Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՐՍԱՆԻՔ ԱԺ-ՈՒՄ

Սեպտեմբեր 05,1998 00:00
Azgayin joxov

Հավաքը, որ տեղի ունեցավ իբրեւ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի խորհրդակցություն, իմ լրագրողական պրակտիկայում երբեւէ նախադեպը չէր ունեցել։ Ընդհանուր վիճակը, ընթերցողից ներողություն խնդրելով պիտի ասեմ, 70-ական թվականների հարսանիք էր հիշեցնում։ Պատկերը մոտավորապես այնպիսին էր, երբ տարբեր շարքերով դրված սեղանների շուրջ նստածներն այնքան խմած են լինում, որ միմյանց չեն լսում ու խմում են միանգամայն տարբեր կենացներ։ Մեկը ասենք՝ զոքանչի, իսկ մյուսը՝ հարեւանների։ Առանց չափազանցության եմ ասում, որ ժամանակ առ ժամանակ բռնկվող ժխորը, իրոք, նման պատկերներ էր հիշեցնում։ Այդ վիճակն ուներ մի քանի առարկայական հիմք։ Նախ, կարծես, թամադայում էին երկու հոգի՝ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Մարտիրոսյանը՝ սեղանի մոտ նստած, եւ հանձնաժողովի փորձագետը՝ ամբիոնի մոտից։ Այս ամենի կողքին նկատելի էր եւս մեկ կարեւոր իրողություն։

Քննարկումներին ներկա էին հիմնականում ազնվագույն երկրապահներ։ Նկատի ունենք նրանց, ովքեր այդպիսին են եղել մինչեւ փետրվարյան իրադարձությունները։ Սա մեկ։ Եվ երկրորդ՝ հավաքույթի երկրապահական երանգն ապահովվում էր եւս մեկ իրողությամբ. ներկա էին Երեւան քաղաքի բոլոր զինկոմները (այդ դեպքում ինչո՞ւ ներկա չէին մարզերի ներկայացուցիչները), եւ ներկայացուցիչներ պաշտպանության նախարարությունից, սահմանապահ զորքերից ու հանրապետական զինկոմիսարիատից։ Այդ պայմաններում էր, որ նշյալ հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Մարտիրոսյանը սկսեց խորհրդակցությունը։ Նրա ներածական խոսքը, ըստ էության, ձեւակերպեց մեկ հիմնական ասելիք։ Վատ են աշխատել մյուս լրատվամիջոցները եւ լավ է աշխատել «Հայ զինվոր» թերթը։ Եվ գիտե՞ք ինչով, որովհետեւ հրապարակել է «Զինապարտության մասին» օրենքի նախագիծը։

Քննարկումների առաջին իսկ 10-15 րոպեն ցույց տվեց, որ նյութը հում է բազմաթիվ առումներով։ Փաստաթուղթը նույնիսկ կառուցվածքային փոփոխությունների ենթարկելու որոշ առաջարկություններ ներկայացրեցին զինկոմները։ Այս դեպքում շատ տեղին է հարցնել. այդ ինչպե՞ս պատահեց, որ այս նույն չմշակված փաստաթուղթը նախորդ տարվա ամռան սկզբին քննարկման նյութ դարձավ Ազգային ժողովում, ըստ էության, դրսեւորելով իշխանության ներսում առկա առաջին վիհը։ Վազգեն Սարգսյանն այն ժամանակ մի տեսակետ էր պաշտպանում, եւ միանգամայն տարբեր դիրքերից էր հանդես գալիս ԱԺ խոսնակ Բաբկեն Արարքցյանը։ Ինչեւիցե, եթե այս օրինագծի շուրջ քննարկումները դեռ նոր-նոր են թափ հավաքում, ապա, այն ժամանակ օրինագծի ընդունումն այնքան էլ հրատապ չէր, եւ պարզապես, իշխանության ներսում հերթական անհաշտությունը բորբոքելու նպատակ էր հետապնդում։

Ինչեւիցե, վերադառնանք երեկվա քննարկմանը։ Շատ բնական է, որ այստեղ գլխավոր դերերից մեկում ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Նազարյանն էր։ Հետաքրքիր խոսակցություն ծավալվեց նրա եւ զինկոմների միջեւ, հատկապես զինապարտություն հասկացության շուրջ։ Այստեղ փակագծում նշենք, որ զինկոմներից ոմանք, ինչպես հաճախ է պատահում վերադասի եւ ենթակաների հարաբերություններում, ամենայն ճշգրտությամբ յուրացրել էին Վազգեն Սարգսյանի խոսելաոճը։ Սակայն, առաջ անցնելով նշենք, որ դա ամենեւին էլ ազդեցիկ դեր չունեցավ։ Ասենք, այն փաստարկին, թե զորակոչիկը չի կարող զինապարտ համարվել, Վլադիմիր Նազարյանը կտրականապես չհամաձայնեց։

Իսկ երբ ասվեց, որ նման բացատրություն է տրված Աղայանի բառարանում, Վլադիմիր Նազարյանը ոտքի կանգնեց ու ամենայն հանդիսավորությամբ վկայեց, որ ինքը ակադեմիկոս չէ, այլ ընդամենն իրավագիտության դոկտոր, սակայն զինապարտության շնորհով քաղաքացին օժտվում է ծնվելու պահից իսկ։ Ասենք, որ նման պահերին դահլիճում երբեմն ժխորն այնքան էր շատանում, որ Ռազմիկ Մարտիրոսյանը երբեմնակի միջամտում էր, ասելով. «Թույլ տվեք, որ նիստը ես վարեմ»։ Նման դեպքերում շատ տեղին էին Վլադիմիր Նազարյանի ռեպլիկները։ Նա բարձրաձայնեց, թե «8 տարի է վարում եք, մի անգամ էլ ցանեք»։ Պատահեց նաեւ այնպես, որ զինապարտության օրենքի թիվ 10 հոդվածի 1-ին կետը Նազարյանը համարեց գովազդ։ Իսկ այն շարադրված է այսպես. «Արական սեռի այն քաղաքացիները, ովքեր ցանկություն են հայտնում սովորելու ռազմաուսումնական հաստատություններում, կարող են մինչեւ 18 տարին լրանալը… դիմել այդ հաստատություններ ընդունվելու համար»։

Նշյալ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետը, Վլադիմիր Նազարյանի բնորոշմամբ, հոյակապ արտոնություն է. «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն այն անձինք, որոնք զորակոչային տարիքը լրանալու պահին գտնվում են ազատազրկման վայրերում, ինչպես նաեւ նրանք, որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն (նախաքննություն, դատաքննություն), կամ ովքեր նախկինում դատապարտվել են ազատազրկման՝ ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար եւ հինգ տարուց ոչ պակաս պատիժը կրել են ազատազրկման ձեւով»։

Ձեւակերպումների բովանդակային անհեթեթությունն ի ցույց դնելու նազարյանական առաջին արձագանքն այսպիսին էր. «Բա ո՞նց անենք, որ մի հատ ծանոթ քննիչ ճարենք»։ Նա չհամաձայնեց նաեւ զինկոմների այն պնդմանը, թե բնակարանային վեճերի դեպքում զորակոչիկը պետք է տեղեկանք ստանա զինկոմիսարիատից։ Փաստարկն այն էր, որ չպետք է դիպչել սրբության սրբոցին՝ մարդու սեփականության իրավունքին եւ այլն։ Իսկ ընդմիջումից հետո Վլադիմիր Նազարյանը նիստին չէր մասնակցում եւ շատ բնական է, որ այն հետաքրքիր չէր։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930