշտ չենք հասկանում, բայց դա Ղարաբաղի ներքին, այլ ոչ թե ընդհանուր հարցեր են։ Որոշակի հակադրություններ չունենք։

-Կողմնակի՞ տպավորություն է, թե վարչապետի պաշտոնին Ձեր անցնելու հարցում Քոչարյանն էլ էր հակադրվում կամ, մեղմ ասած, չէր աջակցում։

-Չեմ ասի, թե հակադրվում էր։ Շատ պարզ խնդիր էր՝ պիտի երկու պաշտոնից մեկն ընտրվեր։ Եվ ես պիտի որոշեի՝ բանակո՞ւմ եմ մնում, թե՞ վարչապետ եմ դառնում։ Ինքս որոշում կայացրի։

-Այսինքն, եթե Դուք հրաժարվեիք նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնից՝ որեւէ առարկություն չէ՞ր լինի, որ Դուք դառնաք վարչապետ։

-Իհարկե չի լինի։ Ոչ մի ժամանակ։

-Ասուլիսում հայտարարել էիք, թե ցանկանում եք վարչապետ լինել եւ երբեք չեք թաքցրել այդ մտադրությունը։ Ճի՞շտ եմ մեջբերում։

-Ոչ թե չեմ թաքցրել, այլ՝ ոչ մի ժամանակ ես չեմ խուսափել պատասխանատվությունից։ Ես չէի ցանկանում վարչապետ դառնալ, որովհետեւ ուղղակի այդպես էի ուզում։ Ես տեսնում էի տնտեսական վիճակը, փորձում էի այն շտկել։ Բացատրում էի, որ եթե մարդ չունեք՝ ես կարող եմ այդ բեռն ինձ վրա վերցնել։ Ինձ թվաց, որ մարդ ճարել են, որն այդ բեռը վերցրել է։ Ես խնդիր չունեմ։

-Թվա՞ց, թե՞ հենց այդպես էլ կա։

-Ինձ թվում է, որ նորմալ է մինչեւ այսօր։ Ես չգիտեմ, թե հետո ինչ կլինի։

-Իսկ վարչապետի հետ Ձեր փոխհարաբերությունները նորմա՞լ են։

-Շատ նորմալ, ընկերական։

-Ապագայում Ձեր պաշտոնեական առաջընթացն ինչպե՞ս եք պատկերացնում։ Դարձյալ պատրա՞ստ եք պետք եղած դեպքում վարչապետի պաշտոնը ստանձնել, իսկ հետո գուցե նաեւ նախագահի՞ պատասխանատվությունը։

-Կարող եմ հստակ ասել, որ ոչ մի ժամանակ նախագահ չեմ լինելու։ Չեմ էլ առաջադրվելու։ Ինչ վերաբերում է վարչապետության խնդրին՝ եթե որեւիցե նախագահ առաջարկի եւ գտնի, որ ես դա կարող եմ անել՝ ուրիշ հարց է։ Չգիտեմ, թե տնտեսական ինչ վիճակում կարող ենք լինել 1-2 տարի հետո ու ինձ ինչ առաջարկ կարող է արվել։ Բայց։ Ոչ մի ժամանակ ես պաշտպանության նախարարությունը չեմ թողնելու։ Եթե կհամաձայնեն համատեղելուն՝ միայն այդ դեպքում։ Քանզի գտնում եմ, որ ես բանակում ավելի պետքական եմ, քան այսօր վարչապետի պաշտոնում։ Եթե իմանամ, որ վաղը խաղաղություն է հաստատվելու՝ մեծ հաճույքով տնտեսությամբ կզբաղվեմ։ Կրկնեմ, որ ես կարող էի այդ պաշտոնին անցնել, եթե բանակը թողնեի։ Եվ էլի, ես ուղղակի կարող եմ ամեն ինչից հրաժարվել։ Ո՞վ է ասել, թե միշտ պիտի ե՛ս լինեմ։

-Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք վերաբերվում այսօրինակ գնահատականներին, որ Ձեզ պես առաջնորդները 100 տարին մեկ են ծնվում։

-Չեմ կարող իմ մասին ինչ-որ բան ասել։ Իրոք դա ճիշտ արտահայտություն չէ՝ ես Ձեզ նման մի մարդ եմ, ոչ ավելին։ Ուղղակի ես գտնում եմ, որ կարելի է ավելի շատ անել ու պետք է անել այս ժողովրդի համար։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Հ. Գ. Փորձեցինք զրուցել նաեւ «նրա նման առաջնորդներ 100 տարին մեկ են ծնվում» արտահայտության հեղինակի՝ ԼՂՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանի հետ, որը ժամանակին ինքն էր լրագրողներին Ղարաբաղ հրավիրել։ Ի վերջո, նախ Ռոբերտ Քոչարյանն էր լրագրողներին առաջարկել զրուցել Մուրադ Պետրոսյանի հետ՝ խոստանալով, որ դա շատ հետաքրքիր կլինի։ Առայժմ զրուցել չստացվեց։ Սակայն պրն Պետրոսյանը խոստացավ, որ առաջիկա շաբաթում Երեւան կգա եւ բացառիկ հարցազրույց կտա «Առավոտին»։ Սրտատրոփ սպասում ենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930