Շրջում ես Երեւանի փողոցներով ու մայթերին, շենքերի պատերի տակ, խաչմերուկներում տեսնում արկղեր, պարկեր, դույլեր եւ… ինչ պատահի։ Կատարվում է փողոցային առեւտուր, վաճառվում է ամեն ինչ։ Ճիշտ է, նոր քաղաքապետը խոստացել է, որ ինչ գնով էլ լինի, պետք է վերացնի փողոցային առեւտուրը, բայց դա հարցի լուծում չի։ Հազարավոր ընտանիքներ դրանով են ապրում. վերացնել այն՝ նշանակում է ավելացնել մուրացկանների եւ անչափահաս թափառականների թիվը։
Ինչո՞ւ այդ մարդիկ շուկա չեն մտնում։ Նախ, եթե բոլորը փորձեն շուկա մտնել, շուկաներում տեղ չի լինի եւ հետո, որ ամենակարեւորն է, իրենց ստացած շահույթով հազիվ կարողանան շուկայում տեղի վարձը տալ։ Լավ կլինի առանձին փողոցներում կամ մի քանի փողոցների համար արագ կառուցել պարզունակ հարմարություններ, ինչից հետո բոլորին պարտադրել այդտեղ կատարել առեւտուրը, իհարկե, սահմանելով այնքան չնչին վարձ, որ բոլորը սիրով տան։ Յուրաքանչյուր կրպակ, ինչ ձեւով էլ այն տեղադրված լինի, տարիներ շարունակ կերակրել է մի քանի ընտանիքների։ Դրանք հանել առանց նոր տեղեր տրամադրելու, կարծում եմ, անթույլատրելի է (ապացույցը՝ վերջերս Էրեբունի թանգարան տանող փողոցի միջադեպերը)։
Ժամանակն է զբաղվել այն ամենով, ինչը խաթարում է Երեւանի դեմքը։ Առաջին հերթին պետք է վերացնել գոնե այն թերությունները, որոնք մեծ ծախսերի հետ կապված չեն։ Մի՞թե մեծ ծախսերի հետ է կապված արգելել կանաչ տարածքները ոչնչացնելը, մայթերի եւ փողոցների առանձին մասերը սեփականաշնորհելը, ապօրինի շինարարություն կատարելը։ Անհրաժեշտ է նաեւ քաղաքի կենտրոնից հանել հեղուկ գազ վաճառող ավտոմեքենաները, որոնք պայթյունավտանգ են։ Շատ է խոսվել բենզինի լիցքավորման կետերը քաղաքի կենտրոնից հանելու մասին, բայց տարիներ են անցնում ու ոչինչ չի փոխվում (երեւի անհրաժեշտ են ողբերգական դեպքե՞ր)։ Պետք է գտնել ձեւեր մայրաքաղաքը գեղեցիկ ու մաքուր դարձնելու, բայց այդ չպետք է կատարել հազարավոր մարդկանց ապրելու հնարավորությունից զրկելով։
Իհարկե, խորհուրդ տալը ամենահեշտ գործն է, ժամանակն է բոլորի մեջ վերականգնել սակայն սեփական քաղաքի, փողոցի նկատմամբ սրտացավությունը, ինչը նաեւ մամուլի, ռադիոյի եւ հեռուստատեսության գործն է։
Կարդացեք նաև
ՎԱՉԻԿ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ