Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՏՔԴ ԳՆԱԾԴ ԿՈՇԻԿԻ ՉԱՓՈՎ ՄԵԿՆԻՐ

Սեպտեմբեր 04,1998 00:00
koshik

Կոշիկի ընտրություն անելը Հայաստանում, մասնավորապես՝ Երեւանում, երբեք էլ բարդությունների հետ կապված չի եղել։ Դեռեւս 80-ականների սկզբին Հայաստանն արտադրել է տարեկան 18-19 մլն զույգ կոշիկ։ Արտադրանքի 60-80 տոկոսը արտահանվել է հիմնականում ԱՊՀ եւ նախկին սոցճամբարի երկրներ։ 90-ականներին կոշիկի արտադրության ծավալները (թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորում) աճեցին։ Սակայն արտադրության քանակը զգալիորեն հարվածեց արտադրանքի որակին անորակ արտադրանքը կրճատեց թե՛ արտահանման ծավալները, թե՛ պահանջարկը՝ անգամ ներքին շուկայում։ Բնականաբար, յուրաքանչյուր բակում բացվեց կոշկակարի կրպակ։

Հայաստան սկսեց մեծ խմբաքանակով ներմուծվել արտասահմանյան կոշկեղեն, որն իր որակով թերեւս զիջում է մեր արտադրանքին, սակայն կոշիկի նորաձեւ (թող որ անորակ) մոդելները մեծ պահանջարկ գտան։ Քիչ-քիչ, սակայն, արտասահմանյան որակի միֆը ցրվեց. մշակված ստվարաթղթե ներբաններով այդ կոշիկները (խոսքը արտասահմանյան ֆիրմաների թանկարժեք կոշիկների մասին չէ) ոչ միայն չդիմացան մրցակցությանը, այլեւ թույլ անձրեւին։ Տեղական արտադրության կաշվե կոշիկները, հատկապես պատճենված արտասահմանյան ժամանակակից եւ ճաշակով մոդելներից, «պադոշե» ամուր ու դիմացկուն ներբաններով, անհամեմատ էժան են նստում գնորդի վրա եւ 2-3 սեզոն դիմանում են։

Հայկական արտադրության կոշիկի պահանջարկ արտասահմանում այսօր էլ կա։ Այդ մասին խոսում են ՀՀ մաքսային վարչության տվյալները։ 1998-ի երկրորդ եռամսյակում Հայաստանից արտահանվել է 9 միլիոն 618 հազար դրամի կոշիկ։ (Կոշիկի հումքը, թեեւ, ներմուծվում է արտասահմանից)։ Նույն ժամանակահատվածում ներմուծվել է 11 մլն 507 հազար դրամի կոշիկ (առաջին եռամսյակի 4 միլիոն 75 հազարի դիմաց)։ Երեւանում բացված հատուկ կոշիկի խանութները, որոնք ներկայացնում են արտասահմանյան հայտնի ֆիրմաների արտադրանքը, ունեն իրենց գնորդները։ Այստեղ վաճառվող կոշիկների նվազագույն արժեքը 120 դոլար է, իսկ ամենաթանկ կոշիկն արժե 250-300 դոլար։ Սրանք մոդայիկ կոշիկներ են, հատկապես՝ կանանց համար նախատեսվածները։ Ուստի հաջորդ տարի պչրուհիները այդ կոշիկները չեն հագնում, քանի որ այն արդեն նորաձեւ չեն լինում։

Հայաստանում միջին քաղաքացին կոշիկը գնում է 2-3 սեզոն հագնելու հեռանկարով եւ կոշիկի խիստ ժամանակակից լինելը այդքան էլ հաշվի չի առնում։ Այս սեզոնում խիստ մոդայիկ են կանանց համար «շպիլկա» բարձրակրունկ կաշվե կոշիկները, կոկորդիլոսի, խոզի ու օձի կաշվից պատրաստված զուսպ ու ճաշակով, քուղերով՝ տղամարդկանց կոշիկները։ Քանի որ հայ տղամարդկանց մեծ մասն աչքի է ընկնում ժուժկալությամբ եւ նորաձեւությանն այնքան էլ տեղ չի տալիս, ուստի այս խանութներից օգտվում են հիմնականում պատգամավորները, բիզնեսմենները։ Կանանց կոշիկները գնում են, համապատասխանաբար պատգամավորուհիները, պատգամավորների եւ գործարարների կանայք։ Նրանց հիասթափեցնելու համար ասեմ, որ 200-300 դոլար արժեցող կոշիկները արտասահմանում չեն համարվում լավագույնները։

Հանրահայտ ֆիրմաների արտադրած 1 զույգ կոշիկը գնվում է 1500-2000 դոլարով։ Միջին խավը (թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ) իրենց հագուկապը, նաեւ կոշկեղենը գնում են տոնավաճառներից, ուր, անխոս, գերակշռում է տեղական արտադրանքը՝ արտասահմանյան պիտակներով։ Կոշիկներն այստեղ թանկ չեն, բայց նվազագույնը 2 սեզոն յոլա են տանում։ Հայ արտադրողներն իրենց ապրանքը շուկա հանելու համար արդեն սկսել են աշխատել թե՛ որակի, թե՛ ձեւի վրա։

Արտասահմանյան նորաձեւության վերջին ճիչ կոշիկների մոդելները ամեն տոնավաճառում էլ կան, բայց տեղ-տեղ՝ հայկական վարիացիաներով։ Եթե ընդունենք, որ հայ ենք, ապրում ենք Հայաստանում, աշխատավարձ ենք ստանում Հայաստանի բյուջեից, տրամաբանական կլինի հագնել նաեւ հայ արտադրողի կարած կոշիկները, որոնք թե՛ մեր գրպանին ու ճաշակին են հարմար, եւ թե՛ խթանում են մեր տնտեսության գոնե այս ոլորտի զարգացմանը։ Ցավոք, մեր պաշտոնյաների հայրենասիրությունը առայժմ սահմանափակվում է հայրենական արտադրության ծխախոտ ծխելով միայն։ Հուսով ենք՝ կգա մի օր, երբ վարչապետը, վատթարագույն դեպքում նախարարները, կգովազդեն հայրենական արտադրության ոչ միայն կոշիկները այլեւ կոստյումներն ու փողկապները։

Բայց տեղական արտադրողը դժգոհ է

Թվում է, որ մեր կոշիկ արտադրողները գոնե մե՛ր շուկայում մրցունակ են, սակայն, օրինակ, «Լյուքս» եւ «Վան» կոշիկի արտադրությամբ զբաղվող ֆիրմաների տնօրենները դժգոհ են, որ իրենց արտադրած կոշիկները որակյալ են եւ, հետեւաբար, ավելի թանկ ներմուծվող «շիրպատրեբ» անորակ կոշիկներից, ուստիեւ՝ ոչ մրցունակ։ Նաեւ պարզվում է, որ ժամանակին մանկական կոշիկ արտադրելու հատուկ իրավունք էր անհրաժեշտ. կոշիկը պետք է կարված լիներ մաքուր կաշվից, հակառակ դեպքում երեխաների ոտքերի որոշ հիվանդությունների պատճառ կարող էր դառնալ։ Այսօր ոչ մի նման չափանիշ չի գործում։

Իսկ տեղական թե՛ մանկական, թե՛ մեծի կոշիկ արտադրող ֆիրմաները դժգոհելու շատ տեղ պիտի որ չունենան, քանի որ ոչ մի տեղական կոշիկի ներբանի տակ հայատառ եւ ոչ մի նշում չկա։ Փոխարենը իտալական բարձրորակ կոշիկի իմիտացիա ստեղծելու եւ կոշիկի գինը բարձրացնելու նպատակով բազմաթիվ հնարքների են դիմում։ Հայկական արտադրության կոշիկը՝ հայատառ նշումով, դժվար թե գնորդին վանի։ Թերեւս՝ հակառակը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. ՀՀ նախագահի նախընտրած կոշիկի ֆիրման ճշտել չհաջողվեց. նրա լրատվական ծառայության աշխատակիցները երբեք նախագահի ոտքերին չեն նայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930