Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ առեղծվածային «Հրազդանմաշը»

Սեպտեմբեր 04,1998 00:00
hrazdan

«Հրազդանմաշը» մեկն է հանրապետության արդյունաբերական այն ձեռնարկություններից, որոնց անունն այս կամ այն կերպ կապված է ռազմարդյունաբերական համալիրի հետ եւ պատված է գաղտնիության շղարշով, թեեւ դա զուտ հայկական գաղտնիություն է՝ մեծից փոքր բոլորը գիտեն, թե ինչ է արտադրվել այնտեղ նախկինում, եւ ինչ է արտադրվում (ավելի ճիշտ՝ չի արտադրվում) հիմա։ Այնուամենայնիվ, որոշեցինք ինքներս լինել գործարանում եւ տեսնել, թե ինչն ինչոց է, մանավանդ որ լսել էինք, թե Թելման Տեր-Պետրոսյանի տնօրինության օրոք գործարանը համեմատաբար նորմալ աշխատում էր, հետագայում Աշոտ Սաֆարյանի օրոք մի լավ քանդվել էր, իսկ ներկայիս տնօրենը փորձում է «էշը ցեխից հանել»։

Ստացվո՞ւմ է, թե՞ ոչ՝ այդպես էլ չկարողացանք պարզել։ Գործարանի ղեկավարներից ոչ մեկը տեղում չէր, եւ ոչ մեկը չգիտեր, թե ուր են գնացել (նման գաղտնապահությունն, անկասկած, պատիվ կբերեր ցանկացած պարտիզանի, թեեւ հետագայում քաղաքային ավտոբուսներից մեկի վարորդից տեղեկացանք, որ ղեկավարությունն այդ օրը մեկնել է Երեւան՝ չինական պատվիրակության հետ պայմանագիր ստորագրելու)։ Գործարանում գտնվող միակ ղեկավարը՝ գլխավոր ինժեները, այդպես էլ չցանկացավ մեզ հետ խոսել նույնիսկ հեռախոսով, իսկ ղեկավարներից մեկի քարտուղարուհին (միակ պաշտոնատար անձը) սառցային ձայնով տեղեկացրեց, թե մենք պետք է նախնական պայմանավորվածություն ունենայինք։

Գործարանն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ

Սա, թերեւս, ամենադժվար հարցն է։ Ըստ Հրազդանի քաղաքապետի, ընդհանրապես գործարանը չի աշխատում, բայց մեկ-երկու արտադրամասեր աշխատում են։ Ինչ վերաբերում է գործարանի աշխատողներին, ապա «աշխատո՞ւմ է, թե՞ ոչ» հարցին նրանք տարբեր կերպ էին պատասխանում՝ կախված պաշտոնից։ Նա, ով գոնե մի փոքրիկ պաշտոն ուներ (ցեխի վարպետ, արտադրության պետ եւ այլն), պնդում էր, որ գործարանն աշխատում է, աշխատավարձ էլ ստանում են։ Շարքային աշխատողները (պետերի հեռանալուց հետո) տեղեկացնում էին, որ իրենց աշխատավարձը 8-10 հազար դրամ է, այն էլ արդեն վեց-յոթ ամիս է, չեն ստանում։ Պատճառը՝ «շեֆերն ասում են փող չկա»։ Ասում են նաեւ, թե գործարանն արտադրում էր մուլտիկուլտիվատորներ, բայց արտադրելուց հետո պարզվել է, որ դրանք մեր լեռնային քարքարոտ հողերի համար պիտանի չեն (ի դեպ, չինացիների հետ ստորագրվելիք պայմանագիրն էլ դրանց համատեղ արտադրության մասին է)։

Իսկ ամենահետաքրքիր միտքը, թերեւս, այն էր, որ գործարանի արտադրանքի ծավալները շատ փոքր են, եւ ստացված միջոցները հազիվ ադմինիստրացիային են պահում։

Լրտեսական կրքեր

Գործարանը կապ ունի ռազմարդյունաբերական համալիրի հետ, եւ երեւի բնական է, որ ձայնագրիչի միայն տեսքից զրուցակիցներս միանգամից լռակյաց էին դառնում։ Բանը հասավ այնտեղ, որ երբ պահակային սենյակում աշխատողներից մեկի հետ զրուցում էի գործարանի հետ կապ չունեցող թեմաներով (գործարանի մասին խոսել չցանկացավ), որտեղից որտեղ հնչեց հեռախոսազանգը, եւ… «էդ ի՞նչ ինտերվյու-մինտերվյու են տալիս»։

Զրուցակիցս գույնը գցեց, եւ մեր խոսակցությունն ավարտվեց։ Ավելի խոսքաշատ էր գործարանի մուտքի մոտ արեւածաղիկ վաճառող կինը, որը հայտարարեց, թե ինքը տասնութ տարի աշխատել է գործարանում, իսկ հիմա փողոցում է հայտնվել եւ հացի փող չունի, մինչդեռ գործարանի ղեկավարները թալանել եւ թալանում են։ Հետաքրքիրն այն է, որ քիչ անց գործարանի միջին օղակի ղեկավարներից մեկը տեղեկացրեց, թե այդ կինը երբեւէ գործարանում չի աշխատել։ Ճիշտ եւ ճիշտ լավագույն դետեկտիվների ոճով։ Իսկ Չինաստանի հետ պայմանագիրն, անկասկած, կգործի։ Փոխայցելություններ էլ հաստատ կլինեն։ Բա ո՞նց։ Իսկ գործարանն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ՝ պետական գաղտնիք է։ Համենայնդեպս՝ մեզ համար։

ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930