Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրվա քննություններ

Սեպտեմբեր 04,1998 00:00
qnnutyun

Այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփելու եւ քննությունների հետ կապված որոշակի խնդիրներ քննարկելու նպատակով (համենայնդեպս, նախնական պայմանավորվածությունն այդպիսին էր եղել) Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանը եւ Գյումրիի քաղաքային ընդունող հանձնաժողովը սեպտեմբերի 2-ին Գյումրի էր հրավիրել կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին։

Գոմցյանական անակնկալ

Երբ հասանք Գյումրիի մանկավարժական ինստիտուտ՝ պատվիրակության համար անսպասելի, դիմավորեց տարածքային հեռուստաօպերատորների շքերթը։ Սակայն մեծ անակնկալը առջեւում էր, երբ մարզպետ Արարատ Գոմցյանը հայտարարեց, որ ոչ թե քաղաքային ընդունող հանձնաժողովի նիստ է լինելու, այլ հանդիպում ծնողների հետ։ Այս մասին տեղական հեռուստաընկերություններն անընդհատ հայտարարություններ են արել։ Սա էլ իբրեւ թե քիչ էր, Արարատ Գոմցյանն առաջարկում էր ոտքի վրա հանդիպման սցենար ներկայացնել։ Մի պահ ինձ թվաց, թե պատրաստվում ենք գնալ դիսկոտեկ կամ ներկայացման, միայն սցենարն է, որ պակասում է մեզ։

Ինչեւէ, սցենարի ոչ մի տարբերակ չանցավ, մանավանդ որ առաջարկող էլ չեղավ ու պարզապես կայացավ կրթության նախարարի հանդիպումը դիմորդների ծնողների հետ։ Ինձ հաջողվեց պարզել, որ երբեք, համենայնդեպս, վերջին 20 տարվա ընթացքում, սեպտեմբերի երկրորդ օրն իսկ, երբ ընդունելության քննությունների հետ կապված բազմաթիվ խնդիրներ քննարկման եւ լուծման պրոցեսի մեջ են, կրթության նախարարի հանդիպում ծնողների հետ՝ չի եղել։

Քննությունները թվերի տեսքով

Հանդիպման սկզբում կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ իր համար անսպասելի էր նմանատիպ հանդիպման կազմակերպումը, քանի որ մինչ այդ անհրաժեշտ էր քաղաքային ընդունող հանձնաժողովի հետ քննարկել թափուր տեղերի, դիմում-հայտերի փոփոխման եւ քննությունների հետ կապված մի շարք հարցեր։ Լ. Մկրտչյանն այն տեսակետը հայտնեց, ըստ որի, քննությունների անցկացման, կրթական մակարդակի այն չափանիշները, որոնք գործում են Երեւանում, չեն գործում հանրապետության մարզերում։ Նա տեղեկացրեց նաեւ, որ նկատի ունենալով երկրաշարժի 10-ամյակը, հանրապետական ընդունող հանձնաժողովը Գյումրիի դիմորդների համար մի շարք արտոնությունների է գնացել։

Մասնավորապես, դրական միավոր ստացած 150 դիմորդ բուհ ընդունվելու իրավունք է ստացել վճարովի տեղերի վերաբաշխման միջոցով, բացի այդ, Գյումրիի դիմորդները դիմում-հայտերի փոփոխության իրավունք են ստացել։ Իր խոսքում քաղաքային ընդունող հանձնաժողովի նախագահ Սամվել Մխիթարյանը նշեց, որ, վերը նշվածից բացի, քաղաքային ընդունող հանձնաժողովը հանրապետական ընդունող հանձնաժողովին նաեւ մեկ այլ առաջարկ է ներկայացրել. դրական գնահատականներ ստացած 10 դիմորդի, որոնք դիմում-հայտերում չեն նշել վճարովի ուսուցում այս կամ այն մասնագիտության գծով, նրանց թույլ կտրվի ընդգրկել վճարովի համակարգ։

Գյումրիի պետական բուհերի 1998թ. ընդունելության ծրագրով նախատեսված էր 629 տեղ (238 պետպատվեր, 391 վճարովի համակարգ)։ Կենտրոնացված կարգով հանձնվելիք 2928 դիմորդներից քննության է ներկայացել 2303 դիմորդ, քննությունների չի ներկայացել 626 դիմորդ։ Բացասական գնահատականներ է ստացել 626 դիմորդ, 16-18 միավոր՝ 361 դիմորդ։ Գրավոր քննություններին մասնակցած 1999 դիմորդից գանգատարկել է 337 դիմորդ, որից 269-ի գնահատականը չի փոխվել։ Փոփոխման ենթարկված 68 գնահատականներից բարձրացվել է ընդամենը 48-ը, իջեցվել՝ 20 գնահատական։ Այս ամենով հանդերձ, Գյումրիի պետական բուհերում նախատեսված 629 տեղից իրացվել է 597-ը, թափուր մնացել՝ 32 տեղ։

Դիմորդների ջարդ չի եղել

Մամուլի հրապարակումների համաձայն, այս տարի Գյումրիում քննությունները չափազանց խիստ են անցկացվել եւ կատարվել, այսպես ասած, դիմորդների ջարդ։ Այս հարցը պարզաբանելու համար դիմեցի Սամվել Մխիթարյանին։ Չհամաձայնելով այս մտքին, պարոն Մխիթարյանը նշեց. «Այս մեղադրանքները ես եւ քաղաքային ընդունող հանձնաժողովը չենք ընդունում, քանի որ քննությունների ողջ ընթացքը եւ գնահատումը կատարվել է հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից մշակված ընթացակարգի եւ գնահատման չափանիշների համաձայն։ Եթե մեր կողմից եղել է որեւէ վերաբերմունք, ապա բոլոր առարկայական հանձնաժողովներին խնդրվել է դրական-բացասականի շեմին մոտ գտնվող աշխատանքներին բարյացակամ վերաբերվել եւ դրական գնահատել։ Սա է եղել մեր միջամտությունը եւ այստեղ մենք օգնել ենք, ապա գնահատման չափանիշների մեջ առկա երկիմացությունները հաշվի առնելով, մեկ կամ երկու միավորի օգնություն արել, ասենք, ռեալ վեց միավորի աշխատանքը գնահատել ութ։ Եթե մենք մշակեինք այլ չափանիշներ, որպեսզի կտրվողներ քիչ լինեին, ապա ես չեմ կարող հավաստիացնել, որ այդ քննություններն օբյեկտիվ կանցնեին»։

Ինչ վերաբերում է գրավոր աշխատանքների ստուգման մեխանիզմին, պարոն Մխիթարյանը հայտնեց, որ դրանք կրկնակի ստուգման են ենթարկվել. նախ՝ աշխատանքները ստուգել են առարկայական հանձնաժողովները, ապա դրանց պատճենահանված տարբերակները (իհարկե, չստուգված) ստուգել են ուսուցիչներից կազմված անկախ հանձնաժողովները (որոնց կազմը, ըստ պարոն Մխիթարյանի, ամեն օր փոխվել է), այնուհետեւ նույն աշխատանքի երկու տարբեր արդյունքները համեմատվել։ Երեւանում կայացած քննությունների համեմատությամբ, պարոն Մխիթարյանը մի տարբերություն եւս նշեց. Գյումրիի քննությունների գանգատարկման ժամանակ դիմորդներին իրենց աշխատանքների պատճենահանված տարբերակները չեն տվել։ Հանդիպման ընթացքում, ինչպես եւ սպասվում էր, սկսվեց հարցերի տարափ։ Այդ հարցերը համակարգելով, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն առանձնացրեց խնդիրների 3 բլոկ։

Առաջինը՝ մասնագիտություններ կան, որոնց համար մեծ մրցույթ է լինում, մասնագիտություններ էլ կան, որոնք մի կերպ են պահվում։

Երկրորդը զոհված ազատամարտիկների եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնդիրն է։ Հայտնի է, որ այս տարի այդ կատեգորիայի համար արտոնություն էր տրված. դրական միավորի դեպքում մրցույթից դուրս ընդունվելու հնարավորություն։ Նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ այդ կատեգորիայի համար նախատեսվում է մշակել առանձին ծրագիր (ենթադրվում է նրանց համար բացել նախապատրաստական բաժին)։

Երրորդ՝ թափուր տեղերի խնդիրը, որի արդյունքում որոշ մասնագիտություններ փակման վտանգի տակ են, այն պետք է փորձեն լուծել վճարովի տեղերի վերաբաշխման միջոցով։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Գյումրի-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930