Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՂԱՆ, ՈՐ ՍԻՐՈՒՄ ԷՐ ՏՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՈՒ ԱՅԼԵՎՍ ՉՎԵՐԱԴԱՌՆԱԼ

Սեպտեմբեր 04,1998 00:00
antun

Խմբագրություն այցելած կենսաթոշակառու Լենա Հովակիմյանի կյանքի վերջին 10 տարիների պատմությունը քիչ լուսավոր կետեր ունի։ Դժվար էր ունկնդրել մորը, որ եկել էր բողոքելու որդուց։ Իսկ մի ամբողջ թղթապանակ կազմող փաստաթղթերը սեփական իրավունքները վերականգնել ցանկացող մարդու անզոր ճիգերի համր վկաններն էին, որ հաստատապես պիտի ավելանան, բազմապատկվեն, ինչպես հարյուրավոր այլ դեպքերում։

1987 թ. հունիսի 13-ին Լենա Հովակիմյանի որդին՝ 24-ամյա Հովհաննես Վարդանյանը տնից դուրս եկավ ու չվերադարձավ։ 2 օր անց տղայի հայրը ստիպված էր անձի որոնման մասին հայտարարություն անել Արաբկիրի ՆԳ բաժնին։ Որոշ ժամանակ անց հաջողվեց պարզել, որ որեւէ դժբախտ պատահար չի եղել. Հովհաննեսը ողջ ու առողջ հանգրվանել է իր մտերմուհի Նունուֆար Գրիգորյանի մոտ։ Ոստիկանությունում Նունուֆարը հայտնեց, որ սիրում են իրար, ու թեեւ ինքը երկու երեխաների մայր է, Հովհաննեսը պատրաստվում է ամուսնանալ իր հետ։

Ընտանեկան այս անսպասելի կապին կտրականապես դեմ էր տղայի հայրը՝ Խորհրդային շրջանի դատախազի տեղակալ Կառլ Վարդանյանը, որը պաշտոնի բերմամբ առնչվում էր գործին։ Հովհաննեսը տուն վերադարձավ օգոստոսին, քանի որ վատառողջ էր ու վիրահատման անհրաժեշտություն կար։ Կազդուրվելուց հետո նա նորից գնաց ու այլեւս չվերադարձավ։ Փոխարենը իրավապահ մարմինները սկսեցին նրանից բողոքներ ստանալ այն մասին, որ հայրը խոչընդոտում է իր ամուսնությանը։ Օրեր անց հայրը հանկարծամահ եղավ։

«Նեղացած» որդին այդպես էլ չեկավ հուղարկավորությանը։ «6 ամիս անց նա ինձնից բնակարան պահանջեց,- պատմում է Լենա Հովակիմյանը։ – Մենք 2 բնակարան ունեինք՝ մեկը ամուսնուս, մյուսը՝ ծնողներիս։ Երբ տղայիս տվյալ հասցեով գրանցել չեղավ, մենք կատարեցինք ազգակցական փոխանակություն՝ այդ օրվա հնարավորը։ Բնակարանների հասցեներն են Կոմիտասի 1 եւ Տիգրան Մեծի 12։ Երբ պահանջեց, ասացի՝ սիրով կբավարարեմ պահանջդ, եթե համաձայնես ապրել քո գրանցված տանը, իսկ տունը կկիսենք ու քեզ մի սենյակ կհասնի։ Ասաց՝ չէ, ես 2 սենյակ եմ ուզում։ Ու մի օր էլ դուռը ջարդում են, ներս են մտնում։ Հայտնեցինք միլիցիային, բայց նրանք անհետեւանք թողեցին։ Մեկ ամիս անց նրանք թողեցին-հեռացան՝ դատարկելով ամբողջ բնակարանը»։

Հոր մահից հետո Հովհաննեսին հաջողվել էր իր ամուսնությունը գրանցել զագսում։ Բայց նա նորից հայտնվեց 1991 թվին՝ մորը տեղեկացնելու, թե բաժանվել է։ Այս անգամ մայրը չընդունեց։ 3 տարի անց կրկին նույն պատճառաբանությամբ հայտնվեց հայրական տանը, սակայն շատ չանցած պարզվեց, որ ոչ միայն չի բաժանվել, այլեւ ամուսնացել է երկրորդ անգամ։

1995 թ. Լ. Հովակիմյանը փորձում է սեփականաշնորհել բնակարանը, քանի որ բոլոր փաստաթղթերն իր մոտ էին։ Այս անգամ էլ առարկում է ԲՇՏ-ի պետը՝ պատճառաբանելով, թե իր անունով բողոք կա որդու կնոջ կողմից։ «Մեր ԲՇՏ-ի պետի հոգածությամբ այդ կնոջը տրվել է 2 փաստաթուղթ, որ ինքը 1993 թ. տվյալ հասցեում հացի կտրոն է ստացել, եւ նաեւ զագսի թուղթը։ Սեփականաշնորհումը խթան դարձավ, որ նա բողոքի իմ դեմ»,- պատմում է Լ. Հովակիմյանը։

Եվ սկիզբ է առնում անվերջանալի երթեւեկը զանազան ատյաններ։ Նախ այցելում է տարածքը սպասարկող դատավորին։ Այստեղ խնդրում են անհոգ լինել՝ խոստանալով հարցը կարգավորել, բայց մեկ շաբաթ անց միանգամայն այլ տրամադրությամբ են ընդունում։ Հենց նույն օրերին Լ. Հովակիմյանի հետ հանդիպելու է գալիս Հովհաննեսի երկրորդ կինը՝ Մարգո Դավթյանը եւ հայտնում, թե որոնում է ամուսնուն, որը տնից դուրս է եկել ու այլեւս չի վերադարձել։

«Մի քսան օր գնաց-եկավ, թե Հովիկը չկա, մի օր էլ եկավ, թե՝ գիտե՞ք, ձեր տղային ծեծել են, այժմ նա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Իսկ մենք Արտաշատ քաղաքում գնել ենք 2 սենյականոց բնակարան Բելինսկի 32 հասցեում։ Ձեզ հետ տան որեւէ խնդիր չունենք, ուղղակի ուզում ենք, որ տղան չգա դատարան, դուք գնացեք, այդ պատասխանատվությունը ձեզ վրա վերցրեք, որպեսզի Հովիկին հետագայում այդ տան համար վնաս չպատճառեն»,- պատմում է մայրը։ Ստիպված Լենա Հովակիմյանը 1995 թ. օգոստոսի 23-ին գնում է դատարան որդու առաջին կնոջը վտարելու հայցով։ Դատական պրոցեսը տեւում է մի քանի ամիս։

Նոյեմբերի 18-ին ուր որ է հրապարակելու էին վճիռը, երբ հանկարծ Նունուֆար Գրիգորյանի փաստաբանը ինչ-ինչ պատճառաբանություններով լքում է դահլիճը, նիստը հետաձգվում է, այնուհետեւ դեպքերը զարգանում են այնպես, որ այդ հարցին վերադառնում են միայն հաջորդ տարվա մայիսին։

Լ. Հովակիմյանը գնում է հանրապետական դատախազության վերահսկողական բաժնի պետ Լ. Ավետիսյանի մոտ։ Այստեղ տեղեկացնում են, թե Ն. Գրիգորյանն իր հայցը հետ է վերցրել։ Բայց մնում էր վտարման հայցը։ «Հետո պարզվեց, որ ոչ էլ հայցադիմումը հետ է վերցրել, այլ արխիվում նետված է։ Ինձ նորից 6 ամիս տարան-բերեցին։ Մինչ այդ տղայիս երկրորդ կինը երկու ամսական երեխան գրկին եկավ, շանտաժով ներս խցկվեց ու մինչեւ օրս այդ տանը մարդասպանություն է…

Ես 3 ու կես տարի դատարաններ եմ գնում, ոչ նրանք են ինձ խղճում, ոչ տղաս, ոչ նրա 2 կանայք… Ինձ սկսեցին ծեծել։ Միլիցիան այդ մասին միշտ տեղյակ է եղել, բայց ոչինչ չի ձեռնարկել։ Երբ դիմում եմ, ասում են՝ ոչ մի հայտարարություն չկա։ Ինչպե՞ս կարող է չլինել, երբ տեսուչ Հակոբ Հակոբյանը ամբողջ 8 ամիս զբաղվել է այդ գործով։ Փաստորեն փաստաթղթերը մեջտեղից հանել են, որովհետեւ որդուս երկրորդ կինը միլիցիայի ենթասպա է»,- շարունակում է պատմել Լենա Հովակիմյանը՝ մեկիկ-մեկիկ ցույց տալով խնդրին առնչվող գրությունները, «Արմենիա» ՀԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի մասնագետների եզրակացությունը իրեն գանգուղեղի ցնցում ախտորոշումով այստեղ տեղափոխելու մասին եւ այլն։ «Դատարանը մի կողմից է ձգձգում ժամանակ շահելու համար, սրանք էլ մյուս կողմից են խանգարում…

Մի շարք հասցեներով դիմումներ ունեմ, որոնց պատասխանել են, թե պիտի զբաղվեն։ Ոչ էլ զբաղվում են։ Օդում է մնում։ 2 դիմում քաղաքի դատախազին եմ տվել, 3 դիմում՝ ՆԳ նախարարին, հանրապետության դատախազին եմ դիմել։ Ոչ մի արդյունք»։ Լենա Հովակիմյանի այսօրվա իրավիճակը առավել քան աննախանձելի է։ Մի տունը հատկացրել են որդուն, կանանցից մեկին ու երեխաներին, մյուս տանն էլ՝ մյուս կինն է։ Ու երկու տուն ունեցող Հովակիմյանը հիմա հայտնվել է փողոցում։ Գիշերում է օրը մի բարեկամի տանը, աշխատանք չունի, միջոցներ՝ նույնպես։ Ու հույս էլ չունի, թե ի վերջո մեկն ու մեկը կլսի, կհավատա եւ կօգնի իրեն՝ վերագտնելու կորցրածը։ Ոչ միայն կորցրած տունը, այլեւ հույսը։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930